Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Թամամյան. «Իմ Հայաստան պետության եւ ոստիկանության նվիրյալն եմ եղել»

Մարտ 23,2012 17:27

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը մտել է խորհրդակցական սենյակ՝ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանի, հատկապես կարեւորագույն գործերով քննիչ Վահան Խանզադյանի եւ ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ հարցերով պետի տեղակալ Արմեն Պողոսյանի գործով դատավճիռ կայացնելու: Մինչ դատական ակտի հրապարակումը, դատարանը լսեց Հովհաննես Թամամյանի պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Վաղարշակ Գեւորգյանի պաշտպանական ճառը: Պաշտպանի կարծիքով, մեղադրող Հարություն Հարությունյանի կողմից 4 տարի ազատազրկում պահանջելը պատժի տեսակետից ակնհայտ խիստ է: Նա ասաց, որ իր պաշտպանյալի համար մեղմացուցիչ հանգամանքները եթե նվիրեն հարյուրավոր ամբաստանյալների, ապա դրանք շատ են, իսկ ծանրացնող հանգամանքներ այս քրեական գործով ձեռք չեն բերվել եւ չկան: Նա բերեց մի քանի նախադեպային որոշումներ՝ ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից կայացված: Մասնավորապես՝ պաշտպանության նախարարության հրամանատարական պաշտոններ զբաղեցրած Հուսիկ Բաղդասարյանի գործը, ուր վճռաբեկ դատարանը իր դիրքորոշումը արտահայտելով գտել էր, որ մայոր Հուսիկ Բաղդասարյանը կարող էր իր պատիժը կրել առանց ազատազրկման: Թամամյանի պաշտպանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ մենք գործ ունենք գեներալ-մայորի հետ, ով 35 եւ ավելի տարիներ նվիրվել է ոստիկանության համակարգի զարգացմանը եւ, ի տարբերություն Հ. Բաղդասարյանի, որը պարգեւատրվել է միայն ՊՆ նախարարի հրամանով, Հովհաննես Թամամյանն ունի բազմաթիվ պետական պարգեւներ:

Վերջին խոսքի ժամանակ Հովհաննես Թամամյանն ասաց ընդամենը մեկ նախադասություն. «Ես ոստիկանության պետական մարմիններում եմ եղել՝ իմ Հայաստան պետության եւ ոստիկանության համակարգի նվիրյալը»: Պաշտպանական կողմը միջնորդել էր դատարանին, որ Հ. Թամամյանի համար մեկ տարի պայմանական փորձաշրջան կիրառվի, այն էլ՝ ոչ ազատազրկման ձեւով:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031