Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Արարատ Զուրաբյանին առաջարկվել էր գլխավորել «Ազատ դեմոկրատների» ցուցակը

Մարտ 23,2012 14:33

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության անդամ Արմեն Առաքելյանը «Տեսակետ» ակումբում կայացած իր ասուլիսում անդրադառնալով «Ժառանգություն» եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների համամասնական համատեղ ցուցակի ձեւավորման սկզբունքներին եւ պատասխանելով լրագրողներից մեկի դիտարկմանը, թե այդ ցուցակն ավելի շահեկան է «Ազատ դեմոկրատների» համար, քան «Ժառանգության», որովհետեւ վերջինիս անդամները՝ Արմեն Մարտիրոսյան, Լարիսա Ալավերդյան բավականին ստորին տեղերում են հայտնվել, ասաց, թե համամասնական ցուցակը ձեւավորվել է հավասար համամասնությամբ։ Ինչ վերաբերում է տեղերին, ապա Առաքելյանի մատուցմամբ, կուսակցություններից յուրաքանչյուրն ինքն է իր առանձին համամասնական ցուցակն ըստ հերթականության ձեւավորել, որից հետո դրանք նույն հերթականությամբ, բայց մեկական անդամների հաջորդականությամբ ուղղակի միացվել են։

Արձագանքելով համամասնական ցուցակի ձեւավորման ընթացքում, ըստ լրատվամիջոցների, ծագած անհամաձայնությունների եւ համամասնական ցուցակը ազատ դեմոկրատ Արարատ Զուրաբյանի, լրագրողի ձեւակերպմամբ, «սրտով չլինելու» պատճառով, դրանում ընդգրկված չլինելու մասին հարցադրմանը՝ Արմեն Առաքելյանն ասաց. «Իսկ դուք որտեղի՞ց գիտեք, որ սրտով չի եղել։ Ես նման բան չեմ կարդացել։ Մամուլի գրածներից որեւէ մեկը իրականությանը չի համապատասխանում։ Արարատ Զուրաբյանը մեր գաղափարական ընկերն է եւ միավորման ամենամեծ ջատագովն էր»։
Իսկ թե ինչո՞ւ Զուրաբյանը համամասնական ցուցակում չկա՝ բացատրեց. «Իրեն առաջարկվել էր գլխավորել մեր՝ «Ազատ դեմոկրատների» ցուցակը, բայց նա իր անձը չկարեւորելու ունակություն ունի ու գտավ, որ Քոքոբելյանը պետք է գլխավորի։ Իսկ համամասնական ցուցակում չլինելն իր ցանկությունն էր»։

«Ազատ դեմոկրատների» առաջնորդ Խաչատուր Քոքոբելյանը մի պատեհ առիթով հայտարարել էր, թե կուսակցությունը նաեւ մեծամասնական ընտրակարգով առաջադրումներ է անելու։ Ինչո՞ւ, այնուամենայնիվ չարեց։ Aravot.am-ի հարցին ի պատասխան՝ Արմեն Առաքելյանն ասաց, թե իրենք բարոյական հաղթանակներ տանելու կողմնակիցներ չեն, եւ հաշվի առնելով կուսակցության ռեսուրսները եկել են այն համոզման, որ մեծամասնական առաջադրումների դեպքում հաղթել չեն կարող ու առաջադրումներ չեն արել։

Նաիրա ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031