Թե իշխանության, թե ընդդիմության ներկայացուցիչներին որ հարցնես, նրանք քաղաքական եւ, մասնավորապես, նախընտրական պայքարի խոշոր ստրատեգներ են, ինչպես նաեւ տիրապետում են մարտավարական բոլոր նրբություններին: Բայց արի ու տես՝ այդ անկրկնելի «ասերը» չեն տիրապետում ոչ միայն «բարձրագույն պիլոտաժի» հնարքներին, այլեւ շատ տարրական ձեւով չեն հավաքում եւ չեն ամփոփում տեղեկատվությունը: Ընդ որում, խոսքը փոքրիկ Հայաստանի մասին է, որտեղ բոլորը բոլորին ճանաչում են, որտեղ կա ընդամենը մոտ 1900 ընտրական տեղամաս ու ընդամենը 90 համամասնական եւ 41 մեծամասնական տեղ: Նման պայմաններում ինչպե՞ս կարելի է, կոպիտ ասած, իրարից խաբար չլինել: Այլ կերպ ինչպե՞ս բացատրել, որ մեծամասնական 15 ընտրատարածքներում իշխանամետները, իսկ 10-ում՝ ընդդիմադիրները «կռիվ են տալու» իրար դեմ: Կամ՝ որ թիվ 19 եւ 22 ընտրատարածքներում իրար դեմ թեկնածություններ են դրել 3-ական ՀՀԿ-ականներ: Էլ չեմ ասում ՀՀԿ-ական եւ ԲՀԿ-ական «մեծամասնականների» մրցակցության մասին՝ որքան հիշում եմ, այդ երկու կուսակցությունները կոալիցիոն հուշագիր են ստորագրել:
Բայց իշխանական դաշտում կրկնակի (եռակի) ռեսուրս ծախսելն ու իրար դեմ աշխատելը այնքան վնասակար չէ այդ ճամբարի համար: Նախ՝ այնտեղ հավաքվել են ոչ աղքատ մարդիկ, եւ իրենց մրցակցությունն, ի վերջո, հանգեցնում է նրան, թե ով ավելի շատ փող կծախսի: Երկրորդ՝ այդ ճամբարն ընդհանրապես հսկայական «ֆորա» ունի՝ իր նյութական եւ վարչական ռեսուրսներով, այնպես որ՝ նրանց ներկայացուցիչները կարող են իրենց թույլ տալ իրար դեմ թեկնածություններ դնելու շռայլությունը:
Այլ հարց է ընդդիմադիր ուժերը, որոնց օգտին մարդիկ գալիս են քվեարկելու իրենց համոզմունքներից, ոչ թե նյութական շահագրգռությունից ելնելով: Եվ այստեղ առավել եւս տարօրինակ է, որ ՀԱԿ-ի, «Ժառանգության» եւ ՀՅԴ-ի միջեւ չկա տեղեկատվության տարրական փոխանակման մեխանիզմ, մասնավորապես՝ թե ով որտեղ է իր թեկնածությունը դնում: Ես, իհարկե, հավատում եմ Րաֆֆի Հովհաննիսյանին, երբ նա ասում է, թե չգիտեր, որ թիվ 7 ընտրատարածքում կա մեկ այլ հայտնի ընդդիմադիր թեկնածու, բայց տարօրինակը հենց դա է՝ ընդդիմադիր թեկնածուները պետք է նախօրոք միմյանց տեղեկացնեն իրենց մտադրությունների մասին: Իսկ ամենակարեւոր բանը, որը վաղուց պիտի անեին այդ երեք քաղաքական ուժերը, հետեւյալն է՝ հավաքվել եւ որոշել՝ ով որ ընտրատարածքում ունի այսինչ ուժեղ թեկնածուն, այսինչ պայքարող վստահված անձը եւ այսինչ պատրաստված դիտորդը, եւ նրանց բաշխել բոլոր տեղամասերով: Մեծ ստրատեգ պետք չէ լինել՝ այդքանը պայմանավորվելու համար: Չգիտեմ՝ այն, ինչ պետք էր անել առնվազն մեկ ամիս առաջ, հնարավո՞ր է անել այսօր:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ