Լրահոս
Օրվա լրահոսը

249 ավտոբուսների հանձնման-ընդունման ակտը ստորագրվեց

Մարտ 24,2012 13:12

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ–ում ՉԺՀ դեսպանի ժամանակավոր հավատարմատար Չժաո Մինվենի հետ: Բարձր գնահատելով հայ-չինական հարաբերությունները՝ Երևանի քաղաքապետը շնորհակալություն է հայտնել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությանը և չին ժողովրդին՝ 249 ավտոբուսների նվիրատվության և աջակցության ծրագրի համար, նշելով, որ այն էապես կնպաստի Երևան քաղաքի տրանսպորտի համակարգի բարելավմանը:

       ՀՀ–ում ՉԺՀ դեսպանի ժամանակավոր հավատարմատարը, հատկանշելով տնտեսական-քաղաքական երկկողմ հարաբերությունների աճը վերահաստատել է, որ չինական կողմը պատրաստակամ է ամրապնդել  ու զարգացնել հարաբերությունները, և հավելել, որ աջակցության ծրագրերը լինելու են շարունակական: «Չինաստանի և Հայաստանի ղեկավարների լավ հարաբերությունները ապահովում ու ամրապնդում են երկու երկրների փոխհարաբերությունները»,- նշել է ՀՀ–ում ՉԺՀ դեսպանի ժամանակավոր հավատարմատարը: Բացի տնտեսական հարաբերություններից չինական կողմը ակնկալում է նաև մշակութային հարաբերությունների զարգացում: «Երևանի քաղաքապետարանը պատրաստակամ է լիազորությունների սահմաններում նպաստել և ընդառաջել բոլոր այն ծրագրերին, որոնք ուղղված կլինեն հայ-չինական մշակութային կապերի ընդլայնմանը»,- նշել է քաղաքապետը:

Այնուհետ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և ՀՀ–ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանի ժամանակավոր հավատարմատար Չժաո Մինվենը ստորագրել են ՉԺՀ-ի կառավարության դրամաշնորհներով Երևան համայնքին նվիրաբերած 249 ավտոբուսների հանձնման-ընդունման ակտը:

Ստորագրումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում քաղաքապետը մասնավորապես նշել է. «Ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել ՀՀ նախագահին, ում աջակցությամբ մենք կարողացանք ՉԺՀ-ի կառավարության դրամաշնորհով 249 ավտոբուսներ ներկրել Երևան համայնքի համար:

Արդեն մշակել ենք տրանսպորտի ոլորտի զարգացման նոր հայեցակարգ, որը փուլ առ փուլ իրականություն ենք դարձնում. մեր հիմնական նպատակն է միկրոավտոբուսներից անցնել ավտոբուսների: Մինչև տարեվերջ երթուղի են մտնելու ևս 250 նոր ավտոբուսներ: Մշակել ենք նոր երթուղային ցանց՝ հաշվի առելով նաև քաղաքացիների դժգոհություններն ու բողոքները: Համայքի կողմից սպասարկվող ավտոբուսներում կկիրառվեն նոր տեխնոլոգիաներ. նոր ավտոբուսներում տեղադրված են GPS սարքեր, որոնցով հնարավոր է արդյունավետորեն վերահսկել ամբողջ տրասպորտի համակարգը, ինչպես նաև դրանց միջոցով ու կանգառասրահներում տեղադրվող վահանակների միջոցով ուղևորները կարող են հետևել համաժամանակյա չվացուցակին, սպասարկող տրանսպորտի հաճախման ինտերվալներին: Նոր ավտոբուսներում նաև շարժական կապի WiFi  համակարգ է լինելու»:

Տարոն Մարգարյանը նաև հավելել է, որ մինչև տարեվերջ նոր ավտոբուսներից որոշները կկահավորվեն սայլակներով տեղաշարժվող ուղևորների ելումուտը ապահովող հատուկ սարքավորումներով:

Քաղաքապետարանի նախաձեռնությամբ մարտի 24-ին երթուղի դուրս եկած նոր ավտոբուսները ուղևորներին կսպասարկեն անվճար:

Երևանի քաղաքապետերանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապրի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031