Բալասանյանների ընտանիքին պատկանող Գյումրու գարեջրի գործարանի լաբորատորիայի վարիչ, մասնագիտությամբ ֆիզիկոս, անկուսակցական Հայկ Սուլթանյանը թիվ 35 ընտրատարածքում ընտրապայքարի է դուրս եկել Սամվել Բալասանյանի դեմ, որն, ըստ հավաստի տեղեկությունների, նրա մոտ ընկերն է: Սա բնականաբար զարմացրել է գյումրեցիներին, ովքեր սկսել են պնդել, թե Բալասանյանը փորձում է թոզ փչել եվրոպացիների աչքերին, ապացուցել, որ ինքն էլ մրցակից ունի:
Այսօր Aravot.am-ը այս թեմայով պարզաբանումներ խնդրեց Հայկ Սուլթանյանից: Նրան փոխանցեցինք Գյումրիում պտտվող խոսակցությունները, որին ի պատասխան թեկնածուն ասաց. « Ի՞նչ կապ ունի, որ ես աշխատում եմ Բալասանյանների մոտ: Ես դիմում եմ գրել, իմ հաշվից արձակուրդ վերցրել, տեղեկացրել եմ, որ ուզում եմ առաջադրել իմ թեկնածությունը, գործարանի տնօրինությունն էլ մարդկայնորեն, նորմալ ընդունել է: Ես ուղղակի ուզում եմ փորձել իմ ուժերը: Ասեմ, որ Բալասանյանների հետ նորմալ, մարդկային հարբերությունների մեջ եմ»:
Ի դեպ, թիվ 35 ընտրատարածքն ընդգրկում է Բալասանյաններին պատկանող գարեջրի գործարանի տարածքը ու Ախուրյանը` իր գյուղերով: Մենք արդեն հրապարակել ենք այն փաստը, որ հունվարին ընտրատարածքներում փոփոխություններ կատարվեցին ու Բալասանյանի համար թիվ 35 ընտրատարածք մտցրեցին այն գյուղերը, որտեղ ԱԺ փոխնախագահն գյուղացիներին թանկարժեք նվերներ էր արել` հակակարկատային կայաններ էր տեղադրել: Ի դեպ, նա չի նեղացրել նաև իր գյումրեցի ընտրազանգվածին` որպես ամանորյա նվեր նրանցից շատերի բնակարաններում արբանյակային անտենա է կախել:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Կարդացեք նաև