Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը հայտարարություն է տարածել

Մարտ 22,2012 23:17

Քիչ առաջ ԱԺ ընտրություններին մեծամասնական ընտրակարգով մասնակցող եւ Հայ ազգային կոնգրեսի կողմից թիվ 7 ընտրատարածքում առաջադրված «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորեւ.

Ես` Նիկոլ Փաշինյանս, երեկ մեծամասնական ընտրակարգով ԱԺ պատգամավորի թեկնածու եմ առաջադրվել Երեւանի թիվ 7 ընտրատարածքում: Հենց այս ընտրատարածքում առաջադրվելը բխում է Հայ ազգային կոնգրեսի շրջանակներում, դրանից առաջվա իմ քաղաքական գործունեության տրամաբանությունից, Ազատության հրապարակում ՀՀ քաղաքացիների առաջ ստանձնած պարտավորություններից, Համաժողովրդական շարժման հետագա պայքարի տրամաբանությունից` այսօր, այստեղ հիմա´ պայքարել Հանուն Ազատ եւ Երջանիկ Հայաստանի, այսօր, այստեղ, հիմա´ պայքարել ընդդեմ քաղաքացուն ստրկացրած համակարգի, այսօր, այստեղ, հիմա´ հավատալ Հայաստանի քաղաքացուն եւ նրա ապագային, այսժամը, այսօրը, հիմա´ն դարձնել ապագայի մեկնարկային հարթակ:

Հավատում եմ, որ քաղաքական գործչի առաքելությունը ոչ այնքան փոխելն է, որքան փոխելու հնարավորություն ստեղծելը, ոչ թե հայրենիք կերտելը, այլ հայրենիք կերտելու հնարավորություն ստեղծելը, ոչ թե ազատություն շնորհելը, այլ ազատություն ձեռքբերելու հնարավորություն ստեղծելը` յուրաքանչյուր քաղաքացու, քաղաքացիների հավաքականություն ժողովրդի համար: Ինչպես Հայ ազգային կոնգրեսի կողմից մեծամասնական կամ համամասնական ընտրակարգով ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրված յուրաքանչյուր գործչի, այնպես էլ իմ հիմնական առաքելությունը սրանում եմ տեսնում. հաստատվել, լինել, ինքնառաջադրվել որպես այլընտրանք` ընդդեմ կանխորոշված հուսահատության եւ հուսահատ կանխորոշվածության:

Ոչ այնքան ուզում եմ պատգամավոր ընտրվել այս ընտրատարածքից, որքան պատգամավոր ընտրելու հնարավորություն ստեղծել Քաղաքացու համար: Թեեւ այս ընտրատարածքի մանդատով մարդ կա խորհրդարանում, բայց ընտրողները չունեն պատգամավոր, որովհետեւ պատգամավոր` նշանակում է լինել ընտրողի, քաղաքացու, ժողովրդի պատգամի, կամքի, ցանկության կրող: Դեռ մինչեւ մի քանի ժամ առաջ թիվ 7 ընտրատարածքի ընտրապայքարի ֆավորիտ համարվող ոչ անհայտ Սամվել Ալեքսանյանը (Լֆիկ Սամո) վերջին հինգ տարին անց է կացրել խորհրդարանում` որպես նույն ընտրատարածքի պատգամավոր` ու ոչ մի անգամ ելույթ չի ունեցել, ոչ մի անգամ հարց չի տվել կառավարությանը, չորրորդ գումարման ԱԺ-ում տեղի ունեցած 2 հազար 164 քվեարկություններից բացակայել է 1642 անգամ (բացակայությունը 76 տոկոս), իր մասնակցությամբ «պատված» հատուկենտ քվեարկությունների 99.9 տոկոսում «կողմ» է եղել, չնայած դեռ պետք է պարզել` դա ի՞նքն է քվեարկել, թե իր փոխարեն են քվեարկել:
Սա այն ընտրատարածքներից է, որտեղ քոչարյանասերժական կլանի ստեղծած համակարգը խտանում է բոլոր մռայլ գույներով եւ այստեղ լինելը ինձ համար ոչ միայն քաղաքական այլեւ քաղաքացիական պարտավորություն է: Այդ պարտավորությունների կատարմանը նվիրված ենք անմնացորդ, այդ պարտավորությունների կատարման հորձանուտ մտնում ենք առանց սեթեւեթանքի, որովհետեւ ասելիք ունենք ՀՀ քաղաքացուն, ՀՀ քաղաքացին ասելիք ունի մեզ: Տեղի է ունենալու Մեծ խոսակցություն, եւ հաղթելու է Հայաստա´նը, հաղթելու է Քաղաքացի´ն, հաղթելու է Ազատությո´ւնը: Բարով ես գալիս` Ապագա´:

Հ.Գ. Սա իմ հայտարարությունն է, որ պատրաստել էի թիվ 7 ԸԸՀ-ում պատգամավորի թեկնածու առաջադրվելուց հետո: Որոշեցի այն հրապարակել երբ ԿԸՀ-ն պաշտոնապես կհրապարակի առաջադրվածների ցանկը: Չեմ թաքցնի, ինձ համար կատարյալ անակնկալ էր առաջադրվածների ցանկում Րաֆֆի Հովհաննիսյանի անունը տեսնելը: ԸԸՀ եմ մտել մոտավորապես 16.50-ին, այնտեղից դուրս եմ եկել 17-ն անց ինչ-որ բան, ու այդ պահի դրությամբ Րաֆֆի Հովհաննիսյանը առաջադրված չէր: Ինձ համար շատ ավելի մեծ անակնկալ է այն, որ խորհրդարանական կուսակցության ղեկավարը ԱԺ պատգամավորի թեկնածու է առաջադրվում ոչ թե կուսակցության որոշմամբ, այլ ինքնառաջադրմամբ, եւ հանրությունը խորհրդարանական խմբակցության լիդերի առաջադրման մասին իմանում է ոչ թե կուսակցության հաղորդագրությունից, կամ լրատվական հաղորդագրություններից, այլ ԿԸՀ ամփոփագրից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031