Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ բոլոր գիտնականներն են ողորմելի

Մարտ 23,2012 13:38

Կամ՝ դե գնա, տեսնեմ ի՞նչ ես անելու

Վերջը հեռացրեցին: Հա, ինձ Ֆիզիկայի ինստիտուտից ռադ արին: Այնքան հոդվածների տակ ստորագրեցի «Նախկին ԵրՖԻ նախկին աշխատակից», որ աչքով տվեցի: Դարձա իսկականից «նախկին»: Բայց ո՞նց հանեցին: Խուլիգանության հոդվածով: Երբ դատախազությունը, հանցագործ աշխարհն ու ոստիկաններն էին ընկած հետեւիցս՝ մեղադրականն ավելի լուրջ էր, ես էլ՝ կարգին հանցագործ: Քաղաքի կեսն էի ուզում պայթեցնել (տես՝ «Երեւանը պայթեցնելու մեղադրանքով», «Առավոտ», 22 սեպտեմբերի 2006թ.): Հիմա որակազրկվել եմ մինչեւ «խուլիգանություն»: Մանկամիտ ոճով ու տառասխալներով գրված իրավական տխմարությունը, որը վերնագրել են հրաման #209, հազիվ պոկեցի: Հեռացրել էին ու «մարաղ» մտել: Որ պարտավոր էին տեղյակ պահել՝ գնամ, նոր աշխատանք փնտրեմ, սրա վրա էլ թքած ունեն, պատվերը լուրջ է, պատվիրատուն՝ շռայլ: Երեւի հիշում եք՝ ԵրՖԻ-ին փակել, տեղը ԱԳԼ(ՃԿ) էին բացել (տես՝ «Գիտական խեղկատակություն», «Առավոտ», 08.24.

2010): Հետո ԱԳԼ(ՃԿ)-ը փակեցին՝ տեղը ԱԳԼ(ՖՍՅՈ) բացեցին (տես՝ «ՀՀ կառավարության «վերաքննությունները», «Առավոտ», 2011.09.27): Դե կառավարություն, Գիտպետկոմ եւ ուրիշ մեծանուն մարդիկ հավաքվել են՝ կարո՞ղ է չգիտեն՝ ինչ անեն: Դե, ես էլ կյանքները կերա, հոգիները հանեցի: Էլ ԷՈՒՇ-աբանություն, էլ մերինոս ոչխար, էլ անմեղսունակ ու քցող, էլ խելքի պուտուկ ու ՑԲ-ի ստառշի կասիր: Ո՞ր մեկն ասեմ: Էս մարդիկ էլ զզվեցին՝ ինչքա՞ն կարելի է, բավական է, էլի: ԱԳԼ(ՖՍՅՈ) ժամկառ Չիլոն էլ հավաքել է մի խումբ ողորմելիների եւ սկսել լուրջ աշխատել ԱԳԼ(ՃԿ)-ը սեպտեմբերի 1-ին փակվելուց հետո, նոյեմբերի 16-ին հավաքել է ԱԳԼ(ՖՍՅՈ) տաղանդաշատ ղեկավարներին եւ ինձ հեռացրել օգոստոսի 1-ի օրով՝ արդեն գոյություն չունեցող ԱԳԼ(ՃԿ)-ից: Նախորդ անգամ էլ էին փորձում հեռացնել (տես՝ «Մեկ շնչին ընկնող գիտության եւ ուրիշ սահմանումների մասին», «Առավոտ», 11.02.2010): Գրել էին, որ հայրենիքը լքել եմ հունիսի 248-ին: Բայց այս փաստը, երեւի, բավական չէր խուլիգանության հոդված «կարելու» համար: Դե, հիմա արդեն ավելի տաղանդավոր են՝ ազգային լաբորատորիայի բարձր կոչումը նրանց միանգամից դարձրեց տաղանդաշատ: Այս անգամ արդեն, իբր ողորմելիներից մեկը, օգոստոսից նստել է պահակակետում եւ նկատել, որ ես, փաստորեն, չկամ: Էն մարդն էլ սկզբից շատ զարմացել է, հետո զեկուցագիր գրել՝ չկա մեղադրյալը, նետու: Յոխտուր, պանիմաեշ: Հրամանի տակ էլ էնքան մարդ է ստորագրել, որ էլ դու սուս: Երեւի մեկ էլ Ալիխանյանին էին այսքան մարդով հանել: Բայց դե ես ո՜ւր, Ալիխանյանն ո՜ւր: Սեփական ողորմելիությունը հաստատող լուրն էլ ոչ միայն ներկայացրել էին Գիտպետկոմի շեֆին (ձեռքից հաց են ուտում՝ հլա համարձակվեին չներկայացնել), այլ հասցրել էին Թայվան՝ ուր գործուղված եմ: Այս «ուրախալի» լուրը ինձ հասավ հրավիրող կողմի խիստ զարմացած ղեկավարներից: Երկար իրար հանգստացնում էինք, համոզում: Նրանք ինձ՝ որ ոչինչ, գործազրկության նպաստ կստանամ, ես նրանց՝ որ ոչ բոլոր հայ գիտնականներն են ողորմելի: Սրանք պարզապես հավաքվել են մի տեղ՝ պատահականություն է, ուրիշ ոչինչ: Մի երկու ողորմելի էլ ուղարկել են այստեղ ու սրանց միջոցով տեղեկացնում են: Որ մեծ տիրաժով դիմում ունեի գրած՝ մոռացել են (տես՝ «Դիմումի փոխարեն», lragir.am, 2011.21.07): Որ էլեկտրոնային փոստով ուղարկել էի ԱԳԼ(ՖՍՅՈ) տաղանդաշատ ղեկավարներին՝ սա էլ են մոռացել: Է՞ս էլ «նիխտ»: Միակ ընդունելի փաստաթուղթը ծածուկ պահակակետ սողոսկած թուրքալեզու ողորմելու զեկուցագիրն է՝ սա էլ ընդունել են որպես հիմք: Ու հիմա էլ իսկականից «ԽՈռՒցպՎ» (տես՝ «ԽՈռՒցպՎ, րպչՏՊվÿ Վօ ր ՑՏոՏռ ՍՈռՒցպՎ», lragir.am, 2011.29.06):

Բայց մյուս կողմից էլ մտածում ես՝ կարո՞ղ էին ողորմելի չլինել: Ստեղծիր իրական արժեքների սանդղակ, որտեղ գիտությունը տգիտությունից ավելի բարձր ես գնահատում, եւ ՀՀ ամենահզոր ինստիտուտը՝ ԵրՖԻ-ն, ազնվորեն կստանար ամենամեծ ֆինանսական պատվերները: Բայց ո՞վ սարքի արժեքների համակարգ՝ անմեղսունակ Գիտպետկո՞մը իր խեղկատակ փորձագիտությամբ: Դրա փոխարեն փակում են ԵրՖԻ-ն, ոչ մի հարց չլուծող գումար «նետում» եւ շեշտում, որ տվել են արտահերթ, մրցույթից դուրս: Որ ազնիվ փորձագիտության դեպքում ԵրՖԻ-ն ավելի շատ կստանար՝ արդեն իսպառ մոռացված թեմա է: «Մեյդանում» մնացել է միայն «արա, տեսա՞ք էն տղեն վերեւները ինչ կապեր ունի»: Ոնց չդառնան ողորմելի: Եվ այս մոտեցումը շղթայական իջնում է մինչեւ ներքեւ: ԱԳԼ(ՖՍՅՈ) ժամկառը կանչում է մի քանի հոգու եւ ասում՝ ես ձեզ միանգամից պաշտոն կտամ, դուք օգնեք մյուսներին որակավորենք: Որ սրանց մեջ կան մարդիկ, որ հանգիստ կանցնեին այդ անիմաստ որակավորման քննությունը (պերեատեստացիա՝ ինչպես իրենք են ասում)՝ արդեն էական չէ՝ կարեւորը, որ նվեր են ստացել: Համաձայնվելով, սրանք էլ են բռնում ողորմելի դառնալու ճանապարհը: Վտանգավոր է իրական արժեքների համակարգ ստեղծել գիտության մեջ: Բա որ հանկարծ մնացած տեղերում էլ տարածվի: Դրա համար էլ «Ողորմելինե՛րը», եւ ոչ թե այն պատճառով, որ Հյուգոյի «Թշվառների» փառքը հանգիստ չի տալիս, կամ էլ հայկական սերիալի սցենար եմ գրում: Բայց մյուս կողմից՝ սարքեցին գործազուրկ, մի բան պետք է մտածել, սովամահ հո՞ չեմ լինելու: Նայելով նախընտրական ցուցակներին՝ դժվար թե գիտության համակարգում ինչ-որ բան փոխվի… «Արա, դե լավ ա, էլի: Չուզողը սա էր՝ հանինք-պրծանք»:

ՍԱՍՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Իսկապես նախկին ԵրՖԻ նախկին աշխատակից

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031