Լրահոս
Օրվա լրահոսը

Սմբատ Այվազյանն ապացուցելու նոր բան չունի

Մարտ 23,2012 13:14

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանը կարծում է, որ ընդդիմադիրները կարող են հաջողություն գրանցել:

– Թեեւ ավելի վաղ հայտարարել էիք, որ չեք ցանկանում ՀԱԿ-ի համամասնական ցուցակում ընդգրկվել, բայց մեծամասնականի մասով ասել էիք, որ դեռ կմտածեք, սակայն արդյունքում չառաջադրվեցիք: Ի՞նչը Ձեզ դուր չեկավ այս նախընտրական թոհուբոհում, որ նման որոշում կայացրեցիք:

– Այն ժամանակ երկմտում էի, այո, որովհետեւ 7-րդ ընտրատարածքի իմ թիմը, որտեղ պետք է առաջադրվեի, պահանջում էր, որ առաջադրվեմ: Ես պետք է հաշվի նստեի իմ թիմի կարծիքի հետ: Չմոռանանք, որ սա վերջին 10 տարում միակ ընդդիմադիր թիմն է, որը կարողացել է հաջողության հասնել, հաղթանակ գրանցել: Դա հաղթած թիմ է, եւ նրա կարծիքն ինձ համար շատ կարեւոր է: Երկար մտածելուց, նաեւ մնացած առաջադրումները տեսնելուց հետո ես համոզվեցի, որ մեծամասնական որեւէ ընտրատարածքում քաղաքական պայքար չի լինելու, որովհետեւ իշխանությունը մեծամասնականով քաղաքական դեմքեր չի ներկայացրել: ԱԺ ընտրությունները քաղաքական գործընթաց են, եւ եթե գնում ես ընտրությունների, որտեղ հնարավոր չէ քաղաքական պայքար ծավալել, անիմաստ է: Եթե առաջադրվեի, ես մեկ վայրկյան անգամ չեմ կասկածում իմ թիմի հաղթանակի վրա, բայց մտնել մի գործընթացի մեջ, որ քաղաքական չէ, որտեղ դու քաղաքական պայքար ես տանելու ադմինիստրատիվ ռեսուրսի, ֆինանսական մեծ միջոցների դեմ, ինձ համար անընդունելի է: 2003 թվականին նույն կարգի պայքարի մեջ ես մտել եմ, հաղթել եմ, եւ Այվազյան Սմբատին ու նրա թիմին որեւէ նոր բան ապացուցելու անհրաժեշտություն չկար: Ես հայցել եմ իմ թիմի ներողամտությունը, որ չառաջադրվեցի, բայց միեւնույն է՝ դա մնում է միակ թիմը, որը հաղթել է այս հանրապետությունում հանցագործ, ավազակ իշխանություններին:

– Թեեւ Ռուբեն Հայրապետյանը նախապես հայտարարել էր, որ ցանկանում է նվիրվել հայկական ֆուտբոլի զարգացման գործին, բայց վերջին պահին ՀՀԿ-ն փոխեց իր որոշումը: Դա որեւէ բան հուշո՞ւմ է:

– Ես Ռուբեն Հայրապետյանի քայլը չեմ ուզում մեկնաբանել: Իշխանությունն այս ընտրություններին վերաբերվում է եւ նախապատրաստվում է՝ ինչպես մի միջոցառման: Ինչպես, ասենք, նախապատրաստվեցին բանակի հոբելյանական միջոցառումներին՝ շքեղ տոնակատարություններով նշեցին, բայց երբ այդ ամենն ավարտվեց, տեսանք, որ բանակում որեւէ բան չի փոխվել: Ավելին, գնալով վիճակը վատացել է: Հիմա եւս այդ կարգի համապետական միջոցառում են անում, որից հետո ազգաբնակչությունը, ողջ հասարակությունը տեսնելու է, որ հետընթացը մեր երկրում էլ ավելի է արագացել:

– Իսկ Դուք ի՞նչ էիք ակնկալում այս ընտրություններից, ինչո՞ւ պիտի իշխանությունը հանկարծ փոխեր իր որակը:

– Այն վիճակը, որում գտնվում է Հայաստանը, պահանջում էր, որ բոլոր քաղաքական ուժերը կանգնեին եւ ասեին՝ սա մեզ ձեռք չի տալիս: Այն վիճակը, որում գտնվում է Հայաստանը, տանում է դեպի հետ. ոչ արտաքին, ոչ ներքին քաղաքականության բնագավառում որեւէ լույս չի երեւում: Սա է հիասթափության գլխավոր եւ արտագաղթի հիմնական պատճառը: Եվ հերթական անգամ փորձել կեղծել ընտրությունը, ես կարծում եմ՝ իշխանությունը կարող է, բայց դա իրենց համար որեւէ իմաստ չի ունենա, որովհետեւ դրանով իրենք կստանան առավել քայքայված տնտեսություն, առավել բարոյալքված ժողովուրդ, առավել մեծ արտագաղթ: Իսկ դա վերջին հաշվով աղետալի է լինելու նաեւ իրենց համար: Դրա համար պետք է գտնել կոնցեպցիան, թե ինչպիսի Հայաստան ենք ուզում ունենալ, եւ այս ընտրությունները տանել այն ճիշտ քայլերով, որոնք անհրաժեշտ կլինեին այդ Հայաստանը ունենալու համար, որոնք անհրաժեշտ կլինեին մեր ժողովրդին: Ապագայի խնդիր պետք է լուծենք, բայց հիմա դա չենք անում: Եվ եթե այսպես շարունակվի, եթե իշխանությունը չսթափվի, ես կարծում եմ՝ մայիսի 6-ից հետո ժողովուրդն է սթափվելու: Քաղաքական մի շարք ուժեր կարծես գաղտնի, ժողովրդի թիկունքում հիմա իրար հետ պայմանավորվածությունների են եկել՝ վճռում են, թե ով է գնալու իշխանության, ով ինչ է ստանալու: Բայց ժողովուրդը սթափվելու է, եւ իշխող վարչախմբի համար ավելի վատ է լինելու:

– Ձեր ասածը կյանքի կոչելու համար նախ՝ ընդդիմադիր քաղաքական ուժերը պետք է կոնսոլիդացվեին, ապա՝ առաջնորդեին ժողովրդին: Բայց դա տեղի չունեցավ. նույն ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» միմյանց դեմ են պայքարելու մեծամասնական որոշ տարածքներում: 100 տոկոսանոց մեծամասնական ընտրություններ անցկացնելու գաղափարի շուրջ ինչ-որ համաձայնությունների եկան ընդդիմադիրները, որը չզարգացավ:

– Բավականին բարդ իրավիճակ էր ստեղծված այդ առումով, չգիտեմ՝ վաղը, մյուս օրը կամ ընտրություններից մի տասն օր առաջ գուցե հնարավոր լինի ինչ-որ բան անել: Եթե ամբիցիաները թողնեն եւ ինչ-որ բան անեն, ապա այս հանցագործ իշխանությունների անվերահսկելի իրավիճակը կարող են ինչ-որ մի հսկողության տակ առնել: Ուշացել են, բայց պետք է անել: Կարող են պլատֆորմ ստեղծել եւ 2013 թվականին վարչախմբին գահընկեց անելու հնարավորությունները հիմա դնել: Իշխանությունն ամեն ինչ անելու է, որ դա չկայանա, բայց պետք է անել:

– Ընտրացուցակներն ամբողջությամբ արդեն հայտնի են, բայց նախնական տեղեկություններով էլ՝ վերլուծություններ եղան, նաեւ տեսակետ հնչեց, որ իշխանական ցուցակներում դրական միտում կա՝ երիտասարդ ինտելեկտուալներ են ներգրավված: Դուք ի՞նչ տպավորություն եք ստացել:

– Ցուցակներն ինձ շատ չեն հետաքրքրել: Աչքիս տակ ընկել է ՀՀԿ-ի ցուցակը: Իմ տպավորությամբ՝ դա ոչ միայն ՀՀԿ-ի ցուցակն է, այլեւ ծրագիրը: Հայաստանի ներկա իրավիճակի արտատպումն է այդ ցուցակներում: Այդ ցուցակով նրանք ժողովրդին ասում են՝ այս իրականությունը, որում դուք ապրում եք, շարունակվելու է, որովհետեւ մեզ այդպես է հարմար: Ինչ ուզում եք՝ արեք, մենք կիրառելու ենք բոլոր ռեսուրսները, օգտագործելու ենք ադմինիստրատիվ ռեսուրսը, կեղծելու նոր տեխնոլոգիաներ ենք հայտնաբերելու եւ իշխանությունը նորից վերցնելու ենք: Դա իրենց ծրագիրն է, թող իզուր չտանջվեն ու նոր ծրագիր կազմեն: Մնացած ցուցակներով, անկեղծ ասած, չեմ հետաքրքրվել:

– ԲՀԿ-ի ցուցակը պակա՞ս հետաքրքրության արժանի էր:

– Ոչ, ԲՀԿ-ի ցուցակն ինձ հետաքրքիր չէ, ինձ հետաքրքիր են ԲՀԿ-ի քայլերը, որոնք առայժմ չեմ տեսնում:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031