Լրահոս
Օրվա լրահոսը

Պատգամավորի թեկնածու Իզաբելլա Աբգարյանի ամուսինը պարզաբանում է

Մարտ 23,2012 21:42

Facebook սոցիալական ցանցում «Ժառանգություն» եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների համատեղ նախընտրական ցուցակի քննարկման համատեքստում օգտատերերից մեկը հռետորական հարցադրում էր արել՝ ինչո՞ւ է այդ ուժերի համամասնական ցուցակում հայտնվել բլոգեր Իզաբելլա Աբգարյանը (նա այդ համամասնական ցուցակի 9-րդ հորիզոնականում է), ու ինքն էլ պատասխանել էր. «Իսկ հարցը շատ պարզ է… Նրա ամուսինը՝ Ալեքսանդր Սիրունյանը, բազում տարիներ հանդիսանում էր Աղվան Հովսեփյանի ամենավստահելի աշխատակիցը եւ դատախազությունում եղած ժամանակ առնչություն էր ունեցել «Մարտի 1»-ի քրեական գործերի հետ: Հենց Իզաբելա Աբգարյանի ամուսինն է, որի միջոցով դատախազության միջնորդությամբ բանտից 1 ամիս հետո ազատ են արձակվել Արարատ Զուրաբյանը, Մասիս Այվազյանը, Հովհաննես Ղազարյանը եւ Կարապետ Ռուբինյանը»: Նաեւ գրել էր, թե՝ «այժմ, երբ ամեն ինչ բացահայտվել է, արդեն ամեն ինչ իր տեղն է ընկնում…»:

Կայքերից մեկը փորձել էր Իզաբելլա Աբգարյանից այդ մեղադրանքի առնչությամբ մեկնաբանություն ստանալ. «Այստեղ մեկնաբանությունս մեկն է. գրվածի անհեթեթությունը պարզելու համար բավական է Գլխավոր դատախազությունում պարզել, թե ո՞ր թվականին է այնտեղից հեռացել ամուսինս (հուշեմ, ստուգեք’ 2009), ո՞ր բաժնում էր աշխատում 2008-ին (մարտի 1-յան իրադարձությունների քննության հետ որևէ կապ չունեցող): Իսկ եթե ավելի լավատեղյակ աղբյուրներ գտնեք, կպարզեք նաև, թե ո՞րն էր հեռացման պատճառը և ում հետ ինչպիսի հարաբերությունների մեջ է»: Իսկ հարցին՝ այնուամենայնիվ ո՞րն է իր ամուսնու՝ համակարգից հեռացման պատճառը, բլոգերն ասել էր, թե դա առանձին ու ընդգրկուն թեմա է, որը չի պատրաստվում մանրամասնել»: Փոխարենը կայքի մեկնաբանությունների բաժնում Իզաբելլա Աբգարյանի ամուսինը՝  Ալեքսանդր Սիրունյանն էր իր հեռախոսահամարը թողել՝ խոստանալով պատասխանել բոլոր հարցերին:

Aravot.am-ն օգտվեց պատեհությունից ու զրուցեց Ալեքսանդր Սիրունյանի հետ, ով  պարզաբանումներ տվեց մարտիմեկյան իրադարձությունների ու «Ժառանգություն» եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկված նախկին քաղբանտարկյալների հետ իր բոլոր «կապերի» առնչությամբ. «Ես այդ իրադարձությունների հետ կապ ունեմ զուտ ժամանակագրությամբ՝ երբ այդ օրը, գիշերվա ժամը 4-ին գնում էի տուն, ականատես եմ եղել այնտեղ ծավալվող դեպքերին։ Ծառայության բերումով բացարձակապես որեւէ առնչություն չեմ ունեցել մարտիմեկյան գործերի հետ եւ չէի էլ կարող ունենալ, որովհետեւ այդ ժամանակ ես եղել եմ «Սեւան» ՔԿՀ դատախազ, նույնիսկ «Նուբարաշենինն» էլ չեմ եղել, որ ասեմ, թե այդ մարդկանց այնտեղ տեսել եմ: «Մարտի 1»-ի առումով առումով  բացարձակ եւ որեւէ կապ չեմ ունեցել»:

Մեր ճշտող հարցին, թե այդ գործերով որեւէ առնչություն ունեցե՞լ եք՝ Սիրունյանը պատասխանեց՝ բացարձակ: Նա ասաց նաեւ, թե դատախազի պաշտոնից ազատվել է 2009թ. մայիսին, երբ ծառայության բերումով նշանակվել եւ գործուղվել է  Արարատի մարզի դատախազություն՝ Վեդի, բայց քանի որ ծառայությունն այդ դեպքում պարզապես համատեղելի չէր համալսարանում իր մանկավարժական գործունեության հետ՝ այդ նշանակումից հրաժարվել է ու հիմա փաստաբանական գործունեություն է ծավալում: Նա «Սիրունյան» իրավաբանական գրասենյակի տնօրենն է, ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան:

Ինչ վերաբերում է իր կնոջ դեմ ֆեյսբուքյան մեղադրանքներին՝ այն էլ մարտիմեկյան իրադարձությունների մեջբերմամբ, ապա Ալեքսանդր Սիրունյանն ասաց, թե «դա սովորական,նախընտրական ու անտեղի աշխուժություն է, ուրիշ ոչ մի բան»: Հարցրինք՝ որպես Իզաբելայի ամուսին,  ո՞րն է ձեր խորհուրդը Իզաբելլային՝ պե՞տք է շարունակի իր ընտրապայքարը «Ժառանգության» համամասնական ցուցակով, թե՞ ավելի լավ է ձեռնպահ մնա՝ առավել եւս նման հարձակումների հանգամանքը նկատի ունենալով: «Իմ կինն իր ընտրությունն արդեն կատարել է: Իմ կինը շատ սկզբունքային է եւ եթե որեւէ ընտրություն կատարել է՝ հաստատ շարունակելու է»,-կնոջը հաջողություն մաղթելով` ասաց պարոն Սիրունյանը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031