Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Անասնագողության մեջ մեղադրողն ու մեղադրանքի սուբյեկտը՝ նույն ընտրացուցակում

Մարտ 23,2012 12:47

«Ես չեմ պատրաստվում «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանին անասնագողության համար դատի տալ, քանի որ անասնագողությունը մեր քաղաքական իրականության մեջ չափազանց տարածված երեւույթ է»,- այս հայտարարությունը 2002 թվականի հունիսի 20-ին հայրենի խորհրդարանում արել է «Ագրոարդյունաբերական ժողովրդական միություն» պատգամավորական խմբի նախագահ Հմայակ Հովհաննիսյանն` այսպես պատկերավոր նկարագրելով այն երեւույթը, որ Արթուր Բաղդասարյանն իր խմբի երկու պատգամավորի համոզել է դառնալ «Օրինաց Երկիր» կուսակցության անդամ:

Հիշեցնենք, որ այդ խումբը «Կայունությունից» վերանվանվեց «Ագրոարդյունաբերական ժողովրդական միավորում», որը ղեկավարում էր ՀԺԿ-ից արդեն հեռացած Հմայակ Հովհաննիսյանը: Իսկ ՕԵԿ նախագահի կողմից «համոզված» պատգամավորները Սամվել Բալասանյանն ու Վռամ Գյուլզադյանն էին:

Ճակատագրի քմահաճույքով, ուղիղ 10 տարի անց, երբեմնի պատգամավորական խմբի նախկին ղեկավար Հմայակ Հովհաննիսյանն ու խմբի նախկին անդամ Սամվել Բալասանյանը «հանդիպել» են միեւնույն կուսակցության` «Բարգավաճ Հայաստանի», համամասնական ցուցակում` հայրենի խորհրդարանում կրկին հայտնվելու ակնկալիքներով: Ի դեպ, երկուսն էլ անցողիկ տեղերում` Հմայակ Հովհաննիսյանը` 9-րդ, Սամվել Բալասանյանը` 5-րդ: Տասնամյա վաղեմության այս պատմությունը վերհիշելով Հմայակ Հովհաննիսյան, ինչպես այն ժամանակ, այպես էլ հիմա գտնում է, որ խումբը բավականին լուրջ միավոր էր դարձել ու, հավանաբար, հենց այդ պատճառով «հրահրեցին դրա պառակտումը»: Հիշեցնենք, որ այդ շրջանում հայրենի քաղաքական դաշտում լրջագույն դերակատարում էր ստանձնել «Միասնություն» դաշինքի ՀՀԿ-ական թեւը:

«1, 5 տարի մենք միասին աշխատել ենք: Սամվել Բալասանյանն իմ ղեկավարած խմբի անդամ է եղել: Հետո, երբ Արթուր Բաղդասարյանը Սամվել Բալասանյանին ու Վռամ Գյուլզադյանին համոզեց, որպեսզի նրանք անդամակցեն նորաբաց «Օրինաց երկիր» կուսակցությանը` ես անհամատեղելի համարեցի նրանց անդամակցությունը խմբին»,- Aravot.am-ի հետ զրույցում վերհիշեց ՀՀ քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը` հավելելով, որ իր կարծիքով, պատմությունն ապացուցեց իր ճշմարտացիությունը. «Ես դեմ էի, որ իմ երկու լավ ընկերներն անդամակցեին ՕԵԿ-ին, նրանց զգուշացնում էի, որ ՕԵԿ-ն իրենց համար ապագա չէ, որ Արթուր Բաղդասարյանն ինչպես վերբովկա է անում մարդկանց, այնպես էլ նրանց հետագայում հիասթափեցնելու է»:

Այդ իրադարձություններից հետո Հովհաննիսյանը հրաժարվեց խումբը ղեկավարել` տեղի տալով նաեւ խմբի անդամների` հրաժարականի պահանջին: «Չէ, անհարմարություն չեմ զգում: Այդ փուլում բավականին չոր խոսակցություն եմ ունեցել Արթուր Բաղդասարյանի հետ, նրան մեղադրել եմ խումբը քայքայելու համար: Լուրջ խոսակցություն եմ ունեցել Սերժ Սարգսյանի հետ, որովհետեւ դեռ այն ժամանակվանից նա հովանավորում էր Արթուր Բաղդասարյանին: Ես ասացի, որ չի կարելի քաղաքական դաշտը վերածել Ջորջ Օրուելի նկարագրած անասնաֆերմայի, որտեղից կատարվում եմ գողություններ: Վկայակոչումներ, մեջբերումներ, ընդամենը դա էր եւ դա ասված էր Արթուր Բաղդասարյանի հասցեին: Ունենալով իշխանության դաբրոն, որ 2003-ի խորհրդարանական ընտրություններում ինքը կունենա ֆավորիտի կարգավիճակ եւ կօգտվի իշխանության հովանավորությունից, Սերժ Սարգսյանը նաեւ տոկոսներն էր երաշխավորել, նա համոզեց Բալասանյանին եւ Գյուլզադյանին, որ հաջորդ խորհրդարանում նրանց մուտքը երաշխավորված կլինի»,- ասում է Հմայակ Հովհաննիսյանը` հարցին` այդ «վկայակոչումներից» եւ «մեջբերումներից» հետո անհարմարություններ չի՞ զգում Բալասանյանի հետ միեւնույն կուսակցության համամասնական ցուցակի անցողիկ տեղերում հայտնվելով: Հովհաննիսյանն ասում է, որ եւ Բալասանյանի, եւ Գյուլզադյանի հետ նաեւ այդ դեպքերից հետո ընկերական հարաբերություններ է ունեցել: «Այսօր Սամվել Բալասանյանը ճիշտ է կողմնորոշվել: Նա այն մարդն է, որն արժանի է, որ նրա ճակատին գրված լինի` «Բարգավաճ Հայաստան»,- եզրափակեց Հովհաննիսյանը:

Այդ իրադարձությունների վերաբերյալ, Սամվել Բալասանյանի մամլո խոսնակ Զոհրապ Եգանյանը Aravot.am-ին հետեւյալ պարզաբանումը ներկայացրեց. «Կարծում եմ` ավելի ճիշտ կլինի հիշել ու առավել ևս հիշեցնել տարիներ առաջ տեղի ունեցած դրական իրադարձությունները և ոչ տարբեր իրավիճակներում միմյանց հանդեպ հնչեցված վիրավորական և բացասական արտահայտությունները: Եթե ժամանակին նույնիսկ եղել են վիրավորական արտահայտություններ Սամվել Բալասանյան քաղաքական գործչի հասցեին, ապա դրանք նույն պահին ստացել են համարժեք պատասխան, իսկ ինչ վերաբերվում է ներկայումս պարոն Բալասանյանի և Հմայակ Հովհաննիսյանի հարաբերություններին, ապա ասեմ, որ դրանք լավ են` ինչպես և հարիր է նույն թիմի մեջ գտնվող երկու գործիչների: Ազգային Ժողովում ներկայացված են տարբեր քաղաքական ուժեր ու տարբեր հայացքների տեր անկախ պատգամավորներ ու ցավոք չի կարելի բացառել, որ կլինեն լարված իրավիճակներ, ինչը և ժամանակ առ ժամանակ վերածվում է միմյանց հանդեպ հնչող անձնական վիրավորանքների: Նման իրավիճակներից ապահովագրված չի և ոչ մի խորհրդարան»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031