Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ ակտիվիստների դատավարություն. «Ցուցմունքս ինքս ինձ թելադրել եմ»

Մարտ 23,2012 15:21

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (նախագահող՝ Գագիկ Պողոսյան) այսօր շարունակվեց ՀԱԿ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Դավիթ Քիրամիջյանի, Սարգիս Գեւորգյանի եւ Արտակ Կարապետյանի դեմ հարուցված քրեական գործով վկաների հարցաքննությունը:

Անցյալ տարի օգոստոսի 9-ին Խնկո-Ապոր անվան գրադարանի դիմաց խցանման մեջ հայտնված «Ապոլլոն» տաքսի սերվիսի վարորդ, ներկայումս գործազուրկ Անդրանիկ Պողոսյանը ճանաչվել էր վկա եւ դատարանում ասաց, որ ոչ մեկին չի ճանաչում: Նա հիշեց, որ մեքենայի միջից տեսել է Խնկո-Ապոր անվան գրադարանի մոտ քաղաքացիական հագուստով մարդկանց, որոնք բղավում էին, գոռգոռում, «բրբրթում», իսկ «Կարմիր գլխարկը» (նկատի ունի կարմիր բերետավորներին) քիչ էին ու ասում էին՝ «Հանգստացեք, բան արեք»: Իսկ քաղաքացիական շորերով մեկը «վերեւից թռնում, խփում էր նրանց: Ոստիկանի գլխարկը դաժե չկար, ընկավ»: Մեղադրող Հակոբ Մարտիրոսյանի հարցին, թե տեսե՞լ է, թե ինչպես է ընկել ոստիկանի գլխարկը, նա պատասխանեց՝ ոչ:

Վկան ամբաստանյալների պաշտպան Ստեփան Ոսկանյանի հարցին, թե ինչպե՞ս եղավ, որ ձեզ կանչեցին ոստիկանություն, պատասխանեց, որ չգիտի եւ հայտնեց, որ ոստիկանները դիմել էին սերվիսին, տեսել էին, որ իր մեքենան է անցել այդ ճանապարհով՝ «եկանտարան»:

Մի առանձին խոսակցություն ծավալվեց, թե ինչպես է վկան տարվել ոստիկանության բաժին: Այս վկան չէր իմանում՝ ոստիկանության քննչական բաժի՞ն է կանչվել, թե՞ Կենտրոնի ոստիկանության բաժին, որտեղ է գնացել եւ որտեղ է գտնվում ոստիկանության բաժինը: Չնայած հավաստեց. «Ցուցմունքս ինքս եմ գրել, ինքս ինձ թելադրել եմ, գրել եմ իմ ձեռքով, ճիշտ է»: Դատավոր Գագիկ Պողոսյանը հրապարակեց վկայի օգոստոսի 30-ի նախաքննական ցուցմունքը, որտեղ արդեն «հիշել» էր Սարգսի, Տիգրանի, Արտակի, Դավիթի անունները:

Դատարան էր եկել նաեւ ոստիկանության Կենտրոնի օպերատիվ բաժնի աշխատակից Վահագն Հակոբյանը: Նա նկարագրեց, թե ինչպես են բերման ենթարկել 7 երիտասարդի, որոնց անունները չի հիշում, լսել է աղմուկ, հայհոյանքներ: Այս վկան էլ, ճիշտ է, չէր եղել հարեւան «պրոֆիլակտիկ» սենյակում, սակայն իմացել էր, թե ինչպես են աթոռները հատակին հայտնվել, այնտեղ գտնվող համակարգիչն էլ՝ վնասվել: Սարգիս Գեւորգյանի հարցին, թե երբ բերեցին բաժին, վնասվածքներ կայի՞ն բերման ենթարկվածների դեմքին, մարմնին, վկան պատասխանեց, որ ում նայել է՝ չի տեսել վնասվածք: Տիգրան Առաքելյանի հարցին, թե սեղան կա՞ր բաժնում եւ ինչպիսի՞ն էր այն, վկան նկարագրեց՝ п-աձեւ, ամրացված չէր, թույլ էր, շարժվում էր, սակայն հնարավոր չէր գետնին ընկներ:

Փաստաբան Ստեփան Ոսկանյանի հարցին, թե որեւէ մեկի գործողությունները տպավորվե՞լ են ձեզ մոտ, վկան պատասխանեց. «Հատհատ որեւէ մեկին չեմ հետեւել, հիմնականում Տիգրանի կողմն եմ նայել»:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց ապրիլի 2-ին: Դատարանը ծանուցված վկաների համար բերման որոշում կայացրեց: Վկաներից Սերժիկ Սարգսյանը մահացել էր, իսկ մեկ այլ վկայի ծանուցագիր վերադարձվել էր «նշված հասցեում նշված տուն չկա» գրառմամբ:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031