Երեկ Հայաստանում Ֆրանսիական համալսարանում կայացավ ՄԱԿ-ում ֆրանսերենի օրվան նվիրված միջոցառում՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության, ՀՀ-ում ֆրանսիական դեսպանության աջակցությամբ: 2010թ.-ից ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչությունը Նյու Յորքում հայտարարել է «ՄԱԿ-ում լեզուների օրեր», ինչը միտում ունի տոնել երկրների միջեւ լեզվային ու մշակութային բազմազանությունը:
Միջոցառմանը հրավիրված ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գերչեւան տեղեկացրեց, որ աշխարհի 30 երկրներում ֆրանսերենը համարվում է պաշտոնական լեզու. «Իսկ Ֆրանկոֆոնիայի անդամ համարվող Հայաստանում շատ մարդիկ են խոսում ֆրանսերեն, ինչը նրանց հնարավորությւոն է տալիս ծանոթանալ Ֆրանսիայի գրականությանը, մշակույթին ու պատմությանը: Առհասարակ, օտար լեզուների իմացությունը թույլ է տալիս լինել աշխարհի քաղաքացի»:
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոն փաստեց, որ ֆրանսերենն իր ուրույն դերն ունի աշխարհում եւ հանդիսանում է մի շարք միջազգային կազմակերպությունների պաշտոնական լեզու, մասնավորապես՝ Ֆրանկոֆոնիայ» միջազգային կազմակերպության եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի: ՀՀ ԱԳՆ Ֆրանկոֆոնիայի հարցերով խորհրդական Քրիստիան Տեր-Ստեփանյանը նշեց, որ ֆրանսերենը հայ հասարակության կյանքի մի մասն է կազմում. «Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ այդ լեզվին՝ ճանաչելով ֆրանսերենը որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնական լեզու»: Խորհրդականը հավելեց, որ Հայաստանում ֆրանկոֆոնիական միջոցառումների համատեքստում առաջիկայում կկազմակերպվեն շուրջ 250 բուհական եւ դպրոցական միջոցառում:
Անդրադառնալով համալսարանում կազմակերպված ցերեկույթին՝ նշենք, որ ցուցադրվեց համալսարանի ուսանողների նկարահանած տեսանյութը՝ Ֆրանկոֆոնիայի միամսյակի վերաբերյալ, ֆրանսերեն երգ հնչեցրին թիվ 78 դպրոցի եւ Fondation Ecole Francaise-ի աշակերտները:
Կարդացեք նաև
ԼՈՒԻԶԱ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ