Մարտի 22-ին պատգամավորության թեկնածուների առաջադրման ժամկետի վերջին օրը թիվ 41 ընտրատարածքում, որի կենտրոնը Իջեւան քաղաքն է, նոր առաջադրումներ չեղան: Հիշեցնենք, որ այստեղ իրենց կուսակցությունների կողմից առաջադրվել են «Երեւանի գարեջուր» ՓԲԸ խորհրդի նախագահ , վերջերս ՀՀԿ-ին անդամագրված Հակոբ Հակոբյանը, Հայաստանի մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիթ Հակոբյանը, «Օրինաց երկիր» կուսակցության Տավուշի մարզային կազմակերպության ղեկավար, Տավուշի մարզպետի տեղակալ Վահե Վարդապետյանը: Ինքնառաջադրմամբ հանդես էր եկել անկուսակցական, Բերդի «Թագազարդ» ադամանդագործական ընկերության նախկին տնօրեն, այժմ մասնավոր ձեռնարկության մատակարար Սպարտակ Հարությունյանը: Վերջինիս թեկնածությունը պաշտպանում է Հայ ազգային կոնգրեսը:
Թիվ 40 ընտրատարածքում, որի կենտրոնը Նոյեմբերյանն է, առաջադրումները սկսվեցին մարտի 21-ից: Այդ օրը թեկնածու առաջադրվեց «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ» ընկերության բանվորուհի, 1966թ. ծնված, անկուսակցական Սուսաննա Աբրահամյանը: Մարտի 22-ին պատգամավորության թեկնածու առաջադրվեցին Նոյեմբերյանի ավագանու անդամ, գործարար, 1984թ. ծնված Վարուժան Բաբաջանյանը եւ «Ինտերնեշնլ Մասիս տաբակ» ընկերության տնօրեն, 1975թ. ծնված Մարինե Մարաբյանը: Վերջինս ավարտել է ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետը, արաբերենի մասնագետ է, տիրապետում է 6 լեզուների: Նա 1999թվականից աշխատում է «Գրանդ հոլդինգում»: Վ. Բաբաջանյանը եւ Մ. Մարաբյանը անկուսակցականներ են: Ժամը 17-անց 35-ի սահմաններում իր թեկնածությունն առաջադրեց «Էյ-Ի-ՋԻ-Սերվիս» ՍՊԸ Տավուշի մարզային ծառայության տնօրեն, անկուսակցական, 1953թ. ծնված Երվանդ Չիլինգարյանը: Այս ծառայությունն իրականացնում է գազի ներտնային սպասարկում: Ե.Չիլինգարյանը նախկինում աշխատելէ որպես Իջեւանի եւ Նոյեմբերյանի ոստիկանապետ: Տավուշի մարզի 2 ընտրատարածքներում էլ հետաքրքիր մրցակցություն է սպասվում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ