Լրահոս
Օրվա լրահոսը

5000 դրամների, սուտ մատնության եւ բարեգործությունների հարցը` առաջիկա ընտրություններում

Մարտ 23,2012 17:13

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը այսօր «Դեպի ազատ եւ թափանցիկ ընտրություններ» թեմայով համաժողովի ժամանակ հարց բարձրացրեց. «Խոստումներ կան, որ ընտրությունները լինելու են արդար, թափանցիկ, մաքուր, այդ խոստումը հանգեցնում է նրան, որ ոստիկանությունը եւ Հատուկ քննչական ծառայությունը ինչոր նոր մոտեցումներ, հատուկ տեխնիկա՞ են նախատեսում այս ընտրական պրոցեսի ժամանակ կիրառելու, թե՞ նկատի ունեք, որ այս անգամ ուղղակի ավելի բարեխիղճ մոտեցում է լինելու եւ սրանով սահմանափակվենք»` ոստիկանության իրավաբանական վարչության պետ Թաթուլ Պետրոսյանը պատասխանեց. «Այս ընտրությունների արդարության երաշխավորը միայն ոստիկանությունը չէ, որ կարելի է դիտել: Յուրաքանչյուր քաղաքացի իր վարքով, ազատ կամքի արտահայտման ընտրությամբ պետք է կարողանա արդար ընտրություններն ապահովել»:

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հ/կ խորհրդի անդամ Արտակ Կիրակոսյանն էլ կարծիք հայտնեց, որ մարդիկ հաճախ չեն ուզում ընտրակաշառքների, խախտումների հետ կապված բարձրաձայնել, որովհետեւ մի մասը նախ կարծում է, որ միեւնույն է, ընտրությունների արդյունքների վրա չեն ազդի, մյուս մասը վախենում է, որ իրեն սուտ մատնության մեջ մեղադրեն: Այս առնչությամբ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանը վստահեցրեց, որ սուտ մատնության համար որեւէ մեկը չի դատապարտվի, եթե չկա դիտավորություն, մարդը կարող է բարեխիղճ մոլորության մեջ ընկնի: Հարցին, իսկ ո՞վ է որոշելու` դիտավորյա՞լ է մատնել, թե՞ մոլորության մեջ է, պարոն Թամազյանը օրինակ բերեց. «Եթե շենքում մեկը տեսել է հարեւանի ավտոյից ինչպես են բեռ իջեցնում ու մտածել, որ կարող է ընտրակաշառք է, որը հետո բաժանելու են, բայց հետագայում պարզվի, որ չէ, Ռուսաստանից բարեկամներն են օգնել կամ, ասենք՝ ուղեբեռ է, նա պատասխանատվության չի ենթարկվի, որովհետեւ մոլորության մեջ է եղել»:

Քննարկման մասնակիցները սպասում էին կոնկրետ լուծումների, թե ինչպես են պայքարելու 5000 դրամների դեմ, «կաշառք բաժանելու համակարգված որջերի» դեմ, որոնք ընտրություններց 2 օր առաջ գործի են անցնում, սակայն դրանց դեմ որեւէ լուծում չառաջարկվեց: Թաթուլ Պետրոսյանը միայն նշեց, որ կաշառքի մասին առավելապես տեղեկացվում են կոնկրետ անձի հայտարարության հիման վրա:

Սպառողների աջակցման կենտրոնի նախագահ Աշոտ Միրզոյանը բողոքեց. «Թեորեա եք ներկայացնում, հնարավոր չէ՞, այդքան խոսվում է, ընտրատեղամասերում տեսախցիկներ տեղադրել, քան թե խոստանալ, որ ամեն ինչ թափանցիկ կլինի»: Սակայն տեսախցիկների առաջարկին նույնպես ոչ ոք, այսպես ասած, «տոն չտվեց»:

Խոսելով բարեգործության անվան տակ կաշառք բաժանելուց՝ ՀՔԾ պետի տեղակալ Մարսել Մաթեւոսյանը նշեց, որ «բարեգործության անվան տակ կաշառք տալը շատ դժվար է սահմանազատել, քանի որ կուսակցությունների ղեկավարներ ունենք, որոնք այդ բարեգործությունը միշտ արել են, հիմա կարող է մի քիչ ավելի շատ անեն ուղղակի»: Պետրոսյանն էլ հավելեց, որ հիմա երբ մի պետական մարմին իր գործն անում է, ասենք՝ գազ են քաշում, դա դիտարկվում է որպես ընտրակաշառք:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031