Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ իշխանությունները, ոչ ընդդիմությունը չկարողացան համաձայնության գալ

Մարտ 23,2012 00:21

Ընդամենը մեկ տարի առաջ կոալիցիոն կուսակցությունները՝ ՀՀԿ-ն ԲՀԿ-ն եւ ՕԵԿ-ը, մի նոր հուշագիր ստորագրեցին, որտեղ հայտարարեցին, թե «միասնական են եւ նպատակ չունեն գալիք խորհրդարանական ընտրություններում իրենց քաղաքական կշիռն ավելացնել միմյանց դեմ պայքար ծավալելու եւ կոալիցիայի ներսում ուժերի հարաբերակցությունը փոխելու հաշվին»: Սույն հուշագիրը թեեւ մնում է ուժի մեջ, սակայն` միայն թղթի վրա: Իսկ ահա գործնականում իրավիճակն այլ է: Դատելով այս կուսակցությունների մեծամասնական ընտրակարգով առաջադրումներից՝ կոալիցիայի կուսակցությունները միմյանց դեմ, այնուամենայնիվ,  պայքարելու են:

Նույն վիճակն է նաեւ ընդդիմության ճամբարում, եւ որքան էլ ընդդիմադիր ուժերը հայտարարում են համախմբման, միմյանց դեմ թեկնածուներ չառաջադրելու եւ նույնիսկ մեկ միասնական թեկնածուների պաշտպանելու մասին (ընդդիմադիր դաշտից այդպիսի հայտարարություն էլ է հնչել), միեւնույնն է՝ նրանք էլ միմյանց հետ ընտրապայքարի մեջ մտնելուց չեն հրաժարվում:

Ահա այսպիսի եզրահանգման գալու համար բավարար է միայն թռուցիկ աչքի անցկացնել մեծամասնական ընտրատարածքներում արդեն առաջադրված թեկնածուների ցանկը:

Օրինակ՝ Ավանի թիվ 1 ընտրատարածքում առայժմ առաջադրված 4 թեկնածուներից երկուսը ընդդիմության ներկայացուցիչներ են՝ ՀԱԿ-ից Գայանե Առուստամյանն ու «Ժառանգությունից» Ստեփան Սաֆարյանը: Թիվ 3 ընտրատարածքում առաջադրումներ են արել իշխանական կոալիցիայի բոլոր երեք կուսակցությունները՝ Մհեր Շահգելդյան՝ ՕԵԿ, Արթուր Ստեփանյան՝ ՀՀԿ, Աշոտ Տոնոյան՝ ԲՀԿ:

Թերեւս ամենախուճուճ վիճակն այս իմաստով ստեղծվել է Արաբկիրի թիվ 4 ընտրատարածքում, որտեղ ե’ւ իշխանություններն են իրար դեմ պայքարելու, ե’ւ ընդդիմությունը, ավելին՝ ՀՀԿ-ականներն` իրար դեմ, «Ժառանգությունն» ու նրա դաշնակից «Ազատ դեմոկրատները»` իրար : Հիշեցնենք, որ այստեղ առաջադրվել են միանգամից երկու ՀՀԿ-ականներ՝ Արմեն Եփրեմյան եւ Արտակ Սարգսյան («ՍԱՍ-ի Արտակ»),  եւ երեք ընդդիմադիրներ՝ ՀՀՇ-ական Արամ Մանուկյանը, «Ժառանգությունից» Զարուհի Փոստանջյանն ու Սաթիկ Սեյրանյանը, ով ակնկալում է «Ազատ դեմոկրատների» աջակցությունը:

Թիվ 5 ընտրատարածքում էլ մրցակցելու են երկու ընդդիմադիրներ՝ նախկին քաղբանտարկյալ Սուրեն Սիրունյանն ու ՀԱԿ-ական Հովհաննես Հովհաննիսյանը: Այստեղ իշխանությունը մեկ՝ ՀՀԿ-ական թեկնածու ունի:

Թիվ 6-ում առաջադրվել են մեկական ԲՀԿ-ական ու ՀՀԿ-ական, իսկ թիվ 7-ում իրարից ձայներ են խլելու կամ չեն խլելու «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն ու ՀԱԿ-ի կողմից առաջադրված Նիկոլ Փաշինյանը:  Թիվ 8-ում միմյանց հետ մրցակցելու են ՀՅԴ-ական Արթուր Եղիազարյանն ու ՀԱԿ-ական Վահանգն Խաչատրյանը: Թիվ 9-ում միմյանց դեմ պայքարելու են ե՛ւ իշխանությունները, ե՛ւ ընդդիմությունը: Այստեղ առաջադրվել են ԲՀԿ-ական Նապոլեոն Ազիզյանն ու հանրապետական Ռուբեն Սադոյանը, «Ժառանգությունից» Ռուբեն Հակոբյանն ու ՀԱԿ-ից Լեւոն Զուրաբյանը: Ունիկալ վիճակ է թիվ 12 ընտրատարածքում: Այստեղ առաջադրված 6 թեկնածուներից 4-ը ընդդիմադիրներ են` «Ժառանգությունից» Անահիտ Բախշյանը, ՀՅԴ-ից՝ Կառլեն Գեւորգյանը, մեր գործըներ «ՉԻ» լրագրող  Գոհար Վեզիրյանն ու ՀԱԿ-ից Տիգրան Տեր-Պետրոսյանը:

Ցանկը շարունակելի է, եւ մենք այն անպայման կշարունակենք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031