«Թութունի քարտեզագրքում» բերված սարսափազդու վիճակագրությունը ծխելու վնասակար սովորություն ունեցող հարյուր միլիոնավոր մարդկանց հասցեագրված սթափության կոչ է։
«Թութունի քարտեզագիրքն» առաջին անգամ 2002-ին է հրատարակվել։ Այս ընթացքում ծխախոտ օգտագործելու հետեւանքով աշխարհում մահացել է 50 միլիոն մարդ։
Անցած տասնամյակում մարդիկ ընդհանուր հաշվով ծխել են 43 տրիլիոն սիգարետ։
2010 թվականին ծխախոտ արտադրող վեց խոշոր ընկերությունների ընդհանուր եկամուտը կազմել է 35 միլիարդ դոլար, ինչն ավելին է, քան «Կոկա-Կոլա»-ի, «Մայքրոսոֆթ»-ի եւ «ՄըքԴոնալդս»-ի ընդհանուր եկամուտը։
Կարդացեք նաև
Եթե լիներ «Մեծ Թութունստան» պայմանական անվամբ մի երկիր, դրա համախառն ներքին արդյունքը հավասար կլիներ Լեհաստանի, Սաուդյան Արաբիայի, Շվեդիայի կամ Վենեսուելայի ՀՆԱ-ին։
Տարեկան ծխախոտից մահանում է 6 միլիոն մարդ, ամեն զոհից ծխախոտ արտադրողը ստանում է միջինը 6 հազար դոլար։ Ընդ որում, սիգարետի զոհերի շուրջ 80 տոկոսը ցածր եւ միջին եկամուտով երկրներից են։
Եթե այս միտումը շարունակվի, ապա, ըստ «Թութունի քարտեզագրքի» 4-րդ հրատարակության հեղինակների, 21-րդ դարում ծխախոտից կմահանա մեկ միլիարդ մարդ` մեկ մահ ամեն վեց վայրկյանում։
Թութունի օգտագործումը տղամարդկանց շրջանում մահացության 15, իսկ կանանց շրջանում` 7 տոկոսի պատճառն է։
Չինաստանում տարեկան 1 միլիոն 600 հազար մարդ է մահանում սիգարետից։ 2030 թվականին դա կհասնի երեքեւկես միլիոնի։
Ծխախոտամոլությունն արդեն անվանում են պանդեմիա` համատարած վարակ։
Մասնագետների կարծիքով, ծխախոտի արտադրության տարեկան եկամուտը կարող է հասնել կես տրիլիոն դոլարի։
Հայաստանի մասին այս զեկույցում տվյալներ չկան, սակայն, ըստ մասնագետների, երկրում ծխախոտի օգտագործումն ունի չափազանց մեծ տարածում` դրանից բխող բոլոր ողբերգական հետեւանքներով։
Արմեն Քոլոյան
«Ազատություն» ռադիոկայան