Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանները 24 ժամվա ընթացքում հայտնաբերեցին առանձնակի դաժանությամբ սպանություն կատարողին

Մարտ 22,2012 22:45
Այսօր՝ մարտի 22-ին, ոստիկանության Արտաշատի բաժին է բերման ենթարկվել մի երիտասարդ:
Ինչպես Արարատի մարզից Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված երիտասարդը Արարատի մարզի Ջրաշեն համայնքի բնակիչ, 23-ամյա Գևորգ Սարգսյանն է:
Ֆոտոլրագրող Գ. Շամշյանը հայտնում է, որ երիտասարդը բերման է ենթարկվել նախորդ օրը Ջրաշեն գյուղում առանձնակի դաժանությամբ կատարված սպանության կասկածանքով:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը , երեկ՝ մարտի 21-ին, զարհուրելի սպանություն էր տեղի ունեցել Արարատի մարզում: Իր տան մեջ հայտնաբերվել էր 74-ամյա թոշակառու Չինար Խուդոյանի դիակը՝ պարանոցի, կրծքավանդակի և որովայնի շրջաններում կտրած-ծակած բազմաթիվ վերքերով:
Կատարված սպանությունը բացահայտելու համար ողջ գիշեր աշխատել են ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնի, ոստիկանության Արարատի մարզային վարչության և ոստիկանության Արտաշատի բաժնի աշխատակիցները՝ մի քանի խմբերով:
Հսկայական աշխատանք կատարելուց հետո առանձնակի դաժանությամբ կատարված սպանությունը բացահայտվեց:
Ոստիկանության օպերատիվ-քննչական խումբը եղել է Լոռու, Շիրակի, Վայոց Ձորի, Արագածոտնի և Սյունիքի մարզերում:
Ֆոտոլրագրողին  հայտնի է դարձել նաև, որ հայտնաբերվել է սպանվածի՝ «Սամսունգ» տեսակի բջջային հեռախոսը, որը հանցագործությունից հետո սպանություն կատարողն իր հետ տարել էր:
Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօր.-ի 104 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի (առանձնակի դաժանությամբ կատարված սպանություն) հատկանիշներով:
Ոստիկանության Արտաշատի բաժնի բակում հավաքված ջրաշենցիները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին պատմել են, որ հանցագործը արդեն ինքնախոստովանական ցուցմունք է տվել և մանրամասն պատմել, թե ինչպես է կատարել ոճրագործությունը:
Սպանությունը կատարելու ժամանակ սպանվածը դիմել է Գևորգին՝ ասելով. «Գևորգ ջան, մի՛ արա, մի՛ արա», սակայն կասկածյալը շարունակել է դանակի բազմաթիվ հարվածներ հասցնել իր զոհին, իսկ վերջում, վախենալով, որ կինը կարող է հետագայում ճանաչել իրեն, կտրել է կոկորդը:
Սպանությունից հետո  Գևորգ Սարգսյանը դուրս է եկել սպանվածի տնից, ապա մի որոշ ժամանակ անց վերադարձել և արդեն մահացածի մարմնի վրա դրել իր կողմից գրված՝ հայտնի գրությունը «Էս քո տղու համար: Ինքը տարավ մեր փողերը: Ես էլ խլեցի քո կյանքը: Հաջորդը մարդդ ա»: Նա այդ գրությունը գրել էր, որպեսզի շեղի իրավապահներին՝ կասկածը շեղելով պարտատերերի կողմը:
Այս պահին Գևորգ Սարգսյանի տունը գտնվում է  ոստիկանության Արտաշատի բաժնի աշխատակիցների խիստ հսկողության տակ, քանի որ իրավապահները մտավախություն ունեն, որ կարող է տեղի ունենալ վրեժխնդրություն, որովհետև սպանվածն ու սպանություն կատարողը հարևաններ են:
Քննիչի որոշմամբ, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ հետքաբանական, մատնադրոշմային, ձեռագրաբանական և դիակի դատաբժշկական:
Նախաքննության շահերից ելնելով՝ ֆոտոլրագրողը որոշ մանրամասներ չի հայտնում:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031