«Հայ աղջիկը ժամացի վայրերում չի նայվում»,- կարծում են շատ հայ տղաներ՝ ժամանցի վայրերն էլ նկատի ունենալով կազինոները, գիշերային ակումբները, բարերը: Հարցման ընթացքում աղջիկների մեծ մասը ժխտեցին. իրենք ժամանցի վայրերում չեն լինում, բացառությամբ` սրճարաններից, մասամբ էլ կարաոկեներից: Սակայն Լուիզան, որպես ականատես, հաստատում է, որ Հանրապետության հրապարակում կազմակերպվող դիսկոտեկների ժամանակ աղջիկները չեն զիջում տղաներին` ո՜չ թվով, ոչ էլ աշխուժությամբ: «Հաճախ հանդիպում են նաև ծխող և գարեջրի շշին «փաթաթված» ինքնամոռաց պարող աղջիկներ»,- ասում է նա: Տղաներն էլ կարծում են, որ «լավ աղջիկը» չի գնա գիշերային ակումբ պարելու, եթե նա այնտեղ է, ուրեմն «տղա կպցնելու» համար է: Ժամանցի վայրերում աշխատողերի համար՝ աղջիկների հեգնանքով պատասխաններն անընդունելի են, նրանք էլ են ասում՝ «հայուհիների» թիվը ակումբներում վերջին տարիներին զգալի չափով մեծացել է . «Բոլորս էլ ցանկանում ենք հաճելի և ուրախ ժամանակ անցկացնել մտերիմների հետ, բայց պետք չէ ակումբ գնալ այնպես ու այնպիսի վարք ցուցաբերել, որ ստիպված լինենք դիմել անվտանգության աշխատակիցներին` հատկապես աղջիկներին կարգի բերելու համար», – ասում է Ռուբեն Վարդանյանը, ով արդեն 5 տարի աշխատում է ժամանցի տարբեր վայրերում ու շատ բաներ է տեսել, որոնց մասին ցանկանում է լռել:
Մալվինա Մալոյան