Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վերլուծաբանները՝ «նսեմացված» ՀՀԿ-ի եւ «փչացած» հարցումների մասին

Մարտ 23,2012 15:56

Քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը եւ քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանն այսօր «Հայելի» ակումբում գնահատեցին կուսակցությունների համամասնական ցուցակները: Կարեն Քոչարյանն այն համոզմանն է, թե ՀՀԿ-ն շատերին է հիասթափեցրել. «Ցուցակի առաջին տասնյակում կարծես թե խնդիր չկա, բայց 15-րդ տեղից պատկերն այլ է: Պետք էր ներառել երիտասարդ եւ գոնե տառաճանաչ մարդկանց, այլ ոչ թե օլիգարխների: Միայն մեկ-երկու նոր դեմքերով հարցը չի կարող լուծվել»: Քաղտեխնոլոգը հավելեց, որ այս կերպ ՀՀԿ-ն իրեն նսեմացնում է: Իսկ Ալեքսանդր Մարգարովն, ընդհակառակը, ՀՀԿ-ի ցուցակում նկատում է որոշակի երիտասարդացում, չնայած այն հանգամանքին, որ կուսակցությունը հանդես է գալիս գրեթե հին կազմով. «Հայտնի քաղաքական գործիչների ներառումը հասկանալի է, հետեւաբար՝ տրամաբանական: Այսպիսով, կուսակցությունը ձեռք է բերում քաղաքական հենարան»:

Անդրադառնալով ԲՀԿ-ին, Կ. Քոչարյանը նշեց. «Առաջադրված անդամները հանրաճանաչ են, բայց արդյոք դա կուսակցությանը դրական արդյունք կբերի՞»: Ալեքսանդր Մարգարովի կարծիքով, հանրաճանաչ անունները դեր չեն խաղում ձայների հավաքման հարցում, քանի որ ԲՀԿ-ի գործունեությունն առաջնահերթ կապված է կուսակցության լիդերի հետ. «Ընտրողը ձայնը կտա ԲՀԿ-ին, որովհետեւ ղեկավարը Գագիկ Ծառուկյանն է: Իսկ քաղաքականացվելով՝ ԲՀԿ-ն ուզում էր ցույց տալ, որ լիդերի կուսակցություն չէ»:

Համեմատելով ԲՀԿ-ի եւ ՀԱԿ-ի լիդերներին՝ Կ, Քոչարյանը նշեց, որ ի տարբերություն ԲՀԿ-ի սոցիալական լիդերի, ՀԱԿ-ի լիդերը քաղաքական է. «Չլիներ Լեւոն Տեր-Պետրոսյանը, չէր լինի ՀԱԿ-ը: Կուսակցության խնդիրն այն է, որ մեկ-երկու մարդու հանած՝ ՀԱԿ-ից մնում է ՀՀՇ»: Խնդրի շուրջ Ալեքսանդր Մարգարովը կարծիք հայտնեց, թե ՀՀՇ-ի վարկանիշը միշտ ցածր է եղել Լ. Տեր-Պետրոսյանի անձնական վարկանիշից. «Հետեւաբար, Տեր-Պետրոսյանն այն գործոնն է, որ առաջ է քաշում ՀԱԿ-ին: Ինչեւիցե, կուսակցությունը հանդես է գալիս ընդդիմադիր դաշտի տարբեր ուժերի միավորումով, ինչը խորհրդարանական ընտրությունների պարագայում նոր քաղաքական ձեւաչափ է»:

«Ժառանգության» և «Ազատ դեմոկրատների» վերաբերյալ Կ. Քոչարյանը նշեց, որ վերջիններիս ցուցակներն անխոցելի են, «Դաշնակների ցուցակը դասական է, իսկ «Ժառանգությունը» վերջին տարիներին ավելի շատ հասարակական գործունեություն է է ծավալել: Երկուսն էլ ունեն միեւնույն գաղափարախոսությունը»: Ալեքսանդր Մարգարովի խոսքով՝ «Ժառանգությունը» ձգտում է ցույց տալ, որ բացի Րաֆֆի Հովհաննիսյանից, կուսակցությունն ունի խորհրդարանական գործունեությանը հավակնող այլ ակտիվ անդամներ:

Ինչպես հայտնի է, «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպությունը երեկ հրապարակել էր հարցման արդյունքները, համաձայն որոնց՝ ընտրողների ձայների մեծամասնությունը հավաքել է ԲՀԿ-ն: Կ. Քոչարյանն անիմաստ որակեց այդ հարցման արդյունքները՝ համարելով, թե վերջին 20 տարիների ընթացքում Հայաստանում անցկացվել են «փչացած» հարցումներ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031