Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ կոալիցիայի հուշագիրն է գործում, ոչ էլ ընդդիմությունն է ջանքերը միավորել

Մարտ 23,2012 20:28

Aravot.am-ը շարունակում է նախօրեին սկսած թեման՝ ու անդրադառնում դեռ չներկայացված՝ Էրեբունի համայնքի թիվ 13 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուներին: Այստեղ իրար դեմ պայքարելու են երկու հանրապետականներ՝ Էրեբունու նախկին թաղապետ Մհեր Սեդրակյանը, որին առաջադրել է ՀՀԿ-ն ու այդ կուսակցության Էրեբունու տարածքային կազմակերպության համակարգող  Սարգիս Հակոբյանը, որն ինքնառաջադրվել է:

Թիվ 14-ում էլ երկու ԲՀԿ-ականներ են առաջադրվել մեկը՝ Բազմասեր Առաքելյանը, ներկայացվել է ԲՀԿ-ի կողմից, մյուսը՝ Ալեքսանդր Հակոբյանը, ինքնառաջադրվել է: Եթե միմյանց դեմ առաջադրված ընդդիմադիր թեկնածուների դեպքում ինչ-որ տեղ կարելի է ենթադրել, որ դա որոշակի ժամանակահատվածի համար «զոնդաժի»  կամ քվեարկությունների օրը տեղամասերում հնարավորինս շատ ներկայացուցիչ՝ վստահված անձ ունենալն ու ընտրությունների ընթացքը առավելագույս վերահսկելու նպատակ է հետապնդում, ապա՝ երկու ԲՀԿ-ականների եւ երկու ՀՀԿ-ականների իրար դեմ մրցակցելու «հմայքը» դժվար հասկանալի է:

Արագածոտնի մարզի թիվ 15 ընտրատարածքում, որն ընդգրկում է Թալինն ու այլ բնակավայրեր, առաջադրված 6 թեկնածուներից երկու իշխանական կոալիցիայի՝ ՕԵԿ-ի ու ՀՀԿ-ի թեկնածուներ են, երկուսը՝ ընդդիմադիր դաշտի՝ ՀՅԴ-ի եւ ՀԱԿ-ին մաս կազմող «Հանրապետություն» կուսակցության: Ընդ որում, այս ընտրատարածքում խոսվում էր ՀԱԿ-ի կողմից «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ Ժորա Սափեյանի առաջադրման մասին, բայց արդյունքում այս ընտրատարածքում առաջադրվել է նրա եղբայրը՝ նախկին քաղկալանավոր Մկրտիչ Սափեյանը:

Թիվ 16-ում էլ  իրար դեմ են պայքարելու ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն:

Ուշագրավ իրավիճակ է նաեւ Արարատի մարզի թիվ 17 ընտրատարածքում: Այստեղ ինքնաառաջադրվել է ՀՀ ԱԺ նախկին խոսնակ ու ՀՀԿ նախընտրական շտաբի պետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ նախկին պատգամավոր Հենրիկ Աբրահամյանը, իսկ ՀՀԿ-ի կողմից՝ դպրոցի տնօրեն Կարինե Պողոսյանը: Ենթադրելի է, որ ՀՀԿ-ն այս ընտրատարածքում կպարտվի իքնաառաջադրված Ջոնիկ Աբրահամյանին:

Արմավիրի մարզի թիվ  19 ընտրատարածքում էլ թեկնածուների դասավորությունը պակաս հետաքրքիր չէ. այստեղ առաջադրված 5 թեկնածուներից 2-ը ինքնաառաջադրված ՀՀԿ-ականներ են, երկուսն էլ  Հակոբ Հակոբյան ու միայն հայրանունների  տարբերությամբ, եւ անկուսակցական, բայց ՀՀԿ կողմից առաջադրված, նաեւ ԱԺ պատգամավոր Սեդրակ Սարոյանը:

Արմավիրի մարզի թիվ 21 ընտրատարածքում  միմյանց դեմ են պայքարելու ՀՀՇ-ի ու «Ժառանգության» ներկայացուցիչները:

Գեղարքունիքի մարզի թիվ 22 ընտրատարածքում եւս ՀՀԿ-ականներն իրար դեմ են դուրս եկել: Առաջադրված 5 թեկնածուներից երեքն էլի ՀՀԿ-ական են, երկուսն ինքնաառաջադրվել են, իսկ ԱԺ պատգամավոր Մանվել Բադեյանին ՀՀԿ-ն է առաջադրել:

Թիվ 23 ընտրատարածքում առաջադրվածների թվում էլի կոալիցիայի անդամներ կան՝ ՕԵԿ-ական Կարեն Բաթոյանն ու ԲՀԿ-ական Էդուարդ Սահակյանը: Նույն պատկերն է նաեւ թիվ 25 ընտրատարածքում, որտեղ բացի այս կուսակցականներից ինքնառաջադրվել է նաեւ ԱԺ նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանը, ԲՀԿ-ականն ու ՕԵԿ-ականն են պայքարի մեջ մտնելու նաեւ թիվ 26-ում:

Կոտայքի մարզի թիվ  27 ընտրատարածքում էլ պետք է թեժ պայքար ակնկալել, եթե, իհարկե, կոալիցիոն ուժերը իսկապես, ինչպես հայտարարում են, «անցողիկ» թեկնածուների վերաբերյալ ոչ մի տվերային պայմանավորվածություններ չունեն: Այստեղ առաջադրվել են ԲՀԿ-ական, այդ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խնամի Մուրադ Գուլոյանն ու ՀՀԿ-ական Համլետ Հայրապետյանը:

Լոռու մարզի թիվ 30 ընտրատարածքում էլ, որտեղ ՀՀԿ-ն պաշտպանում է Վիկտոր Դալլաքյանին,  առաջադրվել են ընդդիմադիր դաշտի՝ ընտրություններին նաեւ համամասնական ընտրակարգով մասնակցության հայտ ներկայացրած, գրեթե, բոլոր ուժերը՝ ՀՅԴ-ն, ՀՀՇ-ն ու «Ժառանգություն» կուսակցությունները:

Ինչպես նախորդ ընտրությունների ժամանակ, այս անգամ եւս լարված պայքար է սպասվում  Շիրակի մարզի  թիվ 33 ընտրատարածքում, որտեղ միմյանց դեմ են պայքարելու հին ու արդեն մշտական դարձած մրցակիցներ ՀՀԿ-ական Աշոտ Աղաբաբյանն ու ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանը:

Իսկ ահա թիվ 34-ում կմրցակցեն ՀՀԿ-ական Արման Սահակյանն ու ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանը:

Շիրակի մարզի թիվ 36-ում իրենց ուժերը կչափեն կոալիցիայի բոլոր երեք կուսակցութւյունները: Եվ միմյանց դեմ նույն դաշտից նույն ընտրատարածքներում մրցակցության մասին վերջին օրինակը Տավուշի մարզի թիվ 41 ընտրատարածքում, որտեղ առաջադրվել են  ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանն ու ՕԵԿ-ական Վահե Վարդապետյանը:

Հիշեցնենք, որ ընդամենը մեկ տարի առաջ կոալիցիոն կուսակցությունները՝ ՀՀԿ-ն ԲՀԿ-ն եւ ՕԵԿ-ը, մի նոր հուշագիր ստորագրեցին, որտեղ հայտարարեցին, թե «միասնական են եւ նպատակ չունեն գալիք խորհրդարանական ընտրություններում իրենց քաղաքական կշիռն ավելացնել միմյանց դեմ պայքար ծավալելու եւ կոալիցիայի ներսում ուժերի հարաբերակցությունը փոխելու հաշվին»: Վերը բերված օրինակները, սակայն, փաստում են, որ այդ հուշագիրը թեեւ մնում է ուժի մեջ, սակայն` միայն թղթի վրա, եւ այս կուսակցությունների «մեծամասնականով» թեկնածուները պայքարելու են  միմյանց դեմ, եթե, իհարկե, կոալիցիայի միջեւ ստվերային պայմանավորվածություններ չունեն: Այս իմաստով վիճակն ավելի մխիթարական չէ նաեւ ընդդիմության ճամբարում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031