Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանում ամբաստանյալին «ինսուլին» ներարկեցին

Մարտ 23,2012 13:32

Փորձագետները հանգել էին «կատեգորիկ» եւ «հնարավոր» հետեւությունների

Պաշտպանները միջնորդում են նոր վկայի հարցաքննելու մասին:

Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Լյովա Ավետիսյանի նախագահությամբ, երեկ վերսկսվեց «Հայինկասացիայի» նախկին աշխատակիցների՝ Սաթենիկ Սարգսյանի, Անահիտ Գրիգորյանի, Աղավնի Խաչատրյանի, Արմինե եւ Արման Գրիգորյանների, Սարգիս Դանիելյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը:

Սաթենիկ Սարգսյանն ու Անահիտ Գրիգորյանը դատարան բերվեցին արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկից:

«Հայինկասացիայի» նախկին տնօրեն Վիկտոր Գրիշչյանը մահացել է, իսկ նրա տեղակալ Ռուբեն Սիմոնյանի նկատմամբ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի վարույթը կարճվել է, քրեական հետապնդումը դադարեցվել է՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

Ըստ գործի նյութերի, Վ. Գրիշչյանի ստորագրությամբ կեղծ հանձնարարականներով փոխանցվել են 58. 000. 000, իսկ Սիմոնյանի ստորագրությամբ՝ 85. 000. 000 դրամական միջոցներ, որի մեջ մեղադրում են տարեց կանանց՝ գանձապահին եւ հաշվապահին:

Պաշտպանական կողմը միջնորդել էր, որպեսզի անցկացվի դատաձեռագրաբանական փորձաքննություն:

ՀՀ գլխավոր դատախազության դատախազ, մեղադրող Հարություն Հարությունյանը հրապարակեց փորձագիտական եզրակացության հետեւությունների մասը: Այս գործով անց է կացվել 3 փորձաքննություն:

Ըստ 2010թ. օգոստոսի 9-ի տված եզրակացության, «Արուսյակ» կոոպերատիվի հաշվեհամարից տրված թվային տվյալները «հավանաբար չեն կատարվել Անահիտ Գրիգորյանի կողմից, այլ կատարվել են մեկ այլ անձի կողմից»:

«Հավանաբար» եւ այս կարգի թեական նշանակության բառերով եզրահանգումներն այնքան շատ էին, որ պաշտպանական կողմը, մասնավորապես, ՀՀ փաստաբանների պալատի անդամ, Սաթենիկ Սարգսյանի պաշտպան Ռուբեն Բալաբանյանը հարցրեց. «Ով էր շահագրգռված, որ այս փաստաթղթերը՝ կտրոնները դրվեին գործի մեջ»:

Փորձագետներն ագրեսիվ էին պատասխանում ամբաստանյալների եւ նրանց պաշտպանների հարցերին: Իսկ դատավոր Լյովա Ավետիսյանը նախազգուշացրեց նախ ամբաստանյալ Անահիտ Գրիգորյանին, ապա՝ Արման Գրիգորյանին: Անահիտ Գրիգորյանը պատճառաբանեց՝ «Շաքարս երբ բարձրանում է՝ դառնում եմ ագրեսիվ»: Ի դեպ, 2-րդ կարգի հաշմանդամ, ծայրահեղ վիճակում գտնվող, տեսողությունը ազատազրկման վայրում կորցրած այս կնոջ շաքարն այնքան բարձրացավ, որ շտապօգնության մեքենա կանչեցին, բժիշկ, որը նրան «ինսուլին» ներարկեց: Դատավորի կարծիքով՝ «հավանաբար խմած» էր Արմանը, որը կնիքների մասնագետ փորձագետին անվերջ հարցեր էր տալիս: Դատավորի ընկալմամբ՝ երեկ նույնքան անճանաչելի էր դարձել դատախազը: Իսկապես, ամենագնաց դատախազ Հարություն Հարությունյանը փորձագետներին ուղղված ցանկացած հարց սրտին մոտ էր ընդունում:

Արման Գրիգորյանի պաշտպանի հարցը քմծիծաղ առաջացրեց դատական նիստերի դահլիճում: Նա «կտրոնների հետ աշխատող» փորձագետ Հրաչուհի Հարությունյանին հարցրեց. «Ինչ եզրահանգման եք հանգել»: Նա պատասխանեց. «Ես կատեգորիկ հետեւություն չեմ արել, այլ՝ հնարավոր հետեւություն»: Փաստաբանին հետաքրքրեց նաեւ, թե ինչու փորձագետը չի կարողացել պատասխանել հարցին՝ պատճառաբանելով. «Գրաֆիկական նյութի սակավությունը»:

«Ինչո՞ւ հակված չեք «հավանաբար չկատարվածին» եւ անընդհատ նշում եք՝ «հավանաբար կատարվել է» բառակապակցությունը»,- հարցրեց փաստաբանը:

Հետո խոսակցություն ծավալվեց ստորագրության ժամանակ անհատական հատկանիշների «դուրսբերմանը»: Այս ժամանակ էլ պարզվեց, որ փորձագետն աշխատել է միայն «Գ» տառի հետ, իսկ թե ինչու՝ փորձագետը պատասխանեց. «Դուք չեք հասկանում, թե ինչ եք հարցնում»:

«Կնիքագետ»-փորձագետ Վ. Հարոյանն էլ անզեն աչքով հետազոտել էր 247 հաշվապահական փաստաթղթի տակ դրված կնիքների վրա դրոշմվածը: Նրան առաջադրվել էր. «միեւնույն կնիքո՞վ էին դրոշմված, թե՝ ոչ» հարցերը:

Ամբաստանյալ Անահիտ Գրիգորյանը հայտարարեց. «Կնիքների չափը չի համապատասխանում: Փոքր է»: Ինչը նշանակում էր, թե այլ կնիքներ են օգտագործվել: Նա միջնորդեց, որպեսզի հենց դատարանում «չափեն» կնիքները, անգամ ցույց տալով մեկուսարանից իր հետ բերված քանոնը:

Փորձագետը չնայած ասաց, թե. «Որեւէ այլ կնիքի առկայություն բացառվում է», սակայն դատարանը որոշեց տեղում «չափել» կնիքները:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031