Լրահոս
Օրվա լրահոսը

Օդերեւութաբաններին մի՛ մոռացեք

Մարտ 23,2012 13:28

Նրանց կանխատեսումներն արդեն 90 տոկոսով ճիշտ են

«Դուք՝ քաղաքացիներդ, մինչեւ վալիդոլ չեք խմում, չեք կարողանում այդքան բարձունքում գտնվել, իսկ օդերեւութաբանները օր ու գիշեր աշխատում են այդ բարձունքներում, սակայն նրանց մասին ոչ ոք չի հիշում»,- այսպես արձագանքեց 50 տարվա օդերեւութաբան Ռաֆիկ Կարապետյանը, երբ նրան հայտնեցինք, որ մեր թերթի ոճից ու պահանջներից ելնելով՝ պարզապես չենք կարող հրապարակել օդերեւութաբանի՝ իր 3-4 էջանոց կենսագրությունը: Պարոն Կարապետյանն իր կենսագրականը պատրաստել էր Օդերեւութաբանների մասնագիտական տոնի առիթով, որը նշվում է այսօր՝ մարտի 23-ին: Փոխարենը Ռաֆիկ Կարապետյանին առաջարկեցինք իր աշխատանքային պրակտիկայից պատմել հետաքրքիր ու զավեշտալի դեպքեր: Փորձառու օդերեւութաբանից հետաքրքրվեցինք, թե ինքը համաձա՞յն է այն հայտնի ասացվածքին, որ «օդերեւութաբանները սխալվում են միայն մեկ անգամ, բայց՝ ամեն օր»: Ըստ Ռ. Կարապետյանի՝ մեր երկրի ռելիեֆը շատ բարդ է, ինչի հետեւանքով էլ եղանակի ճշգրիտ կանխատեսում անելը մինչեւ վերջին տարիները այդքան էլ հեշտ չի եղել, հատկապես, որ բացակայել են անհրաժեշտ տեխնիկական սարքավորումները. «Վերջերս են մեր կայանները վերազինվել նոր տեսակի ապարատներով, որոնք կապ են հաստատում թռչող արբանյակների հետ: Եվ հիմա, կարելի է ասել, 90 տոկոսով ճշգրիտ են մեր հաղորդած տվյալները»:

Պարոն Կարապետյանը երկար տարիներ աշխատում է «Անանուն» լեռնանցքի բարձրադիր օդերեւութաբանական կայանում, որը գտնվում է Արարատյան դաշտավայրի Ուրցի լեռնագագաթներից մեկի վրա: Ինչպես օդերեւութաբանն է պատմում, իրենցից ամենամեծ ակնկալիքը օդաչուներն ունեն, քանի որ օդերեւութաբանական կայանների կանխատեսումից է ուղղակիորեն կախված հենց նրանց աշխատանքը. «Հենց նկատում ենք վտանգավոր երեւույթներ, անմիջապես հաղորդում ենք հիդրոմետ կենտրոն, որտեղից էլ տեղյակ են պահում ավիացիային»:

Օդերեւութաբանները պետք է առողջ լինեն, հատկապես բարձր լեռնային կայանների աշխատողները, հակառակ դեպքում, մասնագետի համոզմամբ, ճնշման կտրուկ տատանումների պատճառով առողջական լուրջ խնդիրների առաջ կարող են կանգնել: Ռ. Կարապետյանն աշխատում է ծովի մակերեւույթից 2130 մետր բարձրության վրա: Ճիշտ կանխատեսում անելը ոչ միայն հանրության համար է կարեւոր, այլեւ սեփական անվտանգության, քանի որ այդքան բարձրության վրա երբեմն մոլեգնող փոթորիկներն իրենց ճանապարհին ոչ միայն կայաններն են ավերում, այլեւ դրանց աշխատակիցներին նույնպես կարող են վնաս հասցնել: Օդերեւութաբանը մի անգամ հիշում է, թե ինչ մեծ փորձանքից են պրծել. «Հանկարծակի փոթորիկ բարձրացավ, այն ժամանակ դեռեւս եղանակը հաղորդում էինք Մորզեի այբուբենով: Ամբողջովին ջարդուփշուր եղան կայանի տանիքը, լուսամուտները, եւ աշխատակիցները մի կերպ հասցրին փախչել ու թաքնվել կայանի նկուղում»:

Ճիշտ է, Ռ. Կարապետյանը մասնագիտական կրթություն է ստացել՝ Ռոստովում է բուհն ավարտել ու պարբերաբար վերապատրաստվել, բայց ժողովրդի՝ եղանակը կանխատեսելու ավանդական միջոցներին նույնպես շատ է վստահում. «Բնության լեզուն պետք է իմանալ, տարեցներն, իրենց կյանքի փորձից ելնելով, կարողանում են գուշակել, նրանցից շատ բան կարելի է սովորել: Օրինակ՝ եթե զգում եք, որ օդը փոփոխվում է, առաջին հերթին պետք է նայել երկնքին. եթե բարակ ամպեր են գալիս, նշանակում է՝ անպայման խոնավություն է գալու, եւ ամպերը հաստանալու են, ու այդ դեպքում տեղումներն անխուսափելի են, բայց կախված է նրանից, թե քամին որ կողմից է փչում: Եթե արեւելյան քամի է, ուրեմն տեղումներ անպայման կլինեն, եթե արեւմտյան քամի է, ուրեմն նա այդ ամպերը վերցնելու է ու տանի Ջերմուկում կամ ավելի բարձր սարերի վրա թափի»:

Օդերեւութաբանը սոխի կեղեւի ու ծիծեռնակների՝ սովորականից ցածր թռչելու երեւույթներին էլ է լուրջ վերաբերվում. «Այս տարի, ինչ է թե ձմեռը ցուրտ էր լինելու, սոխի կեղեւը կրկնակի-եռակի հաստ էր, այսինքն՝ այն իրեն ապահովագրել է ցրտահարվելուց»:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031