Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդդիմության նվերն իշխանություններին

Մարտ 24,2012 11:19

Դեռ չի մեկնարկել պաշտոնական քարոզարշավն ու քաղաքական ուժերն ընդամենը նոր են հատել խորհրդարանի ընտրության առաջադրումների փուլը, բայց իրավիճակն արդեն հասցրել է հարստանալ երկու ընդդիմադիր ճամբարների՝ Հայ ազգային կոնգրեսի և Ժառանգության փոխհրաձգություններով: Իսկ պատճառը, ինչպես հայտնի է, այն է, որ թիվ 7 ընտրատարածքում Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանի առաջադրումից հետո առաջադրվեց նաև Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Ժառանգության առաջնորդը, ընդ որում՝ նույնիսկ իր կուսակիցների համար անակնկալ: Իհարկե, երեկ Հովհաննիսյանը հայտարարեց, որ ինքը Փաշինյանից հետո առաջադրվել է՝ չիմանալով Փաշինյանի առաջադրման մասին, բայց դա, իհարկե, այնքան էլ չմեղմեց այն փոխադարձ մեղադրանքների և վիրավորանքների տարափը, որ տեղում են կոնգրեսականներն ու ժառանգականները միմյանց հասցեին:

Կարելի է պատկերացնել, թե ինչպիսին կլինի այս երկու ճամբարների մրցակցությունը արդեն քարոզարշավի ընթացքում, երբ ավելի ու ավելի մոտենանք քվեարկությանը: Իշխանությունների համար առավել լավ նվեր այս երկու ընդդիմադիր ուժերն, իհարկե, չէին կարող մտածել: Ինչպես հայտնի ասույթում է, երբ «երկու շուն կռվում են՝ ճամփորդի գործն են հաջողում»: Ներկայումս ստացվում է հենց նման իրավիճակ, երբ կռվում են երկու ընդդիմադիր ուժեր, հաջողում է միայն իշխանությունը: Եվ, ըստ էության, կարևոր չէ, թե ով է առաջինը սկսել, ով է արձակել առաջին կրակոցն ու սկսել ճակատամարտը, որովհետև տուժողը, միևնույն է, լինելու են երկու կողմն էլ:

Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ առաջարկել է, որ ընդդիմադիրներով նստեն սեղանի շուրջ և պայմանավորվեն ամեն ընտրատարածքում մեկական թեկնածուի սատարելու մասին: Սակայն քիչ հավանական է, որ նման նախաձեռնություն ընդդիմադիր դաշտում լինի, որովհետև եթե ընդդիմադիրները ունակ էին նման համախմբման, ապա դա կանեին մինչև առաջադրումները, և չէր ստեղծվի այն տհաճ իրավիճակը, որից, եթե խոստովանենք, բավականին տհաճ հոտ է փչում ընդհանրապես:

Բանն այն է, որ ընդդիմադիր ուժերի ընտրական առաքելությունը երևի թե պետք է լիներ այն, որ նրանք որակ հաղորդեին նախընտրական դիսկուրսին և ձևավորելով համապատասխան հասարակական պահանջարկ` փորձեին ցույց տալ իշխանության սնանկությունը: Մինչդեռ այսօր, առայժմ, ընդդիմադիրներն իրենք իրենց են ցույց տալիս՝ հավասարվելով իշխանությունների պարզունակությանը:

Ավելին` իշխանությունները նույնիսկ մեկ քայլ առաջ անցան և կոալիցիայով հանդերձ փետրվարի 13-ին հայտարարեցին խաղի կանոնների և հանդուրժողական մրցակցության շուրջ պայմանավորվելու մասին: Իսկ ընդդիմադիր ուժերը առայժմ շարունակում են հայհոյել միմյանց և կազմաքանդել հասարակական կոնսոլիդացիայի վերջին հնարավորությունները:

«Ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031