Նախորդ ժամանակահատվածներում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների նախընտրական փուլերում եղել են այդ շրջաններին բնորոշ զանազան դրսեւորումներ, բայց չենք կարողանում մտաբերել գոնե մի դեպք, երբ համամասնական ցուցակների հրապարակմանը զուգընթաց շարունակվեր հրապարակային բողոքը:
2012-ի նախընտրական այս փուլը նախորդներից առանձնանում է աբիժնիկների առատությամբ, որոնք հերթով դուռը շրխկացնում են կուսակցական ղեկավարության երեսին ու հեռանում, կամ էլ խորապես հիասթափված հայտարարում, թե «նոր խորհրդարանը իր որակով էլ ավելի վատն է լինելու, մեզ արժանի խորհրդարան չի լինելու, ուրեմն պետք էլ չէր, որ մենք այնտեղ լինեինք»:
Ի դեպ, կուսակցությունների համամասնական ցուցակներում չընդգրկված մարդիկ նաեւ իրենց «քցված» են համարում: Այն էլ նկատենք, որ Հանրապետական կուսակցությունից ու ՀՅԴ-ից բացի, վերջին օրերին ընտրապայքարի մասնակից մյուս քաղաքական ուժերը «ըմոշխնեցին» ցուցակներում չընդգրկված բողոքավորների ու նեղացածների թուքումուրը:
Դեռ մինչեւ թեկնածուների առաջադրման մեկնարկը, ինչպես հայտնի է, ՀԱԿ-ին մաս կազմող չորս քաղաքական միավորներ հայտարարեցին, որ հրաժարվում են ընդգրկվել կոնգրեսի համամասնական ցուցակում։
Իսկ երեկ էլ հայտնի դարձավ, որ ՀԱԿ առաջնորդից նեղացել են նրա խնամին՝ Դավիթ Շահնազարյանը, եւ ՀԺԿ-ական Ֆելիքս Խաչատրյանը, քանի որ ցուցակում իրենց արժանի տեղ չի առաջարկվել, եւ նրանք էլ չեն ցանկացել ընդգրկվել ցուցակում:
Բայց ՀԱԿ-ի աբիժնիկների թիվը սրանով չի ավարտվում, եւ հավանաբար առաջիկայում նորերը ի հայտ կգան:
«Ժառանգության» համամասնական ցուցակի հրապարակումից հետո, ցուցակն անարդար համարելով, կուսակցությունից հեռացավ նրա քարտուղարը՝ Կարինե Հակոբյանը։ Իր դժգոհությունը չթաքրեց նաեւ պատգամավոր Լարիսա Ալավերդյանը, որը նույնպես շուտով ընդհանրապես կապերը կխզի «Ժառանգության» հետ, քանի որ Սլավոնական համալսարանում դասավանդելու առաջարկ է ստացել եւ ուրախությամբ ընդունել է այն:
«Ժառանգության» ցուցակում ներկայացված «Ազատ դեմոկրատներում» էլ կարծես խռովկանություն է նկատվում. մասնավորապես վիրավորված է Արարատ Զուրաբյանը, որն այդպես էլ չհաշտվելով ցուցակի ձեւավորման սկզբունքները հստակեցնող առաջարկի հետ, հրաժարվեց ընդգրկվել համատեղ ցուցակում:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությանն էլ չհաջողվեց ձեւավորել այնպիսի ցուցակ, որն ընդունելի կլիներ բոլորի համար: Այստեղ էլ նեղացածները քիչ չեն։ Ճիշտ է, պատգամավոր Վարդան Բոստանջյանը հայտարարություններ չի անում, բայց ակնհայտ է խուլ վրդովմունքն ու վիրավորանքը, քանզի հավանաբար, նրա համար անակնկալ էր ցուցակից իրեն «դուրս գրելու» կուսակցության որոշումը:
ԲՀԿ-ից նկատելիորեն խոցված են քաղաքագետներ Անդրանիկ Թեւանյանը եւ Երվանդ Բոզոյանը, նաեւ հեռուստալրագրող Պետրոս Ղազարյանը, որոնք ավելի քան համոզված էին, թե իրենց անունները լինելու են ցուցակում, սակայն դրա հրապարակումից հետո պարզվեց, որ անգամ վերջին տեղերում չկան:
Ո՞վ էր խոստացել նրանց ընդգրկել ցուցակում, ինչն էլ ակնհայտորեն ոգեւորել էր նրանց, այդպես էլ պարզ չդարձավ, քանի որ հավանական թեկնածուներից ոչ ոք առայժմ չի շտապում բացահայտել «ներքին պայմանավորվածությունները» եւ դրանք դրժելու «մեխանիզմները»։
Երեկ էլ ահա հերթական աբիժնիկի մասին լսեցինք, որին էլ «չի գնահատել» «Օրինաց երկիր» կուսակցությունը: ՕԵԿ մամուլի քարտուղար Սուսաննա Աբրահամյանը, չնայած տարիներ առաջ կուսակցությանն աննկատ անդամագրվելուն, հարազատ կառույցը լքեց աղմկալի հայտարարությամբ, նշելով, որ կուսակցական ղեկավարությունը չի գնահատել իր ավանդը, քանի որ իրեն որոշել է ընդգրկել ցուցակի հետին տեղերում։ Իսկ ինքը նման վերաբերմունք չէր սպասում, եւ իհարկե հրաժարվել է ընդգրկվել ցուցակում: Ինչից հետո էլ ինքնակամ դադարեցրել է մամուլի քարտուղարի իր «լիազորությունները»:
Բայց, ինչպես հայտնի է, սուրբ տեղը դատարկ չի մնում, եւ հենց երեկ արդեն ՕԵԿ-ը գտավ նոր քարտուղարի, որն արդեն զբաղեցնում է Ս.Աբրահամյանի աթոռը:
Չգիտենք՝ առաջիկա օրերին աբիժնիկների ցուցակը կհամալրվի թե ոչ, բայց սա է իրողությունը: Իրողություն, որը, կրկնում ենք, չի արձանագրվել անցած տարիների նախընտրական փուլերում:
Կիմա ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
«Հայոց աշխարհ»