Հատված ԲՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանի հետ հարցազրույցից:
-Այն, որ ԲՀԿ-ի, ՕԵԿ-ի ու ՀՀԿ-ի բազմաթիվ մեծամասնական թեկնածուներ են իրար հետ մրցակցելու, հերքում է կանխատեսումը, թե ընտրատարածքները բաժանված են: Սակայն կարծիքներ են հնչում, թե համամասնական ընտրակարգում ներկոալիցիոն մրցակցություն չի կարող լինել:
-Մեծամասնականներում, հավաստիացնում եմ, բացարձակորեն որեւէ փոխպայմանավորվածություն չկա ու լինել չի կարող: Կա միայն մեկ՝ մարդկային ու քաղաքացիական բնույթի բնականոն պայմանավորվածություն, որ ընտրությունները չվերածվեն դժոխքի, որ մրցակիցները հանուն մանդատի կամ նեղ կուսակցական շահերի, չոչնչացնեն միմյանց: Հակառակ պնդումը կամ գործողությունը քաղաքական պարզ սպեկուլյացիա է:
Թե մեծամասնական ու թե համամասնական ընտրակարգում բոլոր նրանք, ովքեր արդեն մտքով պարտվել են, իրենց պարտության արդարացումներն են որոնում: Եթե այդ մարդիկ չեն հավատում, որ ազատ ու արդար ընտրություններ են լինելու, ապա ինչո՞ւ են մասնակցում ընտրություններին:
Մեր ժողովուրդն ամեն ինչ տեսնում է ու հասկանում է: Մեր երկրում էլիտաները չեն կարող պայմանավորվել՝ ի հաշիվ ժողովրդի: Մեր ժողովուրդը ոչ մի բանից չի վախենում, այլ իմաստնորեն լռում է եւ կատարելով իր ընտրությունը՝ ամեն ինչ իր տեղն է դնելու: Իսկ ազատ ու արդար ընտրությունների պատասխանատուն են մեր քաղաքական դաշտի բոլոր հիմնական ուժերը:
Արդյունքում ինչպիսի խորհրդարան էլ ձեւավորվի, այդ խորհրդարանն է ստանձնելու պետության քաղաքական պատասխանատվությունը:
Գեւորգ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Հայոց աշխարհ»