Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժառանգությունը» հավակնում է կոալիցիայի չորրորդ անդամի տեղին

Մարտ 24,2012 13:08

«Ժառանգության» նախկին անդամը՝ «Ժառանգության» համամասնական եւ մեծամասնական առաջադրումների մասին:

«Ես գոհ լինելու կամ չլինելու մակարդակում երբեք հարցին չեմ նայել: Ինձ համար կարեւորը, որ ընդհանուր թիմը եւ քաղաքական թիմ կոչվածը լինի ներկայանալի, որին հանրությունը վստահի, որը լինի մրցունակ: Այդ առումով ինձ ՀԱԿ-ի համամասնական ցուցակը բավարարում է, եւ ես գոհ եմ ցուցակից, որովհետեւ ցուցակում ներկայացված են մարդիկ, ովքեր ունեն քաղաքական կշիռ, ովքեր անցած 4,5 տարիների ընթացքում ապացուցեցին իրենց սկզբունքայնությունը՝ հայտարարված, արդեն պայքարի որոշակի կարգախոս դարձած խնդիրների շուրջ համախմբվելու եւ դրանց լուծում տալու առումով»,- «Առավոտի» հարցին՝ գո՞հ եք ՀԱԿ-ի ցուցակում Ձեր զբաղեցրած տեղից, քանի որ դաշինքի համամասնական ցուցակը գաղտնազերծվեց վերջին վայրկյանին, եւ ցուցակի անդամներից շատերը լրագրողների հետ միաժամանակ իմացան, թե որ հորիզոնականներում են, ասաց ՀԱԿ անդամ, «Ժողովրդի իշխանություն» հասարակական-քաղաքական նախաձեռնության համակարգող Զոյա Թադեւոսյանը:

Հիշեցնենք, որ ՀԱԿ-ի ցուցակի 6-րդ տեղի համար շրջանառվում էին ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի, «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Մանուշակ Պետրոսյանի եւ Զոյա Թադեւոսյանի անունները: Արդյունքում համամասնական ցուցակի «առաջին տիկնոջ» տեղը բաժին հասավ ՍԴՀԿ ատենապետին: Զոյա Թադեւոսյանը զբաղեցնում է ՀԱԿ-ի ցուցակի 16-րդ տեղը, իսկ Մանուշակ Պետրոսյանը՝ 11-րդ:

Զոյա Թադեւոսյանը վստահում է ՀԱԿ-ի թիմին, հուսով է, որ առաջիկա ընտրություններում կկարողանան նաեւ հանրությանն ապացուցել, որ միակամ են, վճռական եւ լինելու են այս երկրում սահմանադրական կարգի վերականգնման հիմնական իրացնողները: Համեմատելով բոլոր կուսակցությունների «թոփ 20-յակները»՝ մեր զրուցակիցն իր համար պարզել է հանրությանն ուղղված «մեսիջները»: «Եթե ասում ես՝ «Հավատանք, որ փոխենք», ես կարծում եմ, որ հենց ցուցակից պետք էր սկսել հավատալու գործընթացը, որ մարդիկ նաեւ վստահ լինեն ու փոխվելու ակնկալիքներ ունենան»,- ասում է մեր զրուցակիցը՝ շարունակելով. «Հավատալու ցուցակ չէ: Ո՞ւմ հավատանք: Նույնիսկ անհարմար եմ զգում անդրադառնալ առանձին անունների, որոնց ոչ միայն չեմ հավատա, այլ նաեւ չեմ էլ ցանկանա այդպիսիք տեսնել խորհրդարանում, որովհետեւ խորհրդարանը շոուի վայր չէ: Խորհրդարանը պետք է վաղուց ապացուցած լիներ, որ հանրության ինտելեկտուալ հատվածի մի միավորում է, որը պիտի ժողովրդի վստահությունը շահած՝ առաքելություն իրականացնի, օրենքներ ու աշխատանքային կարգապահություն հրամցնելով՝ նպաստի երկրի զարգացմանը: Ես վստահ եմ, որ այդ ցուցակում այդպիսի մարդիկ չկան ներկայացված: ՀՀԿ-ի ցուցակը հավատալու, առավել եւս՝ վստահելու առիթ չի տալիս»:

«Առավոտի» դիտարկմանը, որ հիմնականում քննադատության թիրախ է դառնում ՀՀԿ-ի ցուցակը, ի՞նչ է՝ ԲՀԿ-ի եւ ՕԵԿ-ի ցուցակներն անթերի՞ են, տիկին Թադեւոսյանը նկատեց, որ դրանք նմանատիպ ցուցակներ են. «Առանձին-առանձին չեմ ցանկանում քննարկել, որովհետեւ դրանք կոալիցիայի մաս կազմող ուժեր են, եւ նրանք միասնաբար այս ժողովրդի դեմ կռիվ տալու գործելաոճ վաղուց են հաստատել: Մենք նրանցից յուրաքանչյուրին գիտենք, ընդ որում, այսօր՝ այս, վաղը՝ մեկ այլ ցուցակում: Այնպես որ, տարբերություն չկա: Դրանք միեւնույն թիմի տարբեր ցուցակներ են»:

«Առավոտը» հետաքրքրվեց նաեւ՝ ինչո՞ւ այս ընտրություններում հիմնական ընդդիմադիրների՝ ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» միջեւ կոնսենսուս չկայացավ գոնե մեծամասնական առաջադրումների մասով: Նկատենք, որ մի շարք մեծամասնական ընտրատարածքներում մրցելու են ՀԱԿ-ի, «Ժառանգության» եւ ՀՀԿ-ի կամ ԲՀԿ-ի թեկնածուները. ամենավառ օրինակը Մալաթիա-Սեբաստիա թաղամասն ընդգրկող թիվ 7 ընտրատարածքն է, որտեղ կմրցեն «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ՀԱԿ-ից՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանը եւ ՀՀԿ-ի կողմից առաջադրված, անկուսակցական գործարար Սամվել Ալեքսանյանը: Ինչո՞ւ իշխանությունները կարողացան պայմանավորվել, ընդդիմադիրները՝ ոչ, չի՞ ստացվում, որ իշխանական թեկնածուն ի սկզբանե շահած է, քանի որ ընդդիմադիրներն իրարից են «ձայն փախցնելու»: Տիկին Թադեւոսյանի պատասխանը եղավ. «Կոնսենսուսի պակասը ես դիտարկում եմ այսպես՝ եթե ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ ցուցակները միեւնույն թիմի երեք տարբեր ցուցակներ են, ձեր կողմից նշվածը հայտ է ներկայացրել չորրորդը լինելու: Այդ ցուցակում անուններ կան, որոնք դա ապացուցում են: Մենք յուրաքանչյուրի պատմությունը, բարեբախտաբար, շատ լավ գիտենք եւ վաղուց արդեն չենք հավատում ինչ-որ քողով ծածկված կեղծ խոստումների: Եվ թող չփորձեն այդ քողն էլ ավելի մթնեցնել, որպեսզի տակից չերեւա այն, ինչը որ կա իրականում: Մենք գիտենք յուրաքանչյուրին առանձին-առանձին եւ գիտենք բոլորին. ես գիտեմ բոլորին միասին, թիմով: Շատ լավ ենք ճանաչում, այլեւս չենք խաբվելու»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031