Երեկ «Ֆեյսբուքում» բուռն քննարկումների տեղիք էին տվել 7-րդ ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրումները: Կասկածի տեղիք է տվել հատկապես այն, թե այդ ինչպես ստացվեց, որ մինչեւ ժամը 17.20-ին Նիկոլ Փաշինյանը փաստաթղթերը ներկայացրեց, դուրս եկավ, այդ պահին բացի Սամվել Ալեքսանյանից ու անկուսակցական Վարդան Վարդանյանից, որեւէ մեկն առաջադրված չէր, եւ վերջին 40 րոպեում հանկարծ հասցնում է առաջադրվել նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանը: Քննարկվում էր նաեւ այն, թե այդ ինչ կայծակնային արագությամբ է հասցրել փաստաթղթերը պատրաստել եւ նման բաներ: Այսօր Aravot.am-ի հետ զրույցում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը պարզաբանեց, որ փաստաթղթերը պատրաստելը բարդ բան չէ, եւ այն նախօրոք կարող էին պատրաստած լինել ու բերել ցանկացած պահի` մինչեւ սահմանված ժամը, ինչը եւ արել է Րաֆֆի Հովհաննիսյանը. «ԿԸՀ–ն այս ամբողջ ընթացքում միշտ ամփոփել է տվյալ օրվա հետ կապված տեղեկատվությունը ժամը 6-ին, ամբողջ տեղեկությունը տեղադրված է եղել կայքէջում: Մինչեւ Նիկոլ Փաշինյանը, էլի թեկնածուներ կային առաջադրված եւ նա առաջինը չէ, որ այդ ընտրատարածքում փաստաթղթերը ներկայացրեց: Եթե ես չեմ սխալվում, կարծես 2-3 օր միայն կայքում նշվում էր 1-2 թեկնածուի անուն: Երեկ էլ տեղի է ունեցել Րաֆֆի Հովհաննիսյանի առաջադրումը: Ինչու են իրենք նախընտրել փաստաթղթերը ներկայացնել հենց վերջին օրը, կարծում եմ, դա իրենց իրավունքն է, ինչպես ուզեն, այնպես էլ կանեն: Իսկ թե ոնց հասցրեցին տեղեկանքները ստանալ եւ ներկայացնել, ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ տեղեկանքը անձը կարող է վերցնել ցանկացած պահի: Հստակ սահմանված է ժամանակ, անձը կարող է նախօրոք պատրաստել փաստաթղթերը եւ երբ ուզենա` տանի, ոչ ոք չի կարող անձին պարտադրել, որ շուտ բերի: Նկատի ունենանք, որ պարոն Հովհաննիսյանը ներկայացրել է նաեւ համամասնական ընտրակարգով առաջադրման փաստաթղթերը եւ առաջադրվել, տվյալ պարագայում, ըստ էության, նույն փաստաթղթերն են պատրաստվում, անձը այդ փաստաթղթերն ունեցել է, պատրաստել է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ