Վաղվանից երթուղի դուրս կգան մեր երկրին չինական կողմի նվիրաբերած 249 քաղաքային ավտոբուսների մի մասը: Այսօր Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Չինաստանի «Հայեր-Բաս» ավտոգործարանի փոխնախագահ Խուան Շու Պինի եւ նրա գլխավորած պատվիրակության անդամների հետ՝ քննարկելու ավտոբուսների շահագործման եւ տեխնիկական բնույթի հարցեր՝ այդ թվում նաեւ վառելիքի ծախսի նվազեցման ու հաշմանդամություն ունեցող անձանց համար ավտոբուսների վրա հատուկ սարքավորումների տեղադրման վերաբերյալ:
Նշենք, որ օրերս «Aravot.am»-ի հետ զրույցում հաշմանդամների «Ունիսոն» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Ալավերդյանը եւ «Լիարժեք կյանք» հ/կ-ի ղեկավար Սուրեն Մաղաքյանը մտահոգություն էին հայտնել, որ հասարակական տրանսպորտը հարմարեցված չէ հաշմանդամներին, ինչի պատճառով հենաշարժողական խնդիրներ ունեցող մարդիկ չեն կարողանում տեղաշարժվել եւ ստիպված տնից դուրս չեն գալիս: Հ/կ-ների ղեկավարների կարծիքով, այդ տեմպերով առաջ շարժվելու դեպքում մեր երկրի հաշմանդամները դժվար թե մոտ ապագայում կարողանան ինտեգրվել հասարակությանը: Ինչպես Aravot.am-ին փոխանցեցին Երեւանի քաղաքապետարանից, քաղաքային ընկերություններն իրենց նախաձեռնությամբ իրավունք չունեին ավտոբուսները հարմարեցնել, քանի որ դրանք 1 տարի երաշխիքի մեջ են եւ ցանկացած միջամտություն կզրկի այդ երաշխիքից: Ուստի
հանդիպման ժամանակ, Տարոն Մարգարյանը չինական կողմին հայտնել է ավտոբուսները հաշմանդամներին հարմարեցնելու անհրաժեշտության մասին, նրանք էլ խոստացել են քննարկել ու պատասխանել:
Կարդացեք նաև
Քաղաքապետը նաեւ նշել է, որ մայրաքաղաքի տրանսպորտի ոլորտի զարգացման նոր հայեցակարգով նախատեսում են, որ ուղեւորափոխադրում իրականացնող մասնավոր ընկերություններն աստիճանաբար անցնեն մեծ ու միջին տեղատարողությամբ ավտոբուսներով սպասարկման:
Հայաստանցի մասնագետներն էլ ուսումնասիրելով ավտոբուսների որակը, հայտնել են, որ դրանք բավականին որակյալ են եւ հարմար՝ մեր մայրաքաղաքի ռելիեֆին:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ