Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ ներկայացուցիչը հարցումներին չի վստահում

Մարտ 22,2012 21:55

«Հայաստանի եվրոպացի Բարեկամներ» կազմակերպությունն այսօր հրապարակել է 2012թ. փետրվարի 29-ից մարտի 5-ը ընկած ժամանակահատվածում, հատուկ ընտրանքով ընտրված թվով 1602 քաղաքացիների շրջանում անցկացված հարցախույզի արդյունքները, որոնց համաձայն, այն հարցին, թե ո՞ւմ կտայիք ձեր ձայնը, եթե ԱԺ ընտրությունները կայանային այս կիրակի, հարցվածների 27%-ը նշել է ԲՀԿ-ին, 25%-ը՝ ՀՀԿ-ին: ՀՅԴ-ն, ՕԵԿ-ը, «Ժառանգությունն» ու ՀԱԿ-ը ստացել են հարցվածների միայն 3%-ի քվեն: Ի դեպ, երկրորդ քվեով՝ եթե իր նախընտրած կուսակցությունը չմասնակցի ընտրություններին, հարցումների համաձայն այս նույն ուժերի դասավորությունը հետեւյալ տեսքն ունի. ԲՀԿ՝ 15, ՀՀԿ՝ 11, ՀՅԴ եւ ՕԵԿ 4-ական տոկոս, «Ժառանգություն»` 3 եւ ՀԱԿ` 2 տոկոս: Ըստ նույն հարցումների, հարցվածների 78 տոկոսն առավելապես տեղեկացված է ԲՀԿ-ի մասին` 78 տոկոսը, ՀՀԿ-ի մասին՝ 71, ՕԵԿ-ի մասին՝ 51, ՀՅԴ-ի վերաբերյալ՝ 34, «Ժառանգության» եւ ՀԱԿ-ի մասին՝ համապատասխանաբար հարցվածների 26 եւ 16 տոկոսը:

ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ եւ կուսակցության մամուլի խոսնակ Սպարտակ Սեյրանյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, թե հակված չէ որեւէ հարցում մեկնաբանել: Նա նաեւ պատճառաբանեց, թե ինչու. «Ընդհանրապես բոլոր ընտրությունների նախաշեմին, որպես կանոն, թե հայաստանյան եւ թե օտարերկրյա հետազոտական կենտրոններն ու սոցոլոգիական հաստատությունները տարբեր հարցախույզներ են անցկացնում ու կանխատեսումներ անում, բայց գրեթե միաժամանակյա անցկացված այդ բոլոր կանխատեսումներում մեջբերված թվերն երբեմն այնքան շատ են իրարից տարբերվում եւ այդ տարբերությունն այնքան շատ մեծ է լինում, նաեւ ընտրություններից առաջ նախատեսվող եւ հետո հրապարակած թվերը որեւէ կապ ու առնչություն չեն ունենում ընտրությունների արդյունքում հրապարակված թվերի հետ»:

ՀՅԴ ներկայացուցիչն բոլոր նրանց, ովքեր այսօր ինչ-որ հարցումների արդյունքեր ու կանխատեսումներ, թվեր են հրապարակում, առաջարկեց, որ ընտրություններից հետո հենց իրենք մեկնաբանեն, թե ավելի վաղ իրենց հրապարակած թվերը ինչո՞ւ չստացվեցին: «Դա վերաբերում է եւ հայաստանյան, եւ օտարերկրյա հետազոտական կենտրոններին: Հիշեցնեմ, որ նույն բանը 2007-ին ես առաջարկել եմ հայաստանյան մի սոցիոլոգի, որը կանխատեսում էր, որ ՀՅԴի համար քվեարկելու է 3,5 տոկոս: Ընտրություններից հետո ես նրան առաջարկեցի, որ ինքը մեկնաբանի, թե ինչպե՞ս եղավ, որ այդ ընտրությունների արդյունքում Դաշնակցությունը 13 տոկոսից բարձր քվե ստացավ»,- հայտարարեց Սպարտակ Սեյրանյանը:

Սեյրանյանը մեր հարցին ի պատասխան ասաց, թե իհարկե, կուսակցությունն էլ իր հարցումներն է անում, ընդ որում՝ պարբերաբար, տարբեր հետազոտություններ է անցկացնում, բայց դրանք ներկուսակցական օգտագործման համար են: Ինչ վերաբերում է հայաստանյան հասարակության կողմից Դաշնակցության մասին տեղեկացվածությանը, որը ըստ այս հետազոտության հարցվածների 34 տոկոսն է կազմել, Սեյրանյանն ասաց. «Ինչ-ինչ, բայց գոնե այս հարցում ոչ ոք չի կարող ասել, որ չափացանցում եմ, բայց գոնե Դաշնակցության մասին հայության շրջանում ճանաչելիության խնդիր չունենք»:

Նաիրա ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031