Երեկ՝ մարտի 22-ին, առավոտյան ժամը 10.00-ի սահմաններում Կոտայքի մարզի Նոր Հաճըն քաղաքի Պարգևաշեն թաղամասում գտնվող «Արզնի» ՀԷԿ-ի ճնշման ջրավազանում մաքրման աշխատանքներ կատարելու ժամանակ բանվորները հայտնաբերել են տղամարդու դիակ և այդ մասին հայտնել ոստիկանության Նաիրիի բաժին:
Ինչպես Նաիրիից Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ջրավազան է մեկնել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ-քննչական խումբը:
Օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ ջրավազանում հայտնաբերվածը Աբովյան քաղաքի բնակիչ, 35-ամյա Հովհաննես Նաղդալյանի դիակն էր: Նույն օրը ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Նաիրիի քննչական բաժանմունքում հարուցվում է քրեական գործ՝ ՀՀ քրօր.-ի 104 հոդվածի 1-ին մասի (դիտավորյալ սպանություն) հատկանիշներով:
Դեպքի վայրում դատաբժիշկը, զննելով մահացածի դին, հայտնել է, որ մարմնի վրա առկա են բռնության հետքեր, ինչն էլ հիմք է հանդիսացել, որպեսզի քրեական գործ հարուցվի սպանության հատկանիշով:
Կարդացեք նաև
Հանցագործությունը բացահայտելու համար ստեղծվել էր օպերատիվ-քննչական մի քանի խումբ:
Գ.Շամշյանը հայտնում է, որ այս պահին ոստիկանության Նաիրիի բաժին են ժամանել ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության մեծ թվով աշխատակիցներ՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Կարապետյանի գլխավորությամբ:
Օպերատիվ խմբերը ղեկավարում են ոստիկանության ՔՀԳՎ 2-րդ վարչության պետ Ալիկ Մարգարյանը, ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Գրիշա Ամիրխանյանը, ոստիկանության Կոտայքի մարզի քննչական բաժնի պետ Վարդան Վարդանյանը և ոստիկանության Նաիրիի բաժնի պետ Արթուր Բիչախչյանը:
Օպերատիվ-քննչական խմբերը կարողացել են մի քանի ժամվա ընթացքում բացահայտել առանձնակի դաժանությամբ կատարված սպանությունը:
Այն կատարելու կասկածանքով ոստիկանության Նաիրիի բաժին է բերման ենթարկվել Աբովյան քաղաքի բնակիչ, 31-ամյա Արման Չոբանյանը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Հ.Նաղդալյանը, որը նախկինում մի քանի անգամ եղել է դատապարտված, իսկ 2011 թ նոյեմբերից գտնվում էր հետախուզման մեջ՝ ՀՀ քրօր.-ի 258 հոդվածի 1-ին մասի (խուլիգանություն) հատկանիշներով, Ա.Չոբանյանի քրոջ ամուսինն է եղել: Սպանվածը Ա. Չոբանյանի քրոջ հետ ծանոթացել է հեռախոսային խոսակցությամբ, երբ ինքը գտնվել է Կոշի գաղութում և հեռախոսային ծանոթությունը վերածվել է անձնական ծանոթության, անգամ ամուսնությունն օրինականացրել է Կոշի գաղութ այցելած ԶԱԳՍ-ի աշխատակիցը:
Պատիժը կրելուց հետո դուրս գալով գաղութից՝ Հ.Նաղդալյանը սկսում է ապրել իր կնոջ և նրա եղբոր՝ Ա.Չոբանյանի հետ՝ մի հարկի տակ: Այդ ընթացքում նախկին դատապարտյալը սկսում է հակասություններ ունենալ Արմանի և նրա քրոջ հետ՝ երբեմն ծեծի ենթարկելով վերջինիս: Այդ ընթացքում տեղի են ունենում մանր վիճաբանություններ Հ.Նաղդալյանի և Ա.Չոբանյանի միջև:
Ի վերջո, 2011 թվականի նոյեմբերի 6-ին նորից վիճաբանություն է տեղի ունենում: Փեսան ու աներձագը որոշում են վիճաբանությունը շարունակել տնից դուրս և գնում են վերոնշյալ ՀԷԿ-ի ճնշման ջրավազանի մոտ: Այնտեղ Արմանը դանակի մի քանի հարված է հասցնում իր փեսային և սպանելուց հետո գցում ջրավազանը:
Այս պահին Ա.Չոբանյանը քննիչի որոշմամբ ձերբակալվել է:
Նախաքննության շահերից ելնելով՝ Գ.Շամշյանը որոշ մանրամասներ չի հայտնում: