Մեծամասնական ընտրակարգ. չնայած թեկնածությունների առաջադրման նախօրեին այս ընտրակարգի դեմ ծավալված քաղաքական պայքարին՝ բոլոր կուսակցությունները՝ թե իշխանական եւ թե ընդդիմադիր, մեծամասնականով մասնակցության հայտ են ներկայացրել։ Ընդ որում, չնայած նախնական սպասումներին, ընդդիմությունն այս հարցում միասնականություն չդրսեւորեց, եւ, փաստորեն, բացի իշխանության թեկնածուներից, այս ընտրակարգով էլ նրանք նաեւ միմյանց դեմ են պայքարելու։ Ի տարբերություն իշխանական երկու ուժերի ու հատկապես ՀՀԿ-ի՝ ընդդիմությունը հենվեց ինտելեկտուալ, քաղաքականապես ակտիվ շրջանակների վրա։ Մեծամասնական ընտրությունները վերածվում են մի կողմից ինտելեկտի ու քաղաքականության, մյուս կողմից՝ փողի ու զոռբայության միջեւ յուրօրինակ մրցակցության։ Իշխանությունը, ընտրատարածքներում առաջադրելով թաղային հեղինակությունների, քրեական շրջանակների, ֆինանսական ու մարդկային հսկայական ռեսուրսների տիրապետող անձանց, ցույց տվեց, որ վերարտադրման կոնկրետ նպատակ ունի եւ այս հարցում ապավինում է հենց մեծամասնական ընտրակարգին։ Իշխանական մյուս ուժերի՝ այս ընտրակարգով առավել համեստ առաջադրումները ցույց տվեցին, որ ԲՀԿ-ն ու ՕԵԿ-ը Հանրապետական կուսակցությանն ու նախագահին տալիս են դա ապահովելու լիարժեք հնարավորություն։ Նրանց միջեւ այս ընտրակարգում մրցակցությունը լոկալ, առանձին տեղերում նույնիսկ ձեւական բնռւյթ է կրելու։ Բայց դրան զուգահեռ, այս ընտրակարգում ինտրիգի պակաս չի լինելու, եւ դա ապահովելու են այն մի խումբ լրագրողները, որոնք իրենց թեկնածությունն առաջադրեցին այնպիսի ընտրատարածքներում, որոնք համարվում էին դրանցում իշխանության առաջադրած հզոր օլիգարխների «բոստանը»։
Գեւորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ
«Երկիր»