Aravot.am-ը ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանից հետաքրքրվեց՝ ի°նչն է պատճառը, որ այսքան արժեզրկվել է պատգամավորի ինստիտուտը, կամ մի°թե ՀՀԿ-ն չունի բավարար ներուժ, որ անգամ շոու բիզնեսից է կադրեր բերում: Պարոն Սահակյանը պատասխանեց. «Հասարակությունն իր խնդիրների մի ահռելի մասը կապում է ԱԺ գործունեության հետ, նրան չի հետաքրքրում, որ ԱԺ պատգամավորը օրենսդիր է: Նա մտածում է, որ ձայն է տվել, պիտի կարողանա իր բոլոր խնդիրները լուծել: ԱԺ-ն քաղաքականությամբ զբաղվողների և քաղաքական գործիչների տեղ է»: Հակադարձեցինք՝ թե այդ դեպքում ինչո՞ւ են ՀՀԿ ցուցակում ընդգրկել շոու -բիզնեսի ներկայացուցչի: Պարոն Սահակյանը պատասխանեց. «Եթե խոսքը Շուշան Պետրոսյանի մասին է, ապա ես շատ կցանկանայի, որ մեր ազգի յուրաքանչյուր մարդ ի ծնե այնքան հայրենասիրական գաղափարներ ունենար և այն միջավայրում մեծանար, որտեղ Շուշանն է: Մյուս կողմից էլ՝ մշակույթը ևս քաղաքականություն է, և մշակութային քաղաքականության համար լավ կլիներ, որ ԱԺ-ում լինեին մշակութային գործիչներ»:
Գ. Սահակյանին փոխանցեցինք Վահան Հովհաննիսյանի այն դիտարկումը, թե լավ կլիներ ՀՀԿ-ն դիջեյների բերեր, քան նրանց, ում բերել է: ՀՀԿ խմբակցության ղեկավարը պատասխանեց. «Հենց այդպես էլ պարոն Հովհաննիսյանը առաջնորդվել է և ավելի շատ դիջեյներ է բերում: Իսկ մնացածը անձնական վիրավորանքներ են, քանի որ չեմ կարծում, որ Վահան Հովհաննիսյանի նկատի ունեցած մարդիկ ավելի ցածր որակի են, քան ես կամ Վահան Հովհաննիսյանը»:
Իսկ ճեպազրույցի ընթացքում, երբ անդրադարձ եղավ ՀՀԿ համամասնական ցուցակին, պարոն Սահակյանը խորհուրդ տվեց. «Թող իրենց ցուցակի դարդը լացեն: Այնպես չէ, որ մյուսների ցուցակում սրբեր են նստած»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ