Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ամբաստանյալը Կտակարանը ձեռքին բղավում էր՝ անմեղ եմ

Մարտ 24,2012 13:21

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ երեկ շարունակվեց դատական վիճաբանությունների փուլը:

Հայրենիքի դավաճանությանն աջակցելու համար մեղադրանք է առաջադրվել Կարեն Մեհրաբյանին, Ռոմիկ Մաթեւոսյանին, Աշոտ Չտրկյանին, Կարեն Պետրոսյանին, Արթուր եւ Դավիթ Ավետիքյաններին:

Կ. Մեհրաբյանը, ըստ մեղադրանքի, անցյալ տարվա սկզբներին գտնվելով Թուրքիայում՝ ընկել է այդ երկրում գործունեություն ծավալած Ադրբեջանի հետախուզական ծառայությունների տեսադաշտը եւ այդ ծառայությունների աշխատակցի կողմից ստացել առաջարկ՝ համապատասխան վարձատրության դիմաց համագործակցել նրանց հետ: Հավաքագրվելով հետախուզական ծառայությունների աշխատակիցը հանդիսացող Տիգրան եւ Վարդան անուններով անձնավորությունների կողմից՝ Կարեն Մեհրաբյանը ստացել է կոնկրետ գրավոր առաջադրանքներ ԼՂՀ ՊԲ վերաբերյալ տեղեկություններ ձեռք բերելու ուղղությամբ, այդ թվում` ՊԲ անձնակազմի, զենքի, զինամթերքի եւ զինտեխնիկայի քանակի եւ տեսակի, զորամասերի եւ դրանց հրամանատարական կազմի, պաշտպանական շրջանների, ինժեներական կառույցների, սարքերի եւ սարքավորումների վերաբերյալ: Վերադառնալով Հայաստան` ձեռնամուխ է եղել այդպիսի տեղեկություններ հավաքելուն, փորձել է ծանոթություններ հաստատել իրավասու անձանց հետ եւ գործընթացին ներգրավել ՀՀ ՊՆ աշխատակիցների ու ԼՂՀ քաղաքացիների եւ հավաքած տեղեկատվությունը 2011թ. հուլիսի 23-ին փորձել տանել Թուրքիա, սակայն հայ-վրացական սահմանը հատելու պահին բռնվել է ՀՀ ԱԱԾ կողմից, այսինքն՝ աշխատակիցների լրտեսության ձեւով պետական դավաճանության մեջ:

Երեկ ամբաստանյալ Կարեն Պետրոսյանի պաշտպան Հարություն Բաղդասարյանն ասաց, որ նախաքննական մարմնի ճնշման տակ Կարենն ինքն իր դեմ ցուցմունք է տվել:

Նա ասաց, որ հայրենիքի նկատմամբ ունեցած սերն ի ծնե է լինում, եւ չի կարող մարդը 30 տարեկանում մեկեն դավաճան դառնալ:

Նա անդրադարձավ նաեւ օժանդակության համար մեղադրվող Աշոտ Չտրկյանին էլ, որը, ըստ գործի նյութերի, ընկերոջ՝ Կ. Մեհրաբյանի առաջարկով մեկնել է Թուրքիա, վերջինիս միջոցով ծանոթացել այդ երկրում գործունեություն ծավալած Ադրբեջանի հետախուզական ծառայությունների աշխատակիցը հանդիսացող Տիգրան եւ Սայիդ անուններով անձնավորությունների հետ եւ տեղեկանալով, որ Կ. Մեհրաբյանը վարձատրության դիմաց աշխատում է նրանց գաղտնի առաջադրանքներով՝ «հնարավորինս օժանդակել է» Կ. Մեհրաբյանի կողմից այդ առաջադրանքների կատարմանը: «Եթե Աշոտը իմանար իր կատարած գործողությունների մասին, ապա նա գումար կպահանջեր: Մինչդեռ նա ոչ միայն տեղյակ չի եղել կատարվածին, այլեւ երբ ձերբակալել են, նրան անգամ չեն խուզարկել, նրա մոտից ոչինչ չի հայտնաբերված»,- ասաց պաշտպանը:

Ըստ պաշտպանի՝ Ա. Չտրկյանի նկատմամբ կանխակալ վերաբերմունք է եղել: Նա խնդրեց, որպեսզի դատարանը կայացնի համոզիչ դատավճիռ:

Երբ ամբաստանյալներին դատական նիստերի դահլիճից դուրս էին բերում, Աշոտը Կտակարանը ձեռքին դատախազ Արամ Ամիրզադյանին դիմեց. «Դուք պատասխան եք տալու: Ես արդար եմ եւ չեմ թողնի իմ անվան հետ խաղալ»:

Ռ. ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031