Այսօր՝ մարտի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ինչպես դեպքի վայրից Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 15.00-ի սահմաններում Հարավարևմտյան թաղամասում՝ Անդրանիկի փողոցում, իրար են բախվել 32-ամյա Ռուդիկ Հովեյանի վարած «Միցուբիշի Շառլոտ» մակնիշի 29 ՏՏ 550 համարանիշի և 41-ամյա Հրաչյա Մելքոնյանի վարած «ՎԱԶ 2102» մակնիշի 15 ՍԼ 310 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով «ՎԱԶ 2102»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճանապարհին կայանված մեկ այլ ավտոմեքենայի:
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց:
Արդեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները:
Նշված հատվածում խցանում է առաջացել. այնուամենայնիվ, ՃՈ աշխատակիցները կարողանում են մեծ դժվարությամբ վթարի վայրից հեռացնել հետաքրքրասեր քաղաքացիներին:
Դեպքի վայր է ժամանել ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Աշոտ Ասատուրյանը:
Քննիչի հանձնարարականով, ավտոմեքենաները տեղափոխվելու են Երևանի ՃՈ տուգանային հրապարակ:
Լուսանկարները՝ Գագիկ ՇԱՄՇՅԱՆԻ