Լրահոս
Օրվա լրահոսը

«Իսկական արվեստագետին չպետք է ձգի ԱԺ-ն»

Մարտ 23,2012 13:36

Դիրիժոր Էդուարդ Թոփչյանի դիտարկումները՝ մշակույթի եւ արվեստագետների քաղաքականացվելու մասին

Էդուարդ Թոփչյանը՝ Musikverein սրահում:

Վերջերս Վիեննայի հռչակավոր Musikverein սրահում Բուդապեշտի ազգային սիմֆոնիկ նվագախումբը ղեկավարել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի (ՀՊՖՆ) գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը: Սա այն սրահն է, որտեղ 1861թ. ի վեր անց են կացվում ամանորյա պարահանդեսներ:

«Առավոտը» Էդուարդ Թոփչյանից հետաքրքրվեց, թե ինչ ծրագիր է ղեկավարել Բուդապեշտի նվագախմբի հետ: Արդյոք հնչեցրե՞լ է հայ կոմպոզիտորի ստեղծագործություն եւ այդ սրահի ղեկավարներին ներկայացրե՞լ է ՀՊՖՆ-ն: Մեր զրուցակիցը հայտնեց, որ կատարվել են Չայկովսկու «Շչելկունչիկ» սյուիտը, Բրամսի կոնցերտը Ջութակի եւ թավջութակի համար եւ սյուիտներ Պրոկոֆեւի «Ռոմեո եւ Ջուլիետ» բալետից, հավելելով, թե ինքը դեռեւս Գերգիեւ կամ Աբբադո չէ, որ կարողանա թելադրել: «Դասական երաժշտության համաշխարհային անցուդարձի գլխավոր կենտրոն համարվող Musikverein սրահ ես ընդամենը մուտք գործեցի: Վստահ եմ՝ ոչ առաջին ու վերջին անգամ, մի խոսքով՝ հետագայում բանակցություններ կվարեմ ոչ միայն ծրագրի, այլեւ Հայաստանի ֆիլհարմոնիկն այնտեղ ներկայացնելու շուրջ»,- հայտնեց Թոփչյանը: Ասաց նաեւ, թե քաղաքակիրթ երկրներում սիմֆոնիկ երաժշտության համերգները աբոնեմենտային են, այսինքն՝ հանդիսատեսը դա ձեռք է բերում նախապես՝ ծանոթանալով համերգաշրջանի ընթացքում կատարվելիք գործերին, իսկ հրավիրյալ նվագախմբերն ու մենակատարները ընտրվում են մի քանի տարի առաջ: Հարցին՝ ժամանակը չէ՞ մեզանում էլ ներդնել աբոնեմենտային սկզբունքը, Թոփչյանը պատասխանեց. «Այդ մասին մտածել ենք, չնայած դեռ խանգարող որոշ հանգամանքներ կան: Մյուս կողմից էլ՝ Ֆիլհարմոնիկի ամենուրբաթյա համերգները կարելի է համարել աբոնեմենտային»:

Դիրիժորի առաջիկա արտերկրյա ելույթը ծրագրված է ապրիլի 1-ին եւ 2-ին՝ Հռոմի Auditorium della Conciliazione-ի հետ:

Նախընտրական այս շրջանում, երբ շոու-բիզնեսի ներկայացուցիչներից, ինչպես նաեւ արվեստագետներից ոմանք երազում են իրենց տեղն ունենալ ԱԺ-ում, Էդուարդ Թոփչյանից հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս է նայում այդ «երեւույթին»: «Գիտակցելով, որ դա յուրաքանչյուրի իրավունքն է, այնուամենայնիվ, գտնում եմ, որ, օրինակ, բարձրարվեստ երաժշտին, իսկական արվեստագետին չպետք է ձգի ԱԺ-ն»,- ասաց դիրիժորը: Հիշեցնելով, որ տարբեր առիթներով դրական է արտահայտվել երգչուհի Շուշան Պետրոսյանի հասցեին, ով, ամենայն հավանականությամբ, կգնա ԱԺ, խնդրեցինք կոնկրետ արտահայտվել այս առիթով: «Շուշանին սիրում, հարգում եւ գնահատում եմ իբրեւ երգչուհի: Նա խելացի կին է: Ինձ նույնպես հետաքրքիր են նրա ծրագրերը եւ առաջին իսկ հանդիպման ժամանակ կզրուցեմ այդ թեմայով»,- հայտնեց Թոփչյանը:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031