Ընդամենը 5 տարի առաջ, այսինքն՝ ԱԺ նախորդ ընտրությունների ժամանակ, համամասնական ընտրակարգով մասնակցության հայտ էր ներկայացրել 23 քաղաքական ուժ՝ 22 կուսակցություն եւ մեկ դաշինք։ Այժմ` ընդամենը 9։ Հընթացս նկատենք, որ «նախկիններից»՝ այս անգամ բացակայում են «Նոր ժամանակները», ԱԺՄ-ն, «Ազգային համաձայնությունը», Ժողովրդական կուսակցությունը։
Ակնհայտ է, որ խորհրդարանում ներկայացված լինելու հայտ ներկայացրած ուժերի քանակությունը նվազել է։ Սակայն դրականն այն է, որ դա տեղի է ունեցել ուժերի այսպես ասած՝ խոշորացման հաշվին։ Ըստ որում, տարիներ շարունակ մեզանում քննարկվում էր հանրության համար ոչ այնքան ընկալելի ավելի քան 70 կուսակցություն գրանցված լինելու պարագան եւ այն անհրաժեշտությունը, որ պետք է քաղաքական դաշտում տեղի ունենա կուսկազմակերպությունների խոշորացում։ Կարելի է ասել, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները եւս մեկ քայլ կլինեն այդ գործընթացի զարգացման ճանապարհին։
Դա, ի վերջո, թույլ կտա ունենալ առավել հստակ քաղաքական-գաղափարական ուրվապատկեր, իսկ քաղաքականապես ակտիվ քաղաքացիների ներուժն էլ կհամախմբվի, ասենք, ընդամենը մեկ տասնյակ կուսակցությունների, միավորումների շրջանակներում, այլ ոչ թե կկոտորակվի։ Մի խոսքով, խոշորացումը, ինչպես կարծում են մի շարք փորձագետներ, բարերար ազդեցություն կարող է ունենալ քաղաքական դաշտի առողջացման վրա։
Մյուս կողմից, ընտրողների քվեները չեն փոշիանա, ասենք, երկու տասնյակ ուժերի միջեւ, ինչպես դա տեղի ունեցավ 2007-ին, երբ քվեարկությանը մասնակցած քաղաքացիների շուրջ 25 տոկոսի ձայները, ըստ էության «կորան», քանզի նրանց նախընտրած ուժերն ընդամենը 1-2 կամ 0,5 % ստացան, ինչն ԱԺ-ում ներկայացված լինելու հնարավորություն չի տալիս («անցողիկ» է 5%-ը՝ կուսակցությունների եւ 7%-ը՝ դաշինքների համար)։
Իսկ դա, համաձայնեք, հետագայում որոշակի դժգոհությունների խմորման լուրջ նախադրյալ է. ի վերջո, այդ ցածր տոկոս ստացածների տոկոսների հանրագումարը 2007-ին հավասարվում էր ընտրողների 1/4-ին, ինչը պատկառելի թիվ է։
Ա. ՀԱԿՈԲՅԱՆ
«Հայոց աշխարհ»