Մարտի 22-ի երեկոյան Նոյեմբերյան քաղաքի ռեստորաններից մեկում հանդիպում է կայացել, որին մասնակցել են Աժ պատգամավոր Միքայել Վարդանյանը, Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, Տավուշի մարզի թիվ 40 ընտրատարածքից (կենտրոնը` Նոյեմբերյան քաղաք) ԱԺ պատգամավորության թեկնածու, «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ» ընկերության տնօրեն Մարինե Մարաբյանը, տարածաշրջանի բոլոր համայնքապետերը` անկախ կուսակցական պատկանելությունից:
Չնայած Մ. Մարաբյանն անկուսակցական է, սակայն նրա թեկնածությունն առաջադրել է ՀՀԿ-ն:
Մեզ հետ զրույցի ժամանակ գյուղապետերն ասացին, որ Միքայել Վարդանյանն անցած 5 տարիներին համայնքներում բարեգործական բազմաթիվ ծրագրեր է իրականացրել, որ նրա վերընտրվելը հեշտ էր: Սակայն Մարինե Մարաբյանին տավուշցիները ծանոթ չեն:
Տավուշի մարզային «Տավուշ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Միքայել Վարդանյանն ասել է, որ Մարինե Մարաբյանը, ինչպես եւ ինքը, ներկայացնում է «Գրանդ հոլդինգը», որի հասույթից էլ Տավուշի մարզում բարեգործական ծրագրեր են իրականացվում, որ ինքը նախընտրական արշավի ժամանակ կանգնելու է Մարինե Մարաբյանի կողքին:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ