Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաղաքական բրիգադիրներ» Ռուսաստանում

Մարտ 23,2012 11:28

Ռուսաստան - Վլադիմիր Պուտինի կողմնակիցների հանրահավաքը Մոսկվայի կենտրոնում, 5-ը մարտի, 2012թ.

Ռուսաստանի աշխատանքային շուկայում վերջին ամիսներին նոր բիզնես է ծաղկում՝ պահանջվում են «բրիգադիրներ»՝ քաղաքական հանրահավաքներում վճարովի մասնակիցներ գտնելու համար, գրում է ամերիկյան Time-ը, որի լրագրողները հետաքննություն են իրականացրել՝ այս բիզնեսի առանձնահատկություններն ու գները պարզելու համար։ 

Արեւմտյան լրագրողները փաստում են, որ վերջին ամիսներին Ռուսաստանում ընդդիմությունն ու իշխանությունը սկսել են յուրօրինակ «դուելներ» կազմակերպել՝ հանրահավաքների տեսքով. ընդդիմության յուրաքանչյուր հանրահավաքից հետո իշխանությունը փորձում է ի պատասխան առավել մարդաշատ ցույց անցկացնել։

«Հանրահավաքային այս շոու-շքերթը իր գագաթնակետին հասավ մարտի 4-ին, երբ հազարավոր մարդիկ հավաքվեցին Մոսկվայի կենտրոնում՝ ընտրված նախագահ Վլադիմիր Պուտինին իրենց աջակցությունը հայտնելու համար։ Իշխանության կողմից վերահսկվող հեռուստաընկերությունների տեսախցիկներն այդ գիշեր արձանագրում էին հավաքվածների տպավորիչ, անգամ ֆանատիկ աջակցությունը Պուտինին, մինչդեռ տեղում իրական պատկերն այդքան էլ միանշանակ չէր», – փաստում է Time-ը։

Պուտինի ելույթից մեկ ժամ անց, մասնավորապես, արեւմտյան լրագրողները հետեւել են դեպի մետրոյի կայարան շարժվող ցուցարարների մի խմբի եւ ականատես դարձել, թե ինչպես են նրանք հերթ կանգնում մոտավորապես 10 դոլարի չափ գումար ստանալու համար։

«Ոստիկանները ողջ այդ ընթացքում կանգնած էին ոչ շատ հեռու եւ ուղղակի հետեւում էին. քաղաքական միտինգի համար մարդկանց փող վճարելը հանցագործություն չի համարվում», – փաստում է լրագրողը եւ շարունակում. – «Քաղաքական բրիգադիրից» փող ստացողների մեծ մասը թոշակառուներ էին կամ ուսանողներ, որոնց համար 10 դոլարն անգամ չնչին գումար չէ եւ շատերի դեպքում ամսական եկամտի մեկ քառորդն է կազմում»։

Արեւմտյան լրագրողները պարզել են նաեւ, որ «վճարովի ցուցարարների» մեծ մասին «բրիգադիրները» հավաքագրում են Massovka.ru ինտերնետային էջի միջոցով։

Երկու շաբաթ տեւած որոնումների արդյունքում Time-ի լրագրողները հանդիպել են նաեւ այդ կայքի «բրիգադիրներից» մեկին, ով համաձայնել է խոսել՝ պայմանով, որ կնշվի միայն անուն-հայրանունը՝ Սերգեյ Վասիլեւիչ։

«Մոսկովյան սրճարաններից մեկում կազմակերպված հանդիպմանը նա եկավ հաշվապահական մատյանն ու սովորական խաղաթղթերի կապուկը ձեռքին։ Վասիլեւիչի խոսքով, խաղաթղթերը ծառայում են որպես անձը հաստատող յուրօրինակ վկայական. ցույցերից հետո «վճարովի մասնակիցներից» յուրաքանչյուրը հանձնում է իրեն տրված քարտն ու ստանում խոստացված գումարը», – պատմում է Time-ը։

Ընդ որում, «բրիգադիրի» խոսքով, խորհրդարանական ու նախագահական ընտրություններից առաջ այս ծառայություններից օգտվել են ոչ միայն Պուտինի աջակիցները, այլեւ քաղաքական մյուս ուժերը, այդ թվում՝ Սերգեյ Միրոնովի «Սպրավեդլիվայա Ռոսիա»-ն («Արդար Ռուսաստան») ու Վլադիմիր Ժիրինովսկու ղեկավարած Լիբերալ դեմոկրատական կուսակցությունը։

Բազմամարդ ցույցեր կազմակերպելուց բացի, «բրիգադիրի» խոսքով, իրենք նաեւ ձայներ են գնում ու «կարուսելներ» կազմակերպում ընտրությունների ժամանակ։

Թե ով է կանգնած այս ամենի ետեւում՝ դժվար է ասել. – «Սերգեյի խոսքով, իր նման բրիգադիրների ու անմիջական պատվիրատուների միջեւ առնվազն հինգ միջնորդ է կանգնած», – նշում է Time-ը։ «Դա, թերեւս, կազմակերպում են Պուտինի աջակիցները, իսկ նա չգիտի՝ ինչպես են այդ հավաքներն իրականում կազմակերպվում», – ասել է «բրիգադիրը»։

«Մայիսի 5-ին՝ նախագահի երդմնակալությունից երկու օր առաջ, ռուսաստանյան ընդդիմությունը ուզում է մեկ միլիոն մարդու փողոց դուրս բերել։ Պուտինի աջակիցները, ամենայն հավանականությամբ, կուզենան համարժեք պատասխան տալ, ինչը նշանակում է, որ բրիգադիրների բիզնեսը, թերեւս, շարունակելու է ծաղկում ապրել», – հոդվածի վերջում փաստում է Time-ը։

Հեղինե Բունիաթյան

«Ազատություն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031