Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՒՅՆ ԳԵՏԸ ՄԻ ՔԱՆԻ ԱՆԳԱՄ

Մարտ 23,2012 16:16

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆՉՈՐՍԵՐՈՐԴ

Գլուխ երրորդ

ՆՈՒՅՆ ԳԵՏԸ ՄԻ ՔԱՆԻ ԱՆԳԱՄ

Չնայած պատմությունը կրկնվելու հատկություն ունի, պարսիկների ու մեր թշնամությունը չկրկնվեց եւ Ավարայրով սահմանափակվեց, իսկ ինչ վերաբերում է փղերին, մենք, ի դեմս Հրանտ Վարդանյանի, էսօրվա օրով ահագին փող ենք ծախսում եւ հնդստաններից էդ բարի ու խաղաղասեր կենդանուն իր էգով հանդերձ բերում ենք Հայաստան՝ մշտական բնակության, բայց, եթե դեռեւս հիշում եք, իմ բուն ասելիքը ոչ թե պարսիկներին ու փղերին էր վերաբերում, այլ՝ մարդկային ու քրիստոնեական հեզությանն ու խոնարհությանը, ինչպես նաեւ՝ մարդկային ու քրիստոնեական հեզությունից ու խոնարհությունից հրաժարվելու մեր էսօրվա հակումներին, եւ քանի որ մենք աշխարհում առաջինն ենք Քրիստոնեությունը պետական կրոն հռչակել, եւ քանի որ պետական հռչակված մեր կրոնը, հեզությունից ու խոնարհությունից բացի, նաեւ ատամն ընդ ատաման խորհուրդն է ներառում, մենք նաեւ էդ հորդորին ենք հետամուտ, մանավանդ որ, մենք, պարսիկներից բացի, մշտական այլ հարեւաններ էլ ունենք, որոնցից երկուսը, ի տարբերություն պարսիկների, մեր մշտական թշնամյաց ցուցակն են համալրում, բայց, եթե դեռեւս հիշում եք, իմ բուն ասելիքը ոչ թե մեր մշտական թշնամիների հանդեպ մեր մշտական թշնամությանն էր վերաբերում, այլ՝ հայերիս հանդեպ հայերիս հանդուրժողականությանը, ավելի ճիշտ՝ էդ հանդուրժողականության քչությանն ու էդ հանդուրժողականության անհրաժեշտությանը, եւ դրանից առաջ էլ ասելիքս էն էր, որ մարդկանց եւ նույնիսկ հայերիս մեջ լավեր ու վատեր կան, եւ չնայած լավն ու վատը կյանքում հարաբերական են, եւ չնայած լավն ու վատը մեր կյանքում էլ են հարաբերական, եւ չնայած երբեմն վատ մարդը մեկի համար շատ լավն է, իսկ մյուսի համար էլ լավն է շատ վատ, այդուհանդերձ եւ ընդհանուր առմամբ՝ լավը հիմնականում լավի համարում ունի, եւ վատը՝ վատի, եւ, եթե ասածներս դեռեւս հիշում եք, վատը նրանք են՝ ովքեր մշտապես են չարի իշխանության տակ գտնվում, եւ լավն էլ նրանք են, ովքեր դեպքերի բերումով՝ դեպքից դեպք ու ժամանակ առ ժամանակ են գայթակղությունների ենթարկվում ու չարի իշխանության տակ հայտնվում, ավելի ճիշտ՝ էս վերջինները ոչ թե լավերն են, այլ՝ համեմատաբար լավերը, եւ էս վերջիններին համեմատաբար եմ լավ անվանում, որովհետեւ իրականության մեջ բացարձակ լավեր գոյություն չունեն, ավելի ճիշտ՝ բացարձակ լավերը սրբերն են, որոնց հազարից մեկ ենք հանդիպում կամ ընդհանրապես չենք հանդիպում, եւ եթե նույնիսկ հանդիպում էլ ենք,  առաջին հայացքից չենք ճանաչում, եւ շատ դեպքերում երկրորդ ու երրորդ հայացքից էլ չենք ճանաչում, եւ չնայած Հավատացյալ Խորենին հանդիպել ու ճանաչել եմ, դրանից առանձնապես չեմ շահել, որովհետեւ իրեն չափազանց ուշ՝ հետին թվով ու, փաստորեն, հետմահու եմ ճանաչել, եւ հատկապես էս վեպը գրելու ընթացքում եմ ճանաչել, ավելի ճիշտ՝ էս վեպը գրելու ընթացքում իրեն ճանաչելու որոշ փորձեր եմ արել, եւ հիմա էլ եմ էդ փորձերս շարունակում, ընդ որում՝ ահագին ուշացումով ու ընդամենը էս վեպիս առիթով. այսինքն, էս վեպս չափազանց լավ առիթ է՝ կյանքում տեսածներս թեկուզեւ հետին թվով ու էսքան ուշացումով ճանաչելու, եւ եթե էս վեպիս ընթացքում ինձ հաջողվի թեկուզեւ հետին թվով  ու ինչ-որ չափով ճանաչել չճանաչածս, դրանից ոչ միայն ինքս կշահեմ, այլեւ՝ հատուկենտ ընթերցողներս էլ, որովհետեւ, ըստ ամենայնի, դուք էլ ձեր կյանքում ձեր տեսածները չեք ճանաչել կամ, լավագույն դեպքում, կիսատպռատ եք ճանաչել, եւ եթե իմ էս ճանաչողական ուշացած գործընթացը թեկուզեւ փոքր-ինչ նպաստի ձերինին, մենք միասին հաջողությամբ կշարունակենք էս չափազանց երկար եւ, հուսով եմ, ճշմարիտ ուղին, եւ էս երկարուձիգ ճանապարհի վերջերում միգուցե հաջողացնենք հասկանալ ու ճանաչել որոշ բաներ մեր չհասկացածներից ու չճանաչածներից, եւ եթե մեզ հաջողվի հասկանալ ու ճանաչել որոշ բաներ մեր չհասկացածներից ու չճանաչածներից, ես կհամարեմ, որ ձեզ հետ էս երկարուձիգ ճանապարհն իզուր չանցանք, եւ էս ասածս ոչ թե իմ ու ձեր ապրած կյանքին է վերաբերում, այլ՝ իմ էս անվերջանալի ու անծայրածիր շատախոսությանը, որի մեջ ոչ միայն ինձ ներքաշեցի, այլեւ ինձ  պես մի քանի այլ միամիտների ու պարզամիտների, որոնք ինձ պես միամտաբար կարծում են թե՝ էս ամենը ոչ թե սովորական շատախոսություն է, այլ՝ լիքը բառերով ու մտքերով ուղղորդված մի ճանաչողական գործընթաց, որի արդյունքն ու վերջն առայժմ չեն նշմարվում, եւ եթե որոշ բաներ նշմարվում էլ են՝ դրանք վերջի ու ավարտի  որոշ շորշոփներն են, բայց քանի որ պատմությունը կրկնվելու հատկություն ունի, հույս ունեմ եւս մի քանի շրջան կրկնվելով՝ իմ ու ձեր կյանքից եւս մի քանի դիտարկումներ կատարել եւ, որ ամենակարեւորն է, հետ վերադառնալով եւ անցյալ դարի յոթանասունականների վերջերից ու իմ «Ծիծեռնակի» շրջանից վերսկսելով՝ վերագտնել էս վեպիս սյուժետային հիմնական գիծը, որը հիմնականում եւ ընդհանուր առմամբ համընկնում ու զուգորդվում է  անձամբ իմ կյանքի ժամանակի հետ, բայց, նախքան վերադառնալս, կփորձեմ գտնել  պատասխաններն էն հարցերի, որոնք կամայականորեն  բարձրացնելով՝ կամայականորեն էլ անպատասխան թողեցի, բայց, նախքան պատասխանները գտնելը, պիտի նկատեմ, որ ամեն անգամ էստեղ՝ Ծաղկաձորի մեր էս ստեղծագործական տանն են էս կամայական ու հանկարծակի հարցերը ծագում ու առաջանում, եւ ամեն անգամ էդ հանկարծակի առաջացած հարցերի հնարավոր ու անհնարին պատասխանները Ծաղկաձորի մեր էս ստեղծագործական տան տարածքում եմ փորձում գտնել, եւ պատմությունը նաեւ էն իմաստով է կրկնվում, որ ամեն աշուն հենց Ծաղկաձորի մեր էս ստեղծագործական տանն եմ ընթացիկ հատորս ավարտում ու հաջորդս սկսում, եւ պատմությունը նաեւ էն իմաստով է կրկնվում, որ ամեն աշուն մի քանի շաբաթ Ծաղկաձորի մեր էս ստեղծագործական տանը հայտնվելով՝ ոչ միայն էս վեպս եմ բարեհաջող առաջ տանում, այլեւ հանգամանորեն դիտում եմ Ամալյանի մրցույթում հաղթած մեր հեռուստաընկերությունների հաղորդումները, ընդ որում՝ գրողի ու հեռուստադիտողի իմ գործը զուգահեռաբար ու միաժամանակ եմ կատարում ու առաջ տանում, եւ առաջվա պես դրանք ամենեւին էլ իրար չեն խանգարում՝ մանավանդ  Նազենիի «Երջանկության մեխանիկայի» դեպքում. այսինքն, Նազենիի էդ հաղորդման առումով էլ է պատմությունը շարունակվելով կրկնվում, եւ չնայած Տոլստոյն ասել է՝ բոլոր երջանիկ ընտանիքները նման են իրար, իսկ դժբախտները դժբախտ են յուրովի,- այդուհանդերձ, Նազենիի կողմից հրավիրված էս բոլոր երջանիկները երբեմն տարբեր են իրարից, եւ, փառք Աստծո, որ մենք էսքան շատ երջանիկ ընտանիքներ ունենք,  այլապես Նազենիի էս հաղորդաշարը վաղուց ավարտված ու իրեն սպառած կլիներ, մինչդեռ իր էս հաղորդումը ոչ միայն բարեհաջող շարունակվում ու վերարտադրվում է, այլեւ անկրկնելի ու աննախադեպ նորանոր երջանիկների է հայտնաբերում՝ ակամա ու հընթացս Տոլստոյի էդ ասածը հերքելով, այն է՝ ոչ միայն դժբախտ ընտանիքներն են իրարից չափազանց տարբեր, այլեւ՝ երջանիկները, եւ հենց էս պահին, ահա, Նազենին չափազանց համոզիչ կերպով է Տոլստոյի ասածի հակառակն ապացուցում, որովհետեւ էս պահին Նազենիի հյուրերը տեր եւ տիկին Ջանիբեկյաններն են, ավելի  ճշգրիտ՝ տեր Ջանիբեկյան Կարենն ու տիկին Անթառանյան Լիանան, որոնք ընդամենը մի քանի շաբաթվա ամուսիններ են, եւ Լիանան դեռեւս չի հասցրել Կարենի հետ զագսավորվել ու Ջանիբեկյան դառնալ, իսկ ավելի ստույգ՝  Լիանան իր նախկին ամուսնուց օրենքով ու դատարանով դեռ չի էլ բաժանվել, որպեսզի Կարենի  հետ զագսավորվեր ու Ջանիբեկյան դառնար, իսկ մինչ այդ նրանք, ահա, անսպասելիորեն հայտնվել են Նազենիի հյուրընկալ սրահում եւ հեռուստադիտողներին պատմում են իրենց անակնկալ ու անկանխատեսելի սիրո պատմությունը, որի մասին, միանգամայն պատահականորեն, նախքան Նազենիի էս հաղորդումն եմ իմացել, որովհետեւ երեկ երեկոյան, երբ ընթրիքին ճաշարանում բանաստեղծուհի Լենա Անթառանյանին հանդիպելով ասացի, որ մի քանի օր առաջ Սունդուկյանի թատրոնի պատին իր ներկայացման աֆիշն եմ տեսել, ինքը ներողամտորեն ժպտալով ասաց՝ «սխալ ես տեսել, Արմեն ջան», եւ երբ զարմացած հարցրի՝ «ի՞նչն եմ սխալ տեսել», ինքը ներողամտորեն ժպտալով ավելացրեց՝ «ավելի ճիշտ՝ սխալ ես կարդացել», եւ ես ավելի զարմացած հարցրի՝ «ի՞նչն եմ սխալ կարդացել», եւ ինքը ներողամտորեն ժպտալով բացատրեց ու ասաց՝ «էդ աֆիշի վրա ոչ թե Լենա Անթառանյան ա գրված, այլ՝ Լիանա Անթառանյան», եւ ես զարմացած հարցրի՝ «Լիանա Անթառանյա՞նն ով ա», եւ Լենան ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «դրամատուրգ ա» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «համ էլ՝ հորեղբորս թոռն ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «համ էլ՝ դերասան Կարեն Ջանիբեկյանի կինն ա», եւ ես զարմացած ասացի՝ «ես Կարենի կնոջը ճանաչում եմ, բայց իրա անունը Լիանա չի», եւ Լենան զարմացած հարցրեց՝ «բա ի՞նչ ա», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «Անահիտ», եւ Լենան մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «էդ Անահիտն ինչացո՞ւ ա», եւ ես ծիծաղելով պատասխանեցի ու ասացի՝ «թարսի պես ինքն էլ ա դրամատուրգ» եւ ժպտալով ավելացրի՝ «դրամատուրգ Անահիտ Աղասարյանն ա», եւ Լենան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «հասկացա», եւ ես ժպտալով հարցրի՝ «ի՞նչը հասկացար», եւ Լենան ասաց՝ «էդ քո ասած Անահիտը  վայ թե Կարեն Ջանիբեկյանի նախկին կնանիքից մինն ա», եւ ես ժպտալով ասացի՝ «ոչ թե նախկին կնանիքից մինն ա, այլ՝ նախկին կնանիքից ամենավերջինն ա», եւ Լենան մի քիչ մտածեց ու ներողամտորեն ժպտալով ասաց՝ «տեղեկություններդ մի քիչ հին են, Արմեն ջան» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ամենավերջինը հորեղբորս թոռ Լիանչիկն ա», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «հավատալու բան չես ասում», եւ Լենան ժպտալով ասաց՝ «սկզբում ես էլ չէի հավատում, բայց մի քիչ առաջ Նազենիի հաղորդումը որ տեսա, արդեն չեմ կարա չհավատամ», եւ ես զարմացած հարցրի՝ «ի՞նչ հաղորդում», եւ Լենան ասաց՝ «մի քիչ առաջ Նազենիի «Երջանկության մեխանիկայի» հյուրերն իրանք էին», եւ ես հարցրի՝ «ովքե՞ր», եւ Լենան ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «մեր նորապսակները» եւ ժպտալով ավելացրեց՝ «Կարեն Ջանիբեկյանն ու մեր Լիանչիկը», եւ ես զարմացած ասացի՝ «Նազենիի հաղորդումն էս քանի օր ա նայում եմ, բայց իրանց չեմ տեսել», եւ Լենան զարմացած ինձ հարցրեց՝ «վերջին անգամ ե՞րբ ես էդ հաղորդումը նայել», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «էսօր», եւ Լենան ապշահար ինձ նայեց, մի քիչ մտածեց ու ասաց՝ «որ հորեղբորս թոռանը չես ճանաչել, էդ հասկանալի ա, բայց որ Կարեն Ջանիբեկյանին չես ճանաչել, էդ շատ զարմանալի ա», եւ ես ժպտալով ասացի՝ «հազար տարի ա՝ Կարենին ճանաչում եմ», եւ Լենան ժպտալով հարցրեց՝ «անձա՞մբ», եւ ես ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «հա», եւ Լենան ժպտալով ասաց՝ «մեծ շրջապատ ունես» եւ մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «կարող ա՞ Նազենիին էլ ես ճանաչում»,  եւ ես ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «շատ լավ եմ ճանաչում», եւ Լենան ժպտալով հարցրեց՝ «անձա՞մբ», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «հա», եւ Լենան մի քիչ մտածեց ու ասաց՝ «սաղին ճանաչում ես՝ բացի ամենակարեւորից», եւ ես հարցրի՝ «ամենակարեւորն ո՞վ ա», եւ Լենան ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «հորեղբորս թոռը՝ Լիանչիկը» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «մենակ պիտի տեսնեիր՝ ո՜նց էին Կարեն Ջանիբեկյանի հետ երջանիկ ճտպտում», եւ ես հարցրի՝ «որտե՞ղ էին ճտպտում», եւ Լենան պատասխանեց ու ասաց՝ «Նազենիի էդ հյուրասրահում», եւ ես զարմացած հարցրի՝ «ե՞րբ», եւ Լենան պատասխանեց ու ասաց՝ «էսօր», եւ ես ավելի զարմացած ասացի՝ «էսօր Նազենիի  հաղորդումը տեսել եմ, բայց իրա հյուրերը լրիվ ուրիշ մարդիկ էին», եւ Լենան ապշահար նայեց ինձ ու հարցրեց՝ «ի՞նչ ուրիշ մարդիկ», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «Լենինականի թատրոնի դերասաններ էին՝ էլի մարդ ու կնիկ», եւ Լենան ապշահար հարցրեց՝ «դրանց ե՞րբ ես տեհել», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «էսօր առավոտ» եւ մի քիչ մտածեցի ու ավելացրի՝ «ավելի ճիշտ՝ ցերեկվա կողմերը», եւ Լենան մի քիչ մտածեց ու ներողամտորեն ժպտալով հարցրեց՝ «ցերեկվա «Հայլուրից» առա՞ջ», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «երեւի», եւ Լենան մի քիչ մտածեց  ու ներողամտորեն  ժպտալով ասաց՝ «պարզ ա», եւ ես հարցրի՝ «ի՞նչն ա պարզ», եւ Լենան ներողամտորեն ժպտալով ասաց՝ «դու Նազենիի էդ հաղորդման կրկնությունն ես տեհել» եւ ներողամտորեն ժպտալով ավելացրեց՝ «ամեն օր՝ ցերեկվա մեկի «Հայլուրից» առաջ իրա էդ «Երջանկության մեխանիկան» կրկնում են», եւ ես ժպտալով ասացի՝ «ինձ էլ թվում էր՝ իսկականն եմ նայում» եւ ժպտալով հարցրի՝ «բա իսկականը  ե՞րբ ա», եւ Լենան ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «իսկականը մի քիչ առաջ պրծավ» եւ փռթկացնելով ավելացրեց՝ «մենակ պիտի տենայիր՝ մարդուկնիկ ո՜նց էին բլբլում», եւ ես հարցրի՝ «ի՞նչ էին բլբլում», եւ Լենան ծիծաղելով պատասխանեց ու ասաց՝ «բացատրում էին՝ երջանկությունն ինչ բան ա» եւ մի քիչ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «բացատրում էին՝ ոնց պիտի անես, որ երջանիկ լինես», եւ ես ժպտալով հարցրի՝ «ո՞նց պիտի անես», եւ Լենան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «վաղը որ էդ հաղորդման կրկնությունը նայես, լրիվ կհասկանաս», եւ ես ժպտալով ասացի՝ «անպայման կնայեմ», եւ Լենան ժպտալով ասաց՝ «որ նայես՝ հետո կխոսենք», եւ հիմա՝ երբ էս բաները գրում եմ, արդեն Նազենիի դույն հաղորդման կրկնությունը տեսել եմ եւ երջանկության մասին արդեն ահագին պատկերացում ունեմ, եւ, որ ամենակարեւորն է, արդեն վերջնականապես եմ հասկացել, որ երջանիկ ընտանիքներն էլ, ինչպեսեւ դժբախտները, միանգամայն տարբեր են իրարից, եւ որպեսզի ձեզ համար էլ ամեն ինչ պարզ լինի, հիմա ձեզ  համար կպատմեմ էն ամենը՝ որ Նազենիի հաղորդման ընթացքում հեռուստադիտողներին պատմեցին երջանիկ նորապսակներ Ջանիբեկյան Կարենն ու Անթառանյան Լիանան, եւ դուք իրենց ու իրենց երջանկության մասին ավելի շատ բան կիմանաք, քան՝ շարքային հեռուստադիտողները, որովհետեւ ես իրենց ու իրենց երջանկության մասին կպատմեմ ոչ միայն էն ամենը՝ որ Նազենիի էդ հաղորդման կրկնության ընթացքում իրենք իրենց մասին պատմեցին, այլեւ էն ամենը՝ որ էդ հաղորդման կրկնությունից առաջ վանաձորցի  բանաստեղծուհի Լենա Անթառանյանից իմացա, ինչպես նաեւ էն ամենը՝  որ գիտեմ Ջանիբեկյան Կարենի նախորդ ամուսնությունների մասին, եւ, կարծում եմ, ձեզ համար ամենեւին էլ անհետաքրքիր չի լինի, որովհետեւ մարդ արարածն իր վերջին շնչում անգամ երջանիկ լինելու հույսը չի կորցնում, եւ երջանկության հույսը չեն կորցնում հատկապես նրանք՝ ովքեր էս կյանքում միշտ պատրաստ են եւս մեկ անգամ ամուսնանալ, եւ ուսումնասիրություններս ցույց են տվել, որ ընթերցողներիս մեջ էլ էդպիսիք քիչ չեն, էլ չասած՝ որ ընթերցողներիս մեջ բազմաթիվ են նաեւ էնպիսիք, որոնք առանց Կարեն Ջանիբեկյանից օրինակ  վերցնելու՝ միանգամայն ինքնուրույն են երկու ու ավելի անգամ ամուսնացել, եւ քանի որ նախորդ հատվածիս մեջ խոսք գնաց քաջության ու համարձակության, ինչպես նաեւ զգուշավորության ու վեհերոտության մասին, պիտի էս առիթն  օգտագործելով ասեմ, որ իմ կարծիքով ու իմ պատկերացմամբ՝ մահկանացուներիցս  ամենաքաջերն ու ամենահամարձակները նրանք են՝ ովքեր էս մինուճար կյանքում երկու, երեք ու ավելի անգամ են ամուսնանում, եւ չնայած ասված է՝ նույն գետը երկրորդ անգամ չես մտնի,- էս ամենաքաջերն ու ամենահամարձակները նույն գետը երկրորդ, երրորդ ու չորրորդ անգամ քաջաբար ու հերոսաբար լավ էլ  մտնում են, եւ ամեն անգամ նույն գետը մտնելիս՝ վերստին բախտավորվում ու երջանկանում են, ընդ որում՝ չեն զլանում իրենց նոր բախտի ու նոր երջանկության մասին տեղեկացնել շրջապատին ու հասարակությանը, եւ չնայած էս ամենաքաջերի ու ամենահամարձակների  մասին էսպես ընդհանուր ու ընդհանրական եմ արտահայտվում, ըստ ամենայնի՝ էդ երկու ու ավելի անգամ ամուսնացածներն էլ են իրարից միանգամայն տարբեր՝ ինչպես որ ընդամենը մի անգամ ամուսնացողներս ենք իրարից էապես տարբեր,  բայց, ըստ ամենայնի, երկու ու ավելի անգամ ամուսնացածներն իրար ավելի են նման, քան՝ մեզ, թեկուզեւ նրանով, որ իրենք միամտաբար էն կարծիքին են, թե՝ ընդամենը մի անգամ ամուսնացածներս էդ միակ  անգամ միանգամայն հաջող ենք ամուսնացել, մինչդեռ միանգամյա ամուսնացածներս միանգամայն այլ կերպ ենք մտածում. մտածում ենք, որ, ընդհանուր առմամբ, հաջող ու անհաջող ամուսնություններ չեն լինում, այլ լինում են միանգամայն համարձակ ու վճռական տղամարդիկ, որոնք նախ քաջաբար ու վճռականորեն ամուսնալուծվում են, ապաեւ՝ նորից ու նորովի  ամուսնանում, եւ տղամարդկանց եմ շեշտում, որովհետեւ մանավանդ Հայաստանում ամուսնություններն ու մանավանդ բաժանությունները հիմնականում կախված են տղամարդու կամքից ու ցանկությունից, եւ չնայած  առանձին դեպքերում կանայք էլ են հանդիսանում ընտանիքի հիմքերի խարխլման ու կազմաքանդման նախաձեռնողներ, հատկապես  Հայաստանում վճռական ու վերջնական խոսքը տղամարդունն է՝ մանավանդ  ապահարզանի հարցում, եւ տղամարդիկ հատկապես ապահարզանից հետո են սկզբունքայնություն ու վճռականություն հանդես բերում, այսինքն՝ ոչ մի դեպքում չեն մտածում ընտանիք վերադառնալու մասին, եւ չնայած բացառություններ լինում են, ես հիմնականում օրինաչափությունները նկատի  ունեմ՝ իմանալով հանդերձ, որ որոշ դեպքերում հենց ամուսիններն են վերամիավորման թախանձագին խնդրագրեր ներկայացնում իրենց նախկին կանանց, բայց հիմնականում ու սովորաբար ամուսնալուծությունից հետո կանայք են փոշմանում եւ կանայք են իրենց հոգու խորքում վերամիավորման ձգտում, եւ եթե իրենց էդ  ձգտումն առերես ու բացահայտ չեն արտահայտում, դրա պատճառն էլ ոչ թե կանացի ամոթխածությունն է, այլ կանացի թերահավատությունը՝ թե իրենց երբեմնի կողակիցներն ընտանիք կվերադառնան, բայց ավելի լավ է վերադառնանք Ջանիբեկյան Կարենի էս վերջին ամուսնության պատմությանը, որովհետեւ էս թեմայով ինչքան խոսենք՝ էնքան կխոսվի,  եւ ինչքան խոսենք՝ էնքան ավելի անհեթեթ ու վիճելի եզրակացությունների կհանգենք, քանի որ, ինչպես նախորդիվ եզրակացրինք, երկու եւ ավելի անգամ ամուսնացածներն իրարից  միանգամայն տարբեր են՝ ինչպես որ միանգամյա ամուսնացածներս ենք իրարից միանգամայն տարբեր, եւ Ջանիբեկյան Կարենի օրինակն էլ է դրա ապացույցը:

Շարունակությունը՝ հաջորդ շաբաթ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031