Լրահոս
Օրվա լրահոսը

Մանուչարյան. «ՀԱԿ-ը եթե իշխանափոխություն էլ անի՝ կփոխի դեկորացիաները» (Տեսանյութ)

Մարտ 23,2012 23:42

Aravot.am-ի հետ զրույցում «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը նշել էր, որ իշխանության ներկայացուցիչներն իրենց տեղի, աթոռի համար Մարտի 1 սարքեցին, եւ որ ՀԱԿ-ը պոտենցիալ ունի ժողովրդին ոտքի հանելու եւ պայքարի տանելու: Մեր հարցին՝ որտե՞ղ է երաշխիքը, որ ՀԱԿ-ը նույնպես աթոռակռիվ չի անում՝ նա պատասխանեց. «Ես կոչ չարեցի որեւէ մեկին ձայն տալ: Ամեն մի կուսակցությունում, այդ թվում՝ ՀԱԿ-ում, կան մարդկային ուժեր, որոնք մեր երկրի այս վիճակից դուրս գալու պոտենցիալն են դառնում: ՀԱԿ-ում կա լավ մտավորականության շրջանակ եւ երիտասարդության շրջանակ: Այդ խմբերը, համադրելով իրենց գործողությունները այլ խմբերի հետ, այդ բանը կկարողանան իրականացնել: Ինչ վերաբերում է ընտրական գործընթացներին, ես գտնում եմ, որ դա կեղծ ընտրություն է, այսինքն, երբ մենք ասում ենք՝ ընտրենք այս մարդկանց, որոնք ավելի լավը կլինեն, քան թե այն մարդիկ եւ կփոխվի՝ չի փոխվելու: Մենք պետք է ընտրությունը ուրիշ՝ ավելի ֆունդամենտալ իմաստով կատարենք՝ պետք է փոխենք կյանքի կազմակերպման մոդելը: Այդ տեսակետից մասնակից ուժերից ոչ ոք մոդելը հարցականի տակ չի դնում»:

Մենք փորձեցինք ճշտել՝ այսինքն, եթե ՀԱԿ-ի պահանջը կատարվի եւ իշխանափոխություն լինի՝ խնդիրը չի լուծվելու՝ նա պատասխանեց. «Մենք դրանով փոխում ենք դեկորացիաները: Այն խաղը, որն իրականանում է, չենք փոխում: Դա անելու համար պետք է փոխվեն արժեքները, իսկ որեւէ ուժ դա չի առաջարկում»: Մեր դիտարկմանը, որ ՀՀԿ-ն է ասում՝ հավատանք, որ փոխենք, պարոն Մանուչարյանը պատասխանեց. «Ես ՀՀԿ-ում չեմ լսել որեւէ բան, որը փոխի այս համակարգը: Լսել եմ շատ բան, որը լրիվ փոխել է Գարեգին Նժդեհի ուսմունքը: Դա շպրտված է մի կողմ, բոլոր ուժերը այսօր Հայաստանում դավանում են մի բան՝ նյութապաշտ մարդու աշխարհը: Իսկ Նժդեհը նյութապաշտ մարդու աշխարհի ամենաագրեսիվ հակառակորդներից մեկն է»: Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վերադարձին՝ պարոն Մանուչարյանը նշեց, որ նա կգա թե չէ ՝ կախված է դրսի ուժերից. «Փողը ստեղծվում է արտաքին աշխարհում, երկիրը թալանելու իրավունքը տրվում է արտաքին աշխարհից»: Պարոն Մանուչարյանի համոզմամբ՝ այդ իսկ պատճառով Հայաստանը շատ մանիպուլյատիվ է արտաքին ուժերի նկատմամբ. «2007-ին երբ ընտրությունները Հայաստանում ավարտվեցին, ըստ նախնական հաշվարկի, հաղթել էր ԲՀԿ-ն: Հետո եկավ Սերգեյ Իվանովը՝ Մոսկվայից, ասաց, որ տվյալները սխալ են հաշվել, պետք է նորից վերահաշվարկել: Իրենց տվյալներով հաղթել էր Հանրապետական կուսակցությունը, որը այդ ժամանակ համարվում էր պրոռուսական: Հաշվեցին՝ պարզվեց հաղթել էր ՀՀԿ-ն: Հիմա կգա՞ այս անգամ Սերգեյ Իվանովը վերահաշվարկի թե ոչ՝ ես չգիտեմ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031