Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժառանգությունն» ու «Ազատ դեմոկրատները» թիվ 4-ի հարցը չեն քննարկել

Մարտ 23,2012 18:36

Aravot.am-ի հարցին ի պատասխան`  «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության անդամ Արմեն Առաքելյանն այսօր, լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ նաեւ Արաբկիր համայնքի թիվ 4 ընտրատարածքում ստեղծված իրավիճակին: Հիշեցնենք, որ այս ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով «Ժառանգությունն» առաջադրել է ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի թեկնածությունը, իսկ այս կուսակցության համամասնական ցուցակով հանդես եկող «Ազատ դեմոկրատների» աջակցության ակնկալիքն ունի նույն ընտրատարածքում առաջադրված «168 ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը:  Հարցրինք՝ արդյոք քննարկվե՞լ է, թե այս ընտրատարածքում ո՞ւմ է պաշտպանելու «Ժառանգության» եւ «Ազատ դեմոկրատների»  արդեն միասնական թիմը, կամ, գուցե, ամեն մեկն առանձին-առանձին:

«Այդ եւ մյուս ընտրատարածքներում առաջադրված թեկնածություններին մենք դեռ չենք անդրադարձել, եւ ես համոզված եմ, որ  մինչեւ քվեարկության պահն էլ մենք այդ հարցը լուծելու հնարավորություն ունենք, որպեսզի ընդդիմադիր թեկնածուներն իրար դեմ չպայքարեն»: Մեր դիտարկմանը, թե՝ մինչեւ քվեարկության պահից առաջ քարոզարշավ է ընթանալու, Առաքելյանն արձագանքեց. «Միգուցե, մարտավարական  առումով  նպատակահարմար է մի քանի թեկնածությունների ուղղությամբ քարոզարշավ անել, հետո վերջնական որոշում կայացնել: Ես չեմ կարող հիմա շատ բան բացահայտել, բայց ընտրությունների ժամանակ ամեն ինչ էլ լինում է»:

Առաքելյանը նաեւ հավելեց. «Մենք կպաշտպանենք ընդդիմադիր բոլոր թեկնածուներին, որոնք մեծամասնական ընտրակարգով առաջադրված են, բայց ՀԱԿ-ը գործում է նույն իշխանությունների նման՝ ոչ մեկի հետ երբեք չի խորհրդակցել, եւ բոլոր 41 ընտրատարածքներում թեկնածուներ առաջադրելով ասում է՝ ես դնում եմ, դուք մտածեք՝ ինչ եք անում: Հիմա, միգուցե, բանակցութունների ընթացքում կգանք ինչ-որ համաձայնությունների, կոնսենսուսի՝ հիմա ես չեմ կարող ասել: Առայժմ գրանցման փուլն է գնում, կգրանցվեն, ու այդ ժամանակ կբանակցենք, եւ պարզ կլինի: Իհարկե, անցանկալի է, երբ  ընդդիմությունը ընտրատարածքներում ներկայացված է մի քանի թեկնածուներով»:

«Ազատ դեմոկրատներ»  եւ «Ժառանգություն»կուսակցություններից ո՞ր մեկի վարկանիշն է այսօր բարձր, եւ արդյոք այս կուսակցություններն առանձին-առանձին չէի՞ն կարող ԱԺ մտնել: «Ժառանգությանն» ավելի բարձր է, որովհետեւ «Ժառանգությունը» հինգ տարվա կուսակցություն է, եւ  իր աշխատանքով ապացուցել է, որ այս երկրում ռեալ ընդդիմադիր ու ազնիվ քաղաքական ուժ է: Իսկ մենք նորաստեղծ ուժ ենք, ու բնական է, որ դեռեւս «Ժառանգության» վարկանիշը չունենք»,- ասաց Առաքելյանը՝  հավելելով նաեւ, թե երկու կուսակցություններն էլ, հավանական է, որ առանձին-առանձին էլ կարող էին ԱԺ մտնել:

Նաիրա ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031