Թիվ 33 ընտրատարածքում, որն ընդգրկում է ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանի պապական` Գյումրու Տեքստիլագործների թաղամասը, ինչպես նաև Ամասիան, ու ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի ծննդավայրը` Աշոցքն իր բոլոր գյուղերով, ընտրապայքարի դուրս կգա ՀՀՇ վարչության անդամ, Բավրայի մաքսատան նախկին պետ Շալիկո Զորյանը: Վերջինս թեև ջավախքահայ է, սակայն երկար տարիներ բնակվում է Աշոցքում: Նրան Բրեժնևի կառավարման տարիներին 26 այլ ջավախքահայերի հետ աքսորել են Վրաստանից, քանի որ երիտասարդները հանդգնել են դուրս գալ վրացական իշխանությունների դեմ ու պահանջել Ջավախքը միացնել Հայաստանին. Շալիկո Զորյանն էլ որպես բնակության վայր ընտրել է սահմանամերձ Աշոցքը:
Ղարաբաղյան շարժման առաջին իսկ օրերից կոմիտեի անդամ է եղել, համագյուղացիների բնութագրելով էլ՝ հազար ու մի տեսակ կուսակցություններ են փոխվել, ՀՀՇ-ն խեղճացել է, անարգվել, սակայն Շալիկո Զորյանը այն չի լքել:
Aravot.am-ը մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուից հետաքրքրվեց` ինչպե՞ս է համարձակվում դուրս գալ ամասիացիներին ջայլամի գործ խոստացած Աշոտ Աղաբաբյանի ու ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանի դեմ, ունի՞ հաղթելու շանսեր: «Ձեր հարցը շատ հարաբերական է: Եթե ընտրությունները ընթանան մաքուր, արդար՝ իմ շանսերը շատ մեծ են, եթե իհարկե չշարունակվեն հին պատմությունները` չկրեն ընտրակաշառքներով ու վարչական լծակներով: Բայց ասեմ, ես երբեք չեմ փոխել իմ քաղաքական հայացքները, իմ կուսակցությունը: Իհարկե, ցանկացած կուսակցություն էլ իր թերությունը կունենա, բայց ես կարծում եմ, որ ՀՀՇ–ն միակ ուժն է, որը կարող է փրկել հայրենիքը, ազատագրել Սահմանադրությունը: Թեկնածություն եմ առաջադրել, քանի որ մեր տարածաշրջանի գյուղերը կործանվում են, մասսայաբար դատարկվում են, այնպիսի խայտառակ սոցիալ–տնտեսական վիճակ է, որ մարդիկ ծնելու կովը մորթում են` հաց գնելու համար, այ սրա մասին պիտի մտածել», -ասաց մեր զրուցակիցը:
Ըստ նրա, դեռ հստակ տեղեկատվություն չունի Ամասիայում ու Աշոցքում նախատեսված ընտրակաշառքի գների մասին, բայց ճշտելուն պես պատրաստ է խայտառակ անել կաշառատվությամբ զբաղվողներին:
Կարդացեք նաև
Ի դեպ, թեկնածուն տեղեկացրեց, որ իր ավագ որդին` Արարատ Զորյանը, նախագահական ընտրություններից հետո քաղհալածանքի է ենթարկվել, նրան հետապնդել են, քանի որ Աշոցքում գլխավորել է Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ