Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լեռնիկ Ալեքսանյանը՝ Դալլաքյանի, Գեղամյանի ու գեներալ Մանվելի մասին

Մարտ 23,2012 17:16

Լուսանկարը՝ «Հենարանի»

«Անկախ նրանից՝ մենք սիրում կամ չենք սիրում կոնկրետ մարդկանց, բայց խորհրդարանը պետք է լինի պրոֆեսիոնալ, այնտեղ պետք է լինեն մարդիկ, ովքեր ճիշտ եւ լավ են հասկանում քաղաքականությունը, ունեն փորձ եւ պատրաստ են իրենց կարծիքը, ճիշտ, թե սխալ, արտահայտելու խորհրդարանում։ Ես կարծում եմ, որ այն մարդիկ, որոնց մասին տարբեր մակդիրներով շեշտվել է՝ նկատի ունեմ ՀՀԿ ցուցակներում այլ կուսակցությունների առաջնորդներին, անցել են ճանապարհ՝ նաեւ ՀՀԿ-ի հետ, որոշակի գաղափարական ընդհանրություններ ունեն մեզ հետ եւ, համենայնդեպս, այս նախագահի ժամանակ երբեք ընդգծված ընդդիմադիր չեն եղել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը՝ հավելելով, թե այլ կուսակցությունների առաջնորդների՝ ՀՀԿ ցուցակում հայտնվելու մեջ ինքը քաղաքական բարոյականության խնդիր չի տեսնում։
Պատգամավորը նաեւ այդ՝ ՀՀԿ ցուցակում հայտնված «մակդիրավորված» գործիչներին առանձին-առանձին անդրադարձավ։ Օրինակ՝Վիկտոր Դալլաքյանի մասին ասաց, թե «քաղաքականության մեջ, ի տարբերություն անձնական հարաբերությունների, պարտադիր չէ հարյուր տոկոսով նվիրված լինել կուսակցությանը եւ նախագահին, որ նրա հետ ճանապարհ գնաս։ Դա հնարավորությունների արվեստ է։ Այսօր ո՞ւմ պաշտպանի Վիկտոր Դալլաքյանը, եթե ոչ Սերժ Սարգսյանին։ Եթե նա այսօր մտել է մեր ցուցակի մեջ՝ չի նշանակում, որ հետագայում էլ չի քննադատելու Սերժ Սարգսյանին։ Հետո ո՞վ է ասում, որ մեր կուսակցության մեջ էլ չկան մարդիկ, ովքեր քննադատում են նախագահին։ Քննադատելը, թերություններ մատնանշելը դեռ բացասական երեւույթ չի։ Մեր ներքին խոհանոցում շատերն են իշխանությունների, նաեւ՝ ՀՀԿ-անների թերություններն ասում։ Եթե մարդը քեզ քննադատում է՝ չի նշանակում այդ մարդուն չի կարելի պաշտպանել։ Դալլաքյանը իշխանություններին քննադատելով հանդերձ միշտ եղել է իշխանության կողքին»։
ՀՀԿ համամասնական ցուցակում հայտնված «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանի մասին էլ ասաց, թե «ոչ ոք չի կարող ասել, որ Արտաշես Գեղամյանը լուրջ քաղաքական գործիչ չէ, նրա հետեւից մասսաներ են գնում», Գեղամյանի վերաբերյալ էլ կարծիք հայտնեց, թե նա երբեք Սերժին ընդդիմադիր չի եղել իսկ իշխանություններին քննադատել է, երբ Սերժ Սարգսյանը պաշտպանության նախարար էր, երբ պետական կառավարումը նրա ձեռքին չէր։ Պատգամավորը «շատ մեծ տարբերություն» համարեց այն, որ Գեղամյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին չի քննադատել, իսկ հիմա Գեղամյանը կողմնորոշվել ու հասկացել է, որ պետք է ՀՀ նախագահին կողմ լինի։ «Վատ բան չկա, որ քաղաքական ուժերը համախմբվում են»,- հավելեց Լեռնիկ Ալեքսանյանը։
Ինչ վերաբերում է ՀՀԿ ցուցակում հայտնված գեներալ Մանվել Գրիգորյանին, ապա Ալեքսանյանի մատուցմամբ՝ «Մանվել Գրիգորյանը անկախ իր կրթական աստիճանից մի ճանապարհ է անցել, որը նրան եւ քաղաքական գործիչ է դարձրել, եւ հայրենասեր։ Ներքաղաքական լարված ժամանակներում նա դրա կիզակետում է եղել, եղել է մեջտեղում եւ ամենապետական մոտեցումն է դրսեւորել, եւ եթե ներքաղաքական իրավիճակը 1999-ին, 2000-ին, չի սրվել՝ դրանում շատ մեծ է եղել Մանվել Գրիգորյանի դերը: Դա բնազդո՞վ է արել, թե՞ գիտակցաբար՝ կդժվարանամ ասել, բայց մեր երկրի քաղաքական կյանքում, ինչպես պատերազմում՝ նա լուրջ դերակատարում է ունեցել։ Նա լուրջ ամագ ունի էս երկրի վրա։ Գումարած սրան, Մանվել Գրիգորյանը ներկայացնում է հասարակական մի կազմակերպություն, որը մինչեւ այսօր չեզոք, կայուն զանգված է միավորում, այնտեղ կան մարդիկ, որոնց համար Մանվել Գրիգորյանի կարծիքը կարող է բավականին լուրջ նշանակություն ունենալ մնացածի կարծիքի վրա»։

Նաիրա ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031