Լրահոս
Օրվա լրահոսը

Գիզիրյանի մոտ ընկերը զարմացավ` լսելով, որ նա էլ է պատգամավորացու

Մարտ 23,2012 16:52

Այսօր Aravot.am-ը Շիրակի մարզպետարանի տարածքային վարչության պետ Կարլեն Աբրահամյանին հարցրեց, թե ինչպե՞ս է գնահատում մարզի մի քանի գյուղապետերի ու մարզպետարանի դաշնակցական վարչության պետերի պատգամավորացու դառնալու փաստը: Նշենք, որ ՀՅԴ-ի համամասնական ցուցակում ընդգրկվել են գյուղվարչության դաշնակցական պետ Մովսես Մանուկյանը, ֆինանսական վարչության պետի տեղակալ Հովսեփ Սիմոնյանը, ինչպես նաև Ախուրյանի դաշնակցական գյուղապետ Արծրուն Իգիթյանը: ՀՀԿ-ի ու ՀԱԿ-ի ցուցակում ևս կան գյուղապետեր, Կարմրաքարի գյուղապետ Գագիկ Վարադյանը ՀԱԿ-ի թեկնածուն է, Ախուրիկի գյուղապետ Վարդիթեր Գասպարյանն էլ` ՀՀԿ-ի: Որքան էլ զարմանալի է՝ պատգամավորի թեկնածու են նաև Շիրակի ներկա ու նախկին մարզպետները`գեներալ Աշոտ Գիզիրյանն ու դաշնակցական Ռոմիկ Մանուկյանը: «Եթե ես լինեի ցուցակներ կազմողը, կառաջնորդվեի լրիվ այլ սկզբունքներով, բայց դա իրենց գործն է: Ես կարծում եմ՝ ցուցակները համալրվում են այն մարդկանցով, որոնք կարող են ձայն բերել կուսակցությանը, այսինքն՝ հաշվի են առնում թեկնածուի հնարավորությունները: Եթե, օրինակ, վերլուծենք գյուղվարչության պետ Մովսես Մանուկյանի պատգամավորի թեկնածու դառնալը, կասեմ, որ մեր մարզում նա արտահայտված դաշնակ է, շփվելու կարողություն ունեցող, իսկ որ ամենակարևորն է` ապրում է ամենամեծ ընտրազանգված ունեցող համայնքում` Սառնաղբյուրում, այստեղ մոտ 2000 ընտրող կա»:

Մեր այն հարցին էլ, թե գյուղապետերի մասով ի՞նչ կասի, պարոն Աբրահամյանը պատասխանեց, որ նրանք ոչ մի բանով չեն զիջում խորհրդարանի պատգամավորներին: Իսկ ինչպե՞ս է վերաբերվում իր ամենամոտ ընկերոջ` Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանի և նախկին դաշնակցական մարզպետ Ռոմիկ Մանուկյանի ցուցակներում ընդգրկվելուն (նշենք, որ վերջինիս շիրակցիները հիշում են որպես ոչ գործարար մարդու), ի՞նչ է անելու նա խորհրդարանում: «Եթե այսպիսի մարդկանց չընդգրկեն ցուցակում, բա ո՞ւմ ընդգրկեն, դե վերջը այնպիսի մարդկանց պետք է ընդգրկեն, որոնք կուսակցության շուրջբոլորը մարդ կհավաքեն: Պարզ է, որ ցանկացած կուսակցություն էլ կուզենար գրագետ մարդկանց ընդգրկել իրենց ցուցակում, բայց ո՞ւմ է պետք գրագետը, եթե ճանաչում չունի: Իսկ այս տեսակ մարդիկ իրենց տարածքում, իրենց ոլորտում ռեսուրսներ ունեն», -Ռոմիկ Մանուկյանի վերաբերյալ ասաց մեր զրուցակիցը:

Պարոն Աբրահամյանը անակնկալի եկավ` լսելով, որ իր հարազատ ընկեր Գիզիրյանը ևս ՀՀԿ-ի ցուցակում է: «Հանկարծակիի եկա, էս ի՞նչ եք ասում, եթե ինձ հարցնեն՝ կասեմ, որ Գիզիրյանին ոչ մարզպետի պաշտոնն է պետք, ոչ էլ պատգամավորի աթոռը: Նրան միայն տեսնում եմ ուժային կառույցի ղեկավարի պաշտոնում, ընդ որում՝ օպերատիվ ծառայության գծով, որովհետև նա մարդկանց արագ ճանաչում է, ամենակործանված հիմնարկը կարող է ոտքի կանգնեցնել և ամենակարևորը՝ հիշաչար չէ: Նրան կենդանի աշխատանք է պետք, ոչ թե խորհրդարան», -կարծիք հայտնեց Գիզիրյանի ընկերը: Մեր ճշգրտող այն հարցին էլ, թե ի նկատի ունեք, որ խորհրդարանը մեռա՞ծ տեղ է, պարոն Աբրահամյանն այսպես պատասխանեց. «Ոչ, ուզում էի ասած լինեի, որ խորհրդարանը նստակյաց աշխատանք է պահանջում, իսկ Գիզիրյանը նստած աշխատանքի սովոր չէ»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031