Լրահոս
Օրվա լրահոսը

Հավատաքննիչներ

Մարտ 23,2012 13:08

Քանի որ մոտակա շաբաթները կլինեն կուրծք ծեծելու եւ ուրիշների վրա «կեղտ բռնելու» ժամանակաշրջան, կանխատեսում եմ, որ քաղաքական հավակնություն ունեցողները իրար դիմելու են հետեւյալ հարցով. «Դու ի՞նչ ես արել էս ժողովրդի, էս երկրի համար: Այ, ես, օրինակ…»: Հարցադրումը եւ «օրինակը» ինքնին ենթադրում են մի վիճակ, երբ կա ժողովրդին եւ երկրին ծառայելու միայն մեկ ձեւ, մեկ իդեալ, եւ այդ իդեալի լավագույն մարմնավորողը, բնականաբար, հենց նա է, ով նման ճառերով է հանդես գալիս:

Ինչպես Հայաստանում կա գիտելիքների թեստավորման կենտրոն, որի չափանիշներն էլ, ի դեպ, հեռու են իդեալից, այդպես էլ կուսակցություններում եւ հասարակական խմբերում կան ժողովրդավարության, հայրենասիրության եւ կրոնական արժեքների թեստավորման կենտրոններ, ավելին՝ կան մարդիկ, որոնք իրենց համարում եմ միանձնյա թեստավորման կենտրոն: Մինչդեռ աշխարհում կան այդ բոլոր լավ բաներն իրագործելու մի քանի միլիարդ տարբերակներ, եւ ոչ մեկս մեր կողմից կազմված թեստերի միջոցով մյուսին քննելու իրավունքը չունենք:

Ենթադրենք, մեկը ձեզ հարցնում է՝ դուք ժողովրդի կողքի՞ն եք: Աստված գիտի, թե ինչ է դա նշանակում: Կարելի է գտնվել տանը, աշխատավայրում եւ նույնիսկ լողավազանում ու միեւնույն ժամանակ ժողովրդի կողքին լինել, իսկ կարելի է կանգնել Ազատության հրապարակի ուղիղ մեջտեղում եւ հայտնվել ժողովրդից շատ հեռու: Երբ ասում են՝ նրանք, ովքեր այս օրհասական պահին ժողովրդի կողքին չեն, նրանք… (որակումներն ընտրեք ինքներդ), դա ավելի հասկանալի է. «ժողովրդի կողքին»-ը տվյալ դեպքում թարգմանվում է որպես՝ մեր կողքին, մեր թիմի, մեր թայֆայի կողքին, եւ այդ դեպքում ձեզ մնում է կողմնորոշվել՝ արդյոք այս կամ այն թայֆան իրենով մարմնավորո՞ւմ է ժողովուրդը:

Կամ՝ եթե հետաքրքրվեն՝ դուք պայքարե՞լ եք ժողովրդավարության համար, այդ հարցը նույնպես վերացական է հնչում: Գուցե ես ճիշտ տոնայնությամբ երեխայիս նկատողություն անելով կամ ցանկացած կարծիքի դեմ որեւէ նախապաշարված դիրքորոշում չունենալով հենց «պայքարում եմ» (չնայած բառն, իհարկե, սխալ է ընտրված) հանուն ժողովրդավարության: Դարձյալ, եթե հարցը ավելի նեղ դրվի՝ արդյոք ես փողոցում հայհոյե՞լ եմ որեւէ ոստիկանի, թռցրե՞լ եմ նրա գլխարկը կամ պոկել ուսադիրները, ապա պատասխանը անձամբ իմ դեպքում միանշանակ բացասական կլինի:

Բայց քաղաքական ոլորտում նման «հավատաքննչությունը» եթե նույնիսկ մերժելի է, ապա՝ գոնե հասկանալի: Երբ նման թեստավորումն անցկացվում է բուն կրոնի ոլորտում՝ «հավատա այնպես, ինչպես ես եմ հավատում, հակառակ դեպքում դու մեր հավատքի թշնամին ես»՝ դա արդեն, իմ կարծիքով, հակասում է քրիստոնեության էությանը:

Տարբեր տեսակի «հավատաքննիչներ» կան այսօր ԿԸՀ ներկայացված բոլոր համամասնական ցուցակներում: Հենց այդ պատճառով էլ ես ոչ մի ցուցակի էլ կողմ չեմ քվեարկի:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031