«Իմ պատվերը, եթե որեւէ մեկը կասկածում է, տարակուսում է կամ հռետորական միավոր է ուզում վաստակել, իմ պատվերը գալիս է իմ խղճից, իմ հավատից եւ իմ սիրուց՝ ուրիշ ոչ մի տեղից: Պատվերներից խոսողները եւ ուրիշներին հավատաքննություններից՝ իրենք վտանգի տակ են պատվիրակատար եւ հավատաքննիչ դառնալու: Խնդրում եմ այս նուրբ, նախընտրական շրջանում չջլատենք հասարակական, հրապարակային, ընդդիմադիր, ժողովրդին պատկանող ուժերը, բաժան-բաժան չանենք, ինչպես եղավ անցյալ տարի՝ հրապարակում, հայտնի հացադուլի օրերին: Եթե թույլ տանք, որ դեռ ոչինչ չմեկնարկած, այսօր արդեն վերադառնանք անցյալ տարվա մարտի հրապարակային մենամարտերին, հռետորաբանությանը, ինքնահավան հատվածապաշտությանը, որի միջոցով ժողովուրդը բաժան-բաժան է լինում, շատ վատ օրեր են սպասվում մեզ բոլորիս»,- անձամբ իր եւ «Ժառանգության» հասցեին երեկվանից տեղացող որակումներին այսպես պատասխանեց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը եւ նաեւ բացատրեց, թե ինչու է առաջադրվել թիվ 7 ընտրատարածքում.«Երբ ես առաջադրեցի իմ թեկնածությունը երեկ՝ թիվ 7 ընտրատարածքում, ես չգիտեի, որ այնտեղ կա ընդդիմադիր, այլընտրանքային թեկնածու: Ես անձամբ անցյալ կիրակի, «Ժառանգության» խորհրդի նիստից հետո, երբ «Ժառանգությունը» որոշեց իր համամասնական եւ մեծամասնական թեկնածուներին, հետեւելով հետաքրքիր զարգացումներին, սպասում էի մինչեւ վերջին օրը, որպեսզի հասկանամ, թե որ ընտրատարածքը պիտի մնա անայլընտրանք, որպեսզի այնտեղ դնեմ թեկնածություն: Որեւէ տեղ չպիտի մնա անայլընտրանք: Յուրաքանչյուր թեկնածու պետք է ունենա իր այլընտրանքը, եւ ես իմ վրա վերցրեցի, որ ես կլինեմ այդ ընտրատարածքում այլընտրանքը»:
Նաեւ կոչ արեց. «Ժամը հնչել է, նրանք ովքեր իրենց համարում են ընդդիմադիր՝ կուսակցություններ, դաշինք, ինքնաառաջադրվածներ, նստեն մեծ սեղանի շուրջ՝ քանի ուշ չէ, եւ ողջամիտ, շրջահայաց եղանակով այնպես անեն, որ յուրաքանչյուր ընտրատարածքում մնա միայն մեկ ընդդիմադիր թեկնածու: Սա պետք է լինի հետեւողական, համապարփակ եւ ոչ քննադատական քննարկման միջոցով»:
Ավելի ուշ հնչած հարցին՝ այսինքն, եթե բանակցություններ լինեն, եւ ամեն ընտրատարածքում մեկ ընդդիմադիր թեկնածու մնա, դուք պատրա՞ստ եք հանել ձեր թեկնածությունը՝ հօգուտ Նիկոլ Փաշինյանի, պարոն Հովհաննիսյանը պատասխանեց. «Ինչպես միշտ»:
Նկատենք, որ, ի տարբերություն ՀԱԿ-ի, որը բացի երեք ընտրատեղամասից, մնացած բոլոր տեղամասերում թեկնածուներ է դրել, «Ժառանգությունը» մեծամասնական կարգով թեկնածուներ է առաջադրել թիվ 1-ում՝ Ստյոպա Սաֆարյան (այստեղ ՀԱԿ-ն առաջադրել է Գայանե Առուստամյանին), թիվ 4-ում՝ Զարուհի Փոստանջյան (ՀԱԿ-ից Արամ Մանուկյանն է), թիվ 6-ում՝ Արմեն Մարտիրոսյան (ՀԱԿ-ից՝ Ավետ Պողոսյան), թիվ 9-ում՝ Ռուբիկ Հակոբյան (ՀԱԿ-ից՝ Լեւոն Զուրաբյան), թիվ 12-ում՝ Անահիտ Բախշյան (ՀԱԿ-ից՝ Տիգրան Տեր-Պետրոսյան), եւ եւս երկու ընտրատարածքներում:
Կարդացեք նաև
Երբ կասկած հայտնվեց, որ, որքան էլ Րաֆֆի Հովհաննիսյանն ու Նիկոլ Փաշինյանը պայքարեն, միեւնույն է՝ Սամվել Ալեքսանյանն է հաղթելու, պարոն Հովհաննիսյանը չկարողացավ զսպել տարակուսանքը. «Ինչպես ենք պատկերացնում, որ ժողովուրդը դուրս կգա ճակատագրապաշտության ճիրաններից, եթե դուք՝ լրագրողներդ, որ գիտակից հասարակության մաս եք, կարծում եք, որ դա կատարված փաստ է արդեն: Ես մերժում եմ դա, որքան էլ գիտակցում եմ, որ դա ունի գիտակցական հենք: Ես ընտրեցի այն տարածքը, որտեղ իմ կարծիքով, այդ ճակատագրապաշտությունն առավել ցայտուն է, ռիսկային է, եւ այդ տեսակետից հարգում եմ նաեւ, որ Նիկոլ Փաշինյանն էլ է դրել այդ ընտրատարածքում»:
Այնուամենայնիվ՝ չգիտե՞ր պարոն Հովհաննիսյանն այն մասին, որ թիվ 7 ընտրատարածքում Նիկոլ Փաշինյանն էլ է առաջադրվել: Պարզվում է, որ չգիտեր. «Երեկ առավոտ զարթնեցի գրասենյակում, համացանցում կարդացի այդ գրազի մասին նախադասությունը, այն, որ անայլընտրանք տարածքի վտանգ կա, եւ ուզեցի առաջադրվել այնտեղ, այնպես անել, որ վերջապես գործարարը զբաղվի գործարարությամբ, հարկատուն՝ հարկատվությամբ եւ քաղաքական գործիչը՝ քաղաքականությամբ»:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ