Լրահոս
Օրվա լրահոսը

Հայերը Երուսաղեմից վերադառնում են ոչ թե հայրենիք, այլ արտագաղթում ԱՄՆ ու Կանադա

Մարտ 23,2012 13:24

Այս մասին բարձրաձայնում են հայ ուխտավորները

Երուսաղեմում խմբերով ամենուրեք այսպիսի ոստիկաններ են շրջում:

Շիրակի թեմի Արթիկ քաղաքի հոգեւոր հովիվ, Լմբատավանքի երիտասարդ վանահայր  Լեւոն Հովհաննիսյանի ներկայացմամբ՝ հայ համայնքը Երուսաղեմում փոքրաթիվ է՝ մոտ 1000 հոգի, ու օր օրի պակասում են: Հայերը չեն կարողանում բնակվել այս սուրբ երկրում, որովհետեւ լիարժեք քաղաքացիություն չունեն՝ եթե ապրողը ազգությամբ հրեա կամ արաբ չէ, անձնագիր չեն տրամադրում: Ըստ տեր Լեւոնի՝  անձնագիր պիտի հատկացնի կամ Պաղեստինի կառավարությունը, կամ Իսրաjելի, սակայն ո՛չ մեկը, ո՛չ էլ մյուսը այլազգիներին նման արտոնություն չի տալիս, ուստիեւ որքան էլ մեր հայրենակիցները աշխատատեղեր ստեղծեն, բիզնես հիմնեն, միեւնույն է՝ նրանց կսկսեն հալածել ու այնպես կանեն, որ ստիպված կթողնեն ու կհեռանան  կամ Կալիֆոռնիա, կամ Կանադա: «Մոտ 10 տարի առաջ՝ 2000-2002 թվականներին, երբ ես ուսանում էի Երուսաղեմի ճեմարանում, նման մի դեպք եղավ. Գյումրիից Սամվել անունով մի հայտնի ոսկերիչ գործ էր դրել Երուսաղեմում, մեծ փողեր էր աշխատում, սակայն նրա  ստեղծածը բռնագրավեցին, տղային էլ ծեծեցին, աքսորեցին երկրից՝ անձնագիր չունենալու պատճառով: Քո պոտենցիալը չես կարող այդ երկրում զարգացնել»,- ասում է  տեր Լեւոնը: Այդուհանդերձ, ըստ նրա, Երուսաղեմն այն քաղաքներից է, որը  հին քաղաքի մեջ աչքի ընկնող հայկական թաղամաս ունի, նաեւ  ճեմարան, հայկական փողոց՝ Արարատ անունով, որն, ի դեպ, միակն է ամբողջ քաղաքում, որտեղից մեքենաները կարող են երթեւեկել. 4 մետր է լայնությունը, իսկ  մյուս փողոցներում սայլակներով են անցնում՝ դրանք մեկ մետրանոց են, միմյանց կպած:

Գյումրեցի տեր Լեւոնը, որպես Երուսաղեմին քաջածանոթ անձ, վերջերս մեկ շաբաթով Շիրակի թեմի առաջնորդարանի ու Երուսաղեմի պատրիարքարանի համատեղ ջանքերով Իսրայել ուխտի էր տարել գյումրեցի մի քանի մտավորականների: Նրանք եղել են այն բոլոր սրբավայրերում՝ ներառյալ Հորդանան գետում, որոնց անվանումը կապված է Աստծո որդու ու առաքյալների հետ: Երուսաղեմում իրագործվել է երիտասարդ քահանայի երազանքը՝ Հարության տաճարում մոմերի լույսի ներքո գիշերային պատարագ է մատուցել, որին մասնակցել են բոլոր հայ ուխտավորները: Ուխտավորներից մեկը՝ Սեյսմիկ ծառայության Հյուսիսային բաժանմունքի ղեկավար Սերգեյ Նազարեթյանը, իր տպավորությունները կիսելով լրագրողների հետ՝ ասաց. «Երբ ուղղափառների մոտ պատարագ է լինում, բոլորն ամբողջ կազմով մասնակցում են, իսկ հայերի մոտ այդպես չէ՝ մի քիչ թասիբ է պետք, բայց այս անգամ, երբ տեր Լեւոնը պատարագ մատուցեց, բոլոր ուխտավորները՝ 16 հոգի, եկել էին: Հարության հսկայական տաճարի հիմնական մասերը 3 քրիստոնյաների՝ հայերի, հույների եւ կաթոլիկների ձեռքում է, եւ կան սրբատեղիներ, որոնք ընդհանուր են բոլորի համար: Տուրիստների հոսքը այս տաճար շատ  մեծ է, եւ որպեսզի չխանգարեն պատարագ անողներին, պատարագները հիմնականում գիշերներն են անցկացնում: Քանի որ հայերն ու հույները իրար հետ լեզու չեն գտնում, որպեսզի ավելորդ ընդհարումներ չլինեն, վաղուց ձեւավորված ավանդույթի համաձայն,  Հարության տաճարի դուռը  մուսուլման է փակում»: Նա նաեւ ասաց, որ Երուսաղեմը այն եզակի հոգեւոր խոշոր կենտրոններից է, որտեղ հայերս  պատրիարքարան ունենք: «Պատրիարքարան ունենք նաեւ Ստամբուլում. փաստորեն աշխարհում 2 պատրիարքարան ունենք: Երուսաղեմինը հնագույն է եւ շատ առանցքային դեր է  կատարում. Տիրոջ հետ կապված համարյա բոլոր սրբավայրերում Հայոց պատրիարքարանը եկեղեցի, խորան ունի: Իսկ դա ազգային մեծ հարստություն է»,- ներկայացրեց բանախոսը: Սերգեյ Նազարեթյանը հանդիպել է նաեւ հայկական ճեմարանի սաների հետ, նրանց համար երկար դասախոսություն կարդացել Մինասի որմնանկարների ու Ջուղայի խաչքարերի թեմայով: «Ճեմարանում 40-50 ուսանող կա՝ աշխարհի տարբեր վայրերից, վատն այն է, որ հոգեւոր թեմը կա՝ հոտը չկա»,- մտահոգվեց գիտնականը: Նա լուսանկարել ու իր հետ բերել էր բոլոր սրբավայրերն ու տաճարները:

Ի դեպ, գիտնականը տեղեկացրեց, որ Աստվածածնի տաճարը, որտեղ մահացել է Սուրբ կույս Մարիամը, մեծամասամբ պատկանում է հայերին:  Ուխտավորների պատմելով՝ իրենք հանդիպել են Ֆրեզնոյից եկած մի հայ ուխտավոր կնոջ՝ Սվետլանա Չոպանյանին, որը քաղցկեղով հիվանդ է եղել եւ գնացել է Երուսաղեմ՝ բուժվելու: Կինն այնքան է երկրպագել Աստծուն, որ կարճ ժամանակ անց առողջական բոլոր խնդիրները վերացել են, բժիշկներն այլեւս նրա մոտ ոչ մի հիվանդություն չեն հայտնաբերել: Տեր Լեւոնը վստահեցնում է, որ սրանք  «ճոխացրած» խոսքեր չեն, այլ փաստ, եւ որ կարող է տալ այդ կնոջ կայքէջի հասցեն, որն անձամբ է պատմում այդ մասին: Ուխտավորներից մեկն էլ՝ Գեւորգ Պետրոսյանը, որը Սերգեյ Նազարեթյանի նման ամբողջ աշխարհը ման է եկել, ասաց. «Աշխարհի տարբեր երկրներում եղել եմ, բայց Իսրայելը ուրիշ է, աշխարհի վրա այլ գերագույն տեղ չեմ գտնում, ուխտ եմ դրել 7 անգամ լինել այնտեղ, անկախ քեզանից՝ հավատացյալ ես դառնում, գնում-մաքրվում ու ետ ես գալիս»: Ուխտավորները նշեցին, որ ամեն մեկը չի կարող գնալ ուխտի, եւ պատճառը ոչ միայն ֆինանսական միջոցներն են, այլեւ արտոնագիր ստանալը: Ըստ նրանց՝ Իսրայելը տեռորիզմի վտանգ պարունակող երկրներից է, ու ինքնաթիռից չիջած՝ մինչեւ վերջին թելը ստուգում են: «Անվտանգության միջոցները շատ խիստ են, էդ տեսակետից ամեն մարդու վիզա չեն տալիս, եթե որեւէ մեկը շատ փող ունի ու ցանկանում է գնալ, միեւնույն է՝ մեծ դժվարությունների կհանդիպի»,- ասաց Սեյսմիկ ծառայության պետը:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031