Այսօր ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը «Դեպի ազատ եւ թափանցիկ ընտրություններ» թեմայով ՀՀ գլխավոր դատախազության կազմակերպած համաժողովի ժամանակ վստահեցնում էր, որ իսկապես ազատ, արդար ընտրությունններ են լինելու, որովհետեւ Ընտրական օրենսգրքում տեղի են ունեցել էական, արմատական փոփոխություններ:
Aravot.am-ի հետ զրույցում մեր հարցին` կարծում եք միայն օրենսդրական բարեփոխումները բավարա՞ր են հայտարարելու, որ այս տարի ավելի լավ ընտրություններ ենք ունենալու` նա պատասխանեց. «Իհարկե, ոչ, դա հիմք է տալիս ասելու այն ամբողջ նախապատրաստական աշխատանքը, որը մինչեւ հիմա կատարվել է եւ շարունակվելու է կատարվել: ԸՕ իրավանորմերը պետք է լիարժեք ծավալով կյանքի կոչվեն: Կամքի մասին խոսելը ավելորդ է: Ամբողջ գործընթացը, որը մինչ այսօր իրականացվում է, մեզ հիմք է տալիս վստահաբար նշելու, որ ԸՕ–ը կիառվելու է լիարժեքորեն»:
Մեր դիտարկմանն ի պատասխան` ասում են` ամենավատ օրենքը լավ կիրառման դեպքում շատ ավելի արդյունավետ կարող է լինել, քան լավ օրենքը` վատ կատարողի ձեռքում` պարոն Մուկուչյանը վստահեցրեց. «Մենք ունենք ե’ւ լավ օրենք, ե’ւ լավ կիրառող, որոնք տրամադրված են լիարժեք կիրառելու լավ օրենքը»:
Կարդացեք նաև
Ամեն ընտրություններից հետո պարտադիր լինում է ԿԸՀ-ին ուղղված մեղադրանք, որ թվերը նկարված են, կարծում եք, այս ընտրություններին նման մեղադրանք չի՞ լինի` մեր հարցին ԿԸՀ նախագահը պատասխանեց, որ ի սկզբանե մտածել, որ կլինի նման մեղադրանք թե ոչ, որեւէ մեկը չի կարող ասել. «Որովհետեւ նախ չգիտենք, թե ով է լինելու մեղադրողը, որովհետեւ միշտ էլ կարող է գտնվի մեկը, որը դժգոհ լինի ամեն ինչից, իսկ եթե լինեն նման մեղադրանքներ, վստահ եմ, ԿԸՀ–ն կունենա ռեալ պատասխան` ցանկացած նման մեղադրանքի»:
Մեր հարցին` եթե իշխանությունը չգրանցի այն արդյունքը, ինչ ակնկալում է, ԿԸՀ-ն պատրա՞ստ է ցանկացած դեպքում հրապարակել իրական արդյունքները, նա պնդեց. «Արդյունքները միշտ էլ հրապարկվել են այնպես, ինչպես որ եղել են: Մի’շտ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ