Այսօր ԱԺ-ում տեղի ունեցած ճեպազրույցների ընթացքում Aravot.am-ը ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանին խնդրեց մեկնաբանել այն փաստը, որ ներկայումս ականատեսն ենք լինում պատգամավորի ինստիտուտի արժեզրկման, քանի որ մինչև համամասնական ցուցակները կազմելը՝ խոսակցություններ կային այնտեղ դիջեյների ընդգրկման մասին, իսկ ցուցակների հրապարակումից հետո արձանագրեցինք այնպիսի մարդկանց ներկայություն, որոնք արդեն հասցրել են հասարակության շրջանում արժեզրկվել: Այս կապակցությամբ պարոն Հովհաննիսյանն ասաց. «Այնպիսի կերպարներ են բերել, որ երևի ավելի լավ էր՝ դիջեյներ բերեին: Ձեր նշած հարցի առաջին պարզ պատճառն այն է, որ գործադիր իշխանությունն ուզում է ուղղակիորեն որևէ վերահսկողություն բացառել օրենսդիրի կողմից: Դրա համար ամեն ինչ անում է, որ խորհրդարանում հայտնվեն հլու– հնազանդ մարդիկ, որոնք, որպես կանոն, պիտի ունենան թույլ կետեր»:
Վ. Հովհաննիսյանը հայտարարեց, որ իրենց կուսակցությունը ուզում է խորհրդարանում այնքան ավելացնել իր ներկայությունը, որ կոալիցիաների կարիք չլինի:
Դառնալով այն հարցին, թե ի նչու են կուսակցություններն իրենց կարգախոսներում չարաշահում հավատ բառը, դա նշանակում է, որ հասարակության շրջանում կա հավատի պակա°ս, պարոն Հովհաննիսյանն այսպես պատասխանեց. «Իշխանությունները հավատը մսխել են: Հավատը ոչ թե քաղաքական, այլ բարոյական կատեգորիա է: Պարզապես իշխանությունները հասարակությանը համոզելու ուրիշ ոչ մի փաստարկ չունեն հավատից բացի, մյուս կողմից էլ՝ իշխանությունը ուշացումով հասկացել է, որ իրեն չեն հավատում»:
ՀՀԿ-ի համամասնական ցուցակը մեկնաբանելով՝ Վ. Հովհաննիսյանը նշեց. «Երբ նայում ես այդ ցուցակին, տեսնում ես, որ սայլը լցված է նույն այն ծանր քարերով, որոնք դժվար են տեղից շարժվում»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ