Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի իշխանությունները լի են վճռականությամբ անցկացնելու ամենաթափանցիկ և ազատ ընտրությունները

Մարտ 23,2012 16:00

Հայաստանի իշխանությունները լի են վճռականությամբ մեր երկրի նորանկախ պատմության մեջ անցկացնելու ամենաթափանցիկ և ազատ ընտրությունները: Այս մասին հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ «Դեպի ազատ և թափանցիկ ընտրություններ» խորագրով կոնֆերանսի ընթացքում:

«Ազատ և թափանցիկ ընտրությունները խիստ կարևոր քաղաքական խնդիր են մեր պետության համար: Երբևէ մեր հանրությունն այսքան չի կարևորել այդ հանգամանքը, որքան այս ընտրությունների ժամանակահատվածում, քանի որ դրա համար կան լրջագույն պատճառներ: Ես տեսնում եմ հետևյալ նախադրյալները, թե ինչու դա իրականություն կդառնա: Առաջին, իշխանություններն ունեն քաղաքական կամք՝ անցկացնելու այդպիսի ընտրություններ, երկրորդ,  Հայաստանի Հանրապետության հասարակությունն այսօր առավել քան երբևէ պատրաստ է ազատ և արդար ընտրությունների անցկացմանը»,- ասել է վարչապետը:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ ինչպես արձանագրել են ընդդիմության ներկայացուցիչները՝ ՀՀ-ում ձևավորվել է քաղաքացիական հասարակություն, որը խստապահանջ է լինելու այս ընտրությունների նկատմամբ և խստագույնս վերահսկելու է դրանք: «Սա երկրորդ կարևորագույն երաշխիքն է, որ մենք անցկացնելու ենք ազատ և թափանցիկ ընտրություններ: Երրորդ հանգամանքը կայանում է նրանում, որ այս տարիների ընթացքում օգտվելով նաև միջազգային տեխնիկական օժանդակությունից՝ մենք էապես բարելավել ենք Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը, այդ թվում նաև ընտրական օրենսգիրքը, որն այժմ հաշվի է առնում նախորդ ընտրությունների ընթացքում տեղի ունեցած խախտումները, բացթողումները և թերությունները, ինչի արդյունքում ստեղծվել է ավելի լավ օրենսդրական դաշտ»,- նշել է Տիգրան Սարգսյանը :

Վարչապետն ասել է, որ իրավապահ մարմինները նույնպես ձեռք են բերել նոր գիտելիքներ, հմտություններ, թե ինչպես պետք է գործեն ընտրությունների ժամանակահատվածում, որպեսզի հասարակությունը վստահ լինի, որ որևէ խախտում չի մնալու անպատիժ, բոլոր խախտումները բացահայտվելու են և մեղավորները լինելու են պատասխանատու իրենց արարքների համար:

Տիգրան Սարգսյանի խոսքով՝ ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների դարում հասարակության համար ստեղծվում են լրացուցիչ երաշխիքներ և հնարավորություններ՝ ընտրությունները վերահսկելու առումով: «Չափազանց կարևոր է այն, որ մեր հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի այս հնարավորությունից կարող է օգտվել: Համոզված եմ նաև, որ այսօրվա մեր կոնֆերանսն իր լուման է ներդնելու ազատ և թափանցիկ ընտրությունների կազմակերպման գործում, քանի որ հանրությանն են ներկայացվելու մանրամասներ, թե ինչպես են պաշտպանվելու ընտրողների իրավունքները և դրանց իրացման ճանապարհները, որը նույնպես լրացուցիչ երաշխիք է ստեղծելու, որ մենք ձեզ հետ միասին անցկացնենք ազատ և արդար ընտրություններ»,- նշել է վարչապետը:

Կոնֆերանսի բացմանը մասնակցում էին ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը, Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնը և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Այն կազմակերպել է ՀՀ գլխավոր դատախազությունը՝ մեր երկրում ԱՄՆ դեսպանության աջակցությամբ:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031